Հայաստանում երկաթուղու աշխատակիցները դադարեցրել են գործադուլը․ գնացքների երթևեկությունը վերականգնվել է
Հայաստանում եռօրյա կոլապսից հետո վերականգնվել է երկաթուղու աշխատանքը։ «Հարավկովկասյան երկաթուղիների» ղեկավարությունը որոշակի զիջումների է գնացել աշխատավարձերի բարձրացման հարցում։
Կոնցեսիոն պայմանագիրը նշանակում է պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկության վերակառուցում ներդրողի միջոցների հաշվին։ Ներդրող ընկերությունը հնարավորություն է ստացել շահագործելու ձեռնարկությունն ու եկամուտ ստանալու՝ իհարկե, պետությանը հարկեր վճարելով։
• Մոսկվա-Սուխում/ի-Թբիլիսի-Երևան
Տեղի ունեցածի մանրամասները
Գործադուլին մասնակցող Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները պահանջում էին 30 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը։
Երկաթուղու աշխատակիցների գործադուլի պատճառով հոկտեմբերի 22-ից ամբողջությամբ դադարեցվել էր գնացքների երթևեկությունն, այդ թվում՝ նավթամթերքի և հացահատիկի փոխադրումները։ Այդ մթերքը Հայաստանն արտահանում է, և մատակարարումների խաթարումը կարող էր լուրջ տուգանքների բերել։
«Ռուսական երկաթուղիների» ղեկավարությունը հանդիպել է բողոքող աշխատակիցների հետ գործադուլի երրորդ օրը։
Հանդիպումից հետո ընկերության ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ 2019թ-ի 9 ամիսների ընթացքում բեռնա- և ուղևորափոխադրումների ծավալը զգալիորեն աճել է, և դա «Հարավկովկասյան երկաթուղիներին» թույլ է տալիս մեքենավարների աշխատավարձերը միջինում 19 տոկոսով ավելացնելու։
Միաժամանակ, պարապուրդի պատճառով ընկերությունը կորցրել է 140 մլն դրամ եկամուտ։ Դա նշանակում է, որ ընկերության համար դժվար կլինի կատարել տարեկան պլաններն, ինչն, իր հերթին, կասկածի տակ է դնում բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։
Սակայն հանդիպման արդյունքում հետևյալ որոշումն է կայացվել․
• 2019թ-ի նոյեմբերի 1-ից բոլոր աշխատակիցների աշխատավարձների տասը տոկոս ինդեքսավորման մասին նորմատիվային ակտ մշակել,
• տնօրենների խորհրդին ներկայացնել 2020թ-ի հունվարից 5 տոկոսով լոկոմատիվային բրիգադների ժամավճարների բարձրացման մասին հարցը,
• հաշվի առնելով ընկերության աշխատանքի դրական արդյունքները՝ բոլոր աշխատակիցներին պարգևավճարների վճարում նախատեսել։
Այդ նույն հաղորդագրությունում ասվում է, որ մեքենավարների աշխատավարձը 2019թ-ին արդեն բարձրացվել էր և կազմել 354 հազար դրամ (շուրջ 740 դոլար)։ Իսկ լոկոմոտիվների մեքենավարների աշխատավարձի և Հայաստանում միջին աշխատավարձի հարաբերակցությունը կազմում է 198,6%, այսինքն՝ երկաթուղու աշխատակիցները գրեթե կրկնակի ավելին են ստանում։
Ռուսական ընկերությունը կարող է լքել Հայաստանը
«Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատակիցների գործադուլը «Ռուսական երկաթուղիների» շուրջ միակ ինտրիգը չէ։ Մեկ ամիս առաջ ռուսական լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին, որ ընկերությունը պատրաստվում է խզել պայմանագիրը Հայաստանի իշխանությունների հետ։ Դա յան դեպքում, որ Հայաստանի երկաթուղիները «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման հանձնված երեսուն տարի ժամկետով, այսինքն՝ ժամկետի ավարտին դեռ 19 տարի կա։
Հաղորդվում է, որ նման որոշման պատճառն այն փաստն է, թե իբր Հայաստանն արգելափակում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատանքը։
Ենթադրաբար, խոսքը «Հարավկովկասյան երկաթուղիների» դեմ քրեական գործի մասին է։ Ընկերության գրասենյակում այս տարվա օգոստոսին խուզարկություններ անցկացվեցին հարկերի չվճարման կասկածանքով։
Հայաստանի Քննչական կոմիտեն նաև քրեական գործ է հարուցել տրանսպորտի նախկին փոխնախարարի դեմ, կասկածանքով, թե նա թաքցրել է երկաթուղիներում բացահայտված խախտումները։
Քննչական կոմիտեն շարունակում է ստուգել ընկերության տասը տարվա գործունեությունը՝ ստուգելով պայմանագրով խոստացված ներդրումների արդյունավետությունը։ Ի դեպ, ընկերության խոստացած ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 572 մլն դոլար, որոնցից 220-ը պլանավորվում էր ծախսել առաջին հինգ տարում։