Հայաստանում հեղափոխությունից հետո գրանցվել է կաշառակերության առաջին դեպքը
Հայաստանում կալանավորվել է Պետեկամուտների կոմիտեի երեք աշխատակից։ Նրանք բոլորը մեղադրվում են կաշառակերության մեջ։
Ո՞վ և որքա՞ն է վերցրել
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ն, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ն և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ն 1 միլիոն դրամ կաշառք են ստացել:
Քննության տվյալներով՝ կոմիտեի աշխատակիցները, նախնական համաձայնության գալով, խախտումների համար անհիմն մեղադրել են հայ գործարարներից մեկին և նրանից 1 մլն դրամ կաշառք պահանջել։
Փողը փոխանցելու ժամանակ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները ձերբակալվել են ոստիկանության կողմից։
Իրավիճակն արդեն մեկնաբանել է կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Նա հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցում կաշառակերությունը համակարգային բնույթ չի կրում։ Նա ընդգծել է նաև, որ այդ ձեռբակալվածները աշխատել են կոմիտեում նաև մինչ իր կողմից կոմիտեն գլխավորելը։
«Իմ օրոք կատարվել են ռոտացիոն վերանշանակումներ։ ․․․Այսինքն՝ պաշտոնյաները նոր չեն եղել, վաղուցվա աշխատողներ են։ Նրանք պարզապես վերանշանակվել են ռոտացիայի միջոցով։ Իհարկե, մարդիկ կան, որ չեն գիտակցում՝ նոր իրողություն ասելն ինչ է ու դրան համապատասխան աշխատելն ինչ է նշանակում, սակայն աշխատակազմի հիմնական հատվածը նոր իրողության համապատասխան է աշխատում։ Բայց կան իրավիճակներ, որ մեր տեսադաշտից դուրս են մնում»։
Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում հեղափոխությունից հետո
Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և ուժային կառույցների նրա նշանակած ղեկավարները սկսել են կոշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ։ Կոռուպցիոն բացահայտումների շարք սկսվեց, որի արդյունքում ձերբակալվեց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը։
Կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև Երևանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապշած է նախորդ իշխանությունների ներկայացուցիչների շրջանում կոռուպցիոյի մասշտաբներով․
«Դա պարզապես աներևակայելի է։ Իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է թալանի իրական մասշտաբների համեմատ, որ Հայաստանում տեղի է ունեցել և տեղի է ունենում»։
Հայաստանում երկար տարիներ լուրեր էին պտտվում, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը «փայ էր կազմում» խոշոր բիզնեսներում և ստանում ընդհանուր եկամտի 50%-ը։ Եվ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է նաև «50 տոկոսի» թեմային.
«Ոչ ոք անպատիժ չի մնալու։ Իրավապահ մարմիններն ուղղակի ուժասպառության եզրին են, մեկ-մեկ ասում են` կլինի՞ օրվա երկրորդ կեսին, կիրակի կոռուպցիայի դեմ չպայքարենք»։
Հայաստանում այլևս կոռուպցիա չկա
Այս պայքարի որոշակի փուլում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։
«Սա չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ և չեն լինելու: Ես դա ձեզ երաշխավորում եմ անձամբ»:
Պետեկամուտների կոմիտեի երեք աշխատակիցների կալանքը պետական կառույցներում կաշառակերության առաջին դեպքն է հեղափոխությունից հետո։