Հայաստանում գերադասում են լռել երեխայի նկատմամբ սեռական բռնության մասին
Սեռական բռնություն երեխաների նկատմամբ
Հայաստանում վերջին 5 տարիներին երեխաների բռնաբարության 25 դեպք է եղել։ Տարեկան միջինում սեքսուալ բնույթի տարատեսակ հանցագործությունների 75 դեպք է գրանցվում։ Միևնույն ժամանակ փորձագետները պնդում են՝ սա ամբողջական պատկերը չէ։ Երեխաների նկատմամբ սեռական բռնության թեման շարունակում է տաբու լինել։ Այն աստիճան, որ հաճախ ծնողները գերադասում են թաքցնել երեխայի հետ կատարվածը և չդիմել իրավապահ մարմիններին։
Անձնական պատմության, վիճակագրության և փորձագետի հետ զրույցի միջոցով պատմում ենք Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին։
- «Երեխան արժե 15-25 հազար եվրո»․ ինչպես են հայ երեխաներին վաճառել արտասահմանցիների
- Կյանք կյանքի դիմաց. երեխա ունենալու հնարավորություն պատերազմում որդի կորցրած հայ ծնողներին
- Դեպոպուլյացիա Հայաստանում․ չծնված աղջիկներ, զոհված տղաներ, համավարակ
«Կմեծանաս, կմոռանաս։ Իսկ եթե ո՞չ»
«Մենք մի վատ խոսք ունենք՝ «կմեծանաս, կմոռանաս»։ Այդպես փորձում ենք մխիթարել երեխաներին, երբ նրանց հետ մի տհաճ բան է տեղի ունենում։ Ինձ մոտ հակառակն էր․ մեծացա ու հիշեցի։ Ես շուրջ 30 տարի չէի հիշել դեպքերը, որ տեղի էին ունեցել իմ կյանքում, ու, ըստ էության, հետագայում անդառնալիորեն ազդել անձնական կյանքիս վրա»,- ասում է 36-ամյա Անին՝ հիշելով իր նկատմամբ տեղի ունեցած սեռական ոտնձգությունն ու տասնամյակներ տևած իր լռությունը։
Անին ծնվել և մեծացել է Երևանում, արվարձային հանգիստ ու խաղաղ միջավայրում, որտեղ երբեք որևէ վտանգ չի զգացել, ինչպես և իր ծնողները։ Պատմում է՝ 25-30 տարի առաջ ինքն ու մյուս երեխաներն օրվա մեծ մասը բակում էին անցկացնում, խաղում, միմյանց հյուր գնում։
«Դժվար է պատկերացնել ավելի անվտանգ միջավայր, քան փոքրիկ թաղամասը, ուր բոլորն իրար ճանաչում են։ Հիշում եմ, որ մեր փողոցում նոր բնակիչներ հայտնվեցին։ Վարձով էին ապրում հարևաններից մեկի տանը։ Նրանք իմ տարիքի աղջիկ ունեին, որին գրեթե երբեք թույլ չէին տալիս բակում խաղալ։ Հայրն ասում էր՝ ընկերներիդ մեր տուն բեր։ Այդպես ես էլ մի քանի անգամ նրանց տուն գնացի։ Ինչ-որ կերպ հասկանում էի, որ այս մարդիկ նման չեն իմ ընտանիքին, բայց ես շատ փոքր էի այդ տագնապային ազդանշանները հասկանալու համար։
Հիշում եմ, որ մի անգամ, երբ մենք այդ աղջկա հետ խաղում էինք, նրա հայրը մեզ հետ նույն սենյակում նստած էր, հետո վեր կացավ և սկսեց մերկանալ։ Ամբողջությամբ մերկ մի քանի րոպե կանգնեց մեր դիմաց, հետո ասաց, որ գնում է լոգանք ընդունելու։ Գնաց բաղնիք և չփակեց դուռը։ Մեկ ուրիշ անգամ, արդեն փողոցում, ինձ կոնֆետ հյուրասիրեց։ Երբ մոտեցա նրան, տաբատի ճարմանդը բաց էր, սեռական օրգանը դուրս։ Բարեբախտաբար, կողքի տներից մարդիկ դուրս եկան, և նա անակնկալի եկավ։ Մինչև հիմա շատ հստակ հիշում եմ բառերը՝ «արի սա իր տեղը դնենք դեռ»»,– պատմում է Անին։
Հիմա է հասկանում՝ դրանք իր լռությունը փորձարկելու ձևեր էին, որոնք նախապատրաստում էին հաջորդ քայլերը, որոնք, հավանաբար, տեղի կունենային, քանի որ ինքն իր հետ կատարվածի մասին ոչինչ չէր պատմել ծնողներին։ Բարեբախտաբար, կարճ ժամանակ անց նոր հարևանները տեղափոխվեցին այդ թաղամասից։
Անին ասում է՝ այս պատմությունը հիշել է միայն հոգեբանի հետ երկար ու ծանր աշխատանքից հետո, 32 տարեկանում։ Ու չգիտի՝ ինչու է այսքան տարի ինքն իրենից թաքցրել այս դեպքերը․
«Մինչև ամուսնուս հանդիպելը՝ երբեք չէի մտածել այն մասին, որ ֆիզիկական մտերմությունն ինձ համար ամենասարսափելի բանն է, որ կարող է լինել։ Սրանից առաջ, իհարկե, հանդիպել եմ տարբեր տղամարդկանց հետ, շփվել, բայց հարաբերությունները երբեք չէին հասել այդ հանգրվանին։ Ես ահավոր վախենում էի սեքսուալ հարաբերություններից, որովհետև դրանք ինձ համար միշտ բռնության նման մի բան են եղել։
Երբ հանդիպեցի ապագա ամուսնուս, երբ հասկացանք, որ մեր հարաբերությունները լրջանում են, ստիպված էի վախերիս մասին պատմել նրան։ Հետո հասկացա, որ չեմ կարողանում հաղթահարել վախերս, որ դա, ի վերջո, քայքայելու է իմ ընտանիքն ու սերը, և դիմեցի հոգեբանի։ Երկար աշխատանքից հետո հիշեցի այս դեպքերը։ Հոգեբանի աջակցությունն ու ամուսնուս համբերատարությունը օգնեցին ինձ լիարժեք ապրել»։
Անին կարծում է՝ ինքն ու իր նման երեխաները հատկապես անպաշտպան են, որովհետև նրանց սովորեցնում են լուռ ու համեստ լինել, չհակաճառել և միշտ լսել մեծահասակներին․
«Մեծերին ենթարկվելը ամենավատ բանն է, որ կարելի է սովորեցնել երեխային։ Փոխարենը մեր երեխաներին պետք է սովորեցնենք, որ նրանք ամեն ինչ կարող են մեզ պատմել՝ առանց ամաչելու ու վախենալու: Կարող են գոռալ, երբ վախենում են, կարող են թույլ չտալ, որ իրենց դիպչեն, անգամ բարեկամները, եթե դա նրանց դուր չի գալիս։ Սրանք շատ պարզ բաներ են, որ կարող են փրկել մեր երեխաներին»։
- Աննկատ բռնություն. ինչո՞ւ Հայաստանում չեն բացահայտվում թրաֆիքինգի դեպքերը
- Բուլինգի «հայկական առանձնահատկությունը»․ անհանդուրժողականություն տարբերվողների նկատմամբ
Թվեր, որոնց մասին գերադասում են լռել
Ըստ ՀՀ ոստիկանության ներկայացրած տվյալների՝ 2021 թ․-ին երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի հանցագործության 16 դեպք է արձանագրվել, 2022 թ․-ի առաջին կիսամյակում՝ 7։
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում անչափահասների բռնաբարության 25 դեպք է արձանագրվել․ 2017 թ․–ին՝ 9, 2018 թ․-ին՝ 4, 2019 թ․-ին՝ 2, 2020 թ․-ին՝ 8, 2021 թ․-ին՝ 2:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների՝ կոմիտեում 2016 թ․-ին քննվել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնության 88 դեպք, 2017 թ․-ին 99, 2018 թ․-ին՝ 76, 2019 թ․-ին 91-ը, 2020 թ․-ին 77-ը, իսկ 2021 թվականի միայն առաջին կիսամյակում՝ 57։
Վիճակագրության նման տարբերության պատճառն այն է, որ Հայաստանում չի գործում տվյալների հավաքագրման միասնական բազա, որը թույլ կտար նույնականացնել դեպքերը և ստանալ հստակ պատկեր:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2022 թ․-ին գրանցվել է
- անչափահասների բռնաբարության 2 դեպք,
- երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 6,
- սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1,
- 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության 11,
- անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների 17 դեպք։
Երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրում են հիմնականում ընտանիքի անդամները
Ի տարբերություն մյուս կառույցների, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնում» դեպքերը հիշում են երեխաների անուններով, ոչ թե թվերով։ Սա Հայաստանում գործող միակ կազմակերպությունն է, որը զբաղվում է սեռական բռնության ենթարկված անձանց աջակցությամբ։
«Սեռական բռնությունը, ինչպես սեռականության հետ կապված ամեն բան, մեզանում դեռ շատ փակ է։ Հասարակությունը սեռական բռնությունն ընկալում է ոչ թե որպես արատավոր երևույթ, այլ ամոթալի։ Անգամ երեխաների նկատմամբ կատարված բռնությունը, հնարավորության դեպքում, ծնողները գերադասում են թաքցնել՝ կատարվածին իրավական լուծում տալու փոխարեն։
Մեր երկրում ընդհանրապես սեռական բռնության տրավմայի հետ կապված ընկալում չկա, մինչդեռ այն այնքան ուժեղ է, որ համեմատելի է, օրինակ, աղետների կամ պատերազմական տրավմաների հետ։ Լռելով կատարվածի մասին՝ ծնողները զրկում են իրենց երեխային մասնագիտական և անգամ բժշկական աջակցություն ստանալու հնարավորությունից»,- ասում է կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը։
Գործունեության ընթացքում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնում» սարսափելի ծանր դեպքերի են ականատես եղել։ Տաթևիկ Աղաբեկյանը բացատրում է՝ Հայաստանում մի քանի գործոն կա, որ հեշտացնում է երեխաների նկատմամբ սեռական բռնության գործադրումը։ Առաջինը սեռական դաստիարակության պակասն է, երեխայի հետ ոչ ոք չի խոսում մարմնի սահմանների մասին․
«Երեխայի նկատմամբ սեռական բռնության ամենածանր դրսևորումները միանգամից չեն լինում․ բոլոր բռնարարները ինչ–որ ստուգման գործընթացով են սկսում։ Եթե երեխան տարրական գիտելիքներ ունենա իր մարմնի սահմանների մասին, իմանա, որ որևէ մեկը իրավունք չունի ձեռք տալ իր մարմնի որոշակի հատվածների, տեսնել դրանք, և ինքը ևս չպետք է տեսնի ուրիշ մարմնի այդ մասերը, նրա համար շատ ավելի հեշտ կլինի արձագանքելը այդ վտանգներին։ Եվ, եթե ծնողի հետ էլ վստահության մթնոլորտ կա, շատ դեպքերում հնարավոր է լինում կանխել երեխայի նկատմամբ բռնությունը»։
Երկրորդ գործոնը, ըստ փորձագետի, «մեծերի աշխարհն» է․ մեծահասակներն առավել հակված են լսել և հավատալ միմյանց, քան հարազատ երեխաներին, որոնք չափազանց զգոն են ծնողների արձագանքին։ Այդ պատճառով էլ, չհասկացված լինելու վախից, երեխաները նախընտրում են լռել․
«Որպես կանոն, երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրում են ընտանիքի անդամները՝ հարազատ կամ խորթ հայրերը, պապիկները, զարմիկները կամ մյուս հարազատները։ Երրորդ գործոնը, որի միջոցով բռնարարները կարողանում են լռեցնել երեխային, վախն է։ Եվ, քանի որ մենք մեր երեխաներին շատ ենք վախեցնում, և հաճախ դա անում ենք մյուսների ներկայությամբ, երեխայի շրջապատում շատերը գիտեն այդկերպ նրան կառավարելու ձևերը»։
Սեռական բռնության դեմ պայքարի հիմնական խոչընդոտը, սակայն, մնում են կարծրատիպերը։ Մարդիկ վստահ են՝ դա պատահում է միայն որոշակի խմբի անձանց հետ, և իրենք ու իրենց երեխաները երբեք այդ խմբում չեն լինի։
«Օրեր առաջ մարզերից մեկում 7–ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնության դեպք էր գրանցվել։ Դրա մասին իմանալուց հետո համայնքի բնակիչները գնացել էին դպրոցի տնօրենի մոտ՝ երեխային դպրոցից հեռացնելու պահանջով։ Մեկ այլ հարց է, թե ինչո՞ւ է երեխայի բժշկական գաղտնիքը բուժքույրերից մեկի միջոցով հասանելի դարձել ամբողջ համայնքին։ Բայց այս դեպքը հստակ ցույց է տալիս. մենք պատրաստ չենք առերեսվել իրականության հետ, որ որևէ մեկը ապահովագրված չէ դրանից»,- ասում է փորձագետը։
Ո՞վ կարող է օգնել
Տաթևիկ Աղաբեկյանը շեշտում է՝ երեխաների նկատմամբ սեռական բռնությանն արձագանքելու բավարար հմտություններ և մեխանիզմներ չունի ո՛չ իրավական համակարգը, ո՛չ կրթական․
«Մենք դեպք ունեինք, երբ երեխան սեռական բռնության հետևանքով ֆիզիկական խնդիրների առջև էր կանգնել և, բնականաբար, չէր կարողանում դպրոց գնալ։ Դպրոցում նրա հեռացման հարցն էր դրվել՝ բացակաների պատճառով։ Մինչդեռ բռնության ենթարկված երեխային չի կարելի կտրել իր միջավայրից, որովհետև դա նրա կողմից ընկալվում է որպես պատժի ձև, այդպիսով նրա մոտ տպավորություն է ստեղծվում է, թե մեղավորն ինքն է եղել»։
Բացի այդ, չկա երեխայի անձնական կյանքի գաղտնիությունը երաշխավորելու որևէ մեխանիզմ։ Բռնության ենթարկված երեխային անվճար բուժօգնություն ստանալու համար ուղղորդում են համայնքային պոլիկլինիկաներ՝ առանց ստուգելու՝ արդյոք դրանք համալրվա՞ծ են անհրաժեշտ սարքավորումներով, հնարավո՞ր է արդյոք ապահովել երեխայի անանունությունը և այլն։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» նախագահն ասում է՝ իրավապահ մարմինների նկատմամբ անվստահություն է ձևավորվել․
«Իրավապահ համակարգում չկա խնդրի գիտակցում։ Բոլոր գործերը քննվում են՝ ինչպես կքննվեր գողությունը։ Տպավորությունը է, որ ամբողջ համակարգն աշխատում է տուժողի սուտը բռնելու, մեղքի բեռը նրա ուսերին թողնելու վրա։ Որպես օրինակ ուղղակի նշեմ, որ տարիներ առաջ երեխայի նկատմամբ սեռական բռնության դեպք ունեինք։ Գործը վարում էր կին քննիչը, որը մեր հոգեբանին միայն մեկ հարց էր տվել, թե ինչպե՞ս է կարելի բռնել երեխայի սուտը։ Փաստորեն՝ սա նրան անհանգստացնող միակ բանն էր եղել երեխայի հետ աշխատանքում։ Այսինքն՝ նրանց համոզմունքը մեկն է՝ երեխան խաբում է»։
Այսօր Հայաստանում սեռական բռնության ենթարկված անձանց որևէ ծառայություն չի մատուցվում պետության կողմից։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» թեժ գծի հեռախոսահամարն է +374 77 99 12 80։
Սեռական բռնություն երեխաների նկատմամբ