Հայաստանում աշխատող ուսանողների ուսման վարձը կհատուցվի աշխատավարձից գանձվող եկամտահարկով
Հայաստանում պետությունը կփոխհատուցի բուհերում սովորող աշխատող ուսանողների ուսման վարձը՝ նրանց աշխատավարձերից գանձվող եկամտահարկի վերադարձի հաշվին։ Այս օրինագծին հունվարի 15-ին հավանություն է տվել Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը։
Նախագիծը դեռ նախատեսվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողների համար և այն մասնագիտություններով, որոնք երկրի տնտեսության զարգացման համար կարևոր են համարվում։ Մասնավորապես, խոսքն այն մասնագետների մասին է, որոնք աշխատելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շինարարության ոլորտում։
Բոլոր մանրամասները․ ո՞վ կարող է օգտվել նոր արտոնություններից, և ինչո՞ւ են կառավարությունում դրանց դեմ։
• Համընդհանուր ներառական կրթությունը Հայաստանում։ Հիմնարար բարեփոխո՞ւմ, թե՞ չմտածված փորձարկում
• Միևնույն դասարանում՝ սովորական և առանձնահատուկ երեխաներ։ Այսպես են փորձում անել Հայաստանում
Ի՞նչ նպատակ ունի նախագիծը
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլն» իշխող խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանել է օրինագծի ընդհանուր փիլիսոփայությունը․
«Երբեմն նաև մագիստրատուրայում ուսանողների վարձավճարը հոգում են ծնողները, ընտանիքները, և մենք գտնում ենք, որ այդ տարիքում ուսանողներն այն կարգավիճակում են, որ կարող են և աշխատել և հոգալ իրենց ուսման վարձը: Նաև հոգեբանություն, մոտեցում է ձևավորվում, որը կարող է վարակիչ լինել այլ ոլորտների համար»։
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է․
«Սկզբում նախագիծը վերաբերում էր նաև բակալավրիատի ուսանողներին, սակայն, քանի որ առայժմ չի ընդունվել Կրթության մասին օրենքը, այս փուլում նախատեսում ենք այդ կարգավորումը կիրառել մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար»։
Պատգամավորը նշել է նաև, որ առաջարկվող արտոնությունը սկզբնական փուլում գործելու է կառավարության կողմից ընտրված որոշակի մասնագիտությունների վրա։ Խոսքն այն ոլորտների մասին է, որոնք պետության տնտեսության զարգացման համար առաջնահերթություն են հայտարարվել։
Եթե օրինագիծն ընդունվի խորհրդարանի կողմից, ապա այն ուժի մեջ կմտնի արդեն 2020 թ-ի սեպտեմբերի 1-ից։
Ո՞վ է դեմ
Դեմ է արտահայտվել կառավարության անդամ, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Նրա խոսքով՝ օրինագիծը պետության համար լրացուցիչ բեռ է լինելու։
Փոխնախարարը նշել է, որ կրթության ոլորտը ԱԱՀ-ով չի հարկվում, բյուջեն այդտեղ զգալի գումարներ է կորցնում։ Մասնավորապես, 2020 թ-ին, ըստ Պողոսյանի, դրանք գնահատվում են 26,9 մլրդ դրամ (56 մլն դոլար)։ Պողոսյանը կասկած է հայտնել, թե բյուջեն կկարողանա հաղթահարել նաև այս նոր բեռը։
Տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ այս հարցն ավելի նպատակահարմար է քննարկել կրթության հարցերով հանձնաժողովում։ Չէ՞ որ տնտեսագետները պետք է նախագիծը գնահատեն հենց տնտեսական արդյունավետության տեսանկյունից։ Իսկ կրթությունն այն ոլորտն է, որն այլ մոտեցում է ենթադրում․
«Այդուհանդերձ [չնայած դրան , որ մոտ հեռանկարում օրինագիծը տնտեսական արդյունավետություն չի ենթադրում], ես կողմ կքվեարկեմ ու հանձնաժողովի անդամներին էլ կոչ կանեմ կողմ քվեարկել»։
Արդյունքում՝ նախագիծը ստացել է տնտեսական հարցերով հանձնաժողովի հավանությունն և կքքնարկվի խորհրդարանի մոտակա նստաշրջանին։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթում նոր օրինագիծը դրական արձագանք է ստացել։ Ահա մի քանի մեկնաբանություն․
«Ընդհանրապես այնպես պետք է լինի, որ ուսանողն ուսման ընթացքում չաշխատի և իր ժամանակը տրամադրի ուսմանը»։
«Թող որքան հնարավոր է արագ օրենքն ընդունեն»։
«Սպասում ենք օրենքի ընդունմանը»։
«Իսկ բակալավրիատի ուսանողների վրա ինչո՞ւ չի տարածվում այս արտոնությունը։ Մեզնից շատերն աշխատում են արդեն 1-2-րդ կուրսից»։