«Հայաստանն ու Ադրբեջանը լուծում են նույն խնդիրը՝ փորձում են մանևրել». կարծիք
Սահմանազատման հանձնաժողովի հանդիպման չեղարկում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտարարել էր, թե Երևանը երկու անգամ չեղարկել է սահմանազատման ու սահմանի անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպումները: Պաշտոնական Երևանն՝ ի դեմս արտաքին գործերի նախարարության, հերքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ «հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել»:
Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների ֆոնին վարչապետ Փաշինյանի աշխատակազմը տեղեկացրել է, որ մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունենալու նրա հանդիպումը Ալիևի հետ:
Երևանի և Բաքվի իրարամերժ հայտարարությունները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Ալիևի հայտարարությունը
Հայաստանը երկու անգամ չեղարկել է սահմանազատման ու սահմանի անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ նախապես համաձայնեցրած հանդիպումները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման հայտարարություն է արել Լիտվայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Հիշեցնելով ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումն ու ձեռքբերված պայմանավորվածությունները՝ Իլհամ Ալիևն ասել է, թե առաջին հանդիպումը հայկական կողմը չեղարկել է վերջին օրը՝ ապրիլի 29-ին: Երկրորդ՝ մայիսի 7-11-ին հանդիպելու առաջարկն, ըստ նրա, Երևանը պարզապես մերժել է, ինչը «շատ հիասթափեցնող է»:
«Նման անպատասխանատու դիրքորոշումն, իհարկե, մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահն ու հավելել, որ Բաքուն շարունակում է Հայաստանից սպասել «աշխատանքի մեկնարկի որևէ նոր ժամկետ»։
Անցած ամիս Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Բրյուսելում պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողով։ Ավելի ուշ կողմերը հայտարարել էին, որ համաձայնեցրել են հանձնաժողովի կառուցվածքը։
Հայաստանի արտգործնախարարը վերջերս Դուշանբեում Լավրովի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել էր, որ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 16-17-ը, Մոսկվայում: Նիստը, սակայն, այդպես էլ չկայացավ: Չեղարկման կամ հետաձգման վերաբերյալ հայտարարություններով Երևանն ու Բաքուն հանդես չեն եկել:
Երևանի արձագանքը
Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակը նշել է, որ «հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել»:
«Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ Երևանի և Բաքվի հայտարարություններն ու գնահատականները տարբերվում են իրարից: Վերջին հայտարարությունները նա դիտարկում է դիրքային պայքարի տրամաբանության շրջանակներում։
«Կողմերը փորձում են քաղաքական շատ ավելի մեծ համատեքստ ունեցող գործընթացում ապահովել սեփական շահերի սպասարկումը և իրենց բանակցային՝ մեկնարկային դիրքերի ամրացումը»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ դիրքային պայքար կա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև միջնորդական հավակնություն ունեցող խոշոր խաղացողների միջև.
«Բնական է՝ այդտեղ անհամաձայնությունների շրջանակն էլ ավելի է ընդլայնվում: Կարծում եմ՝ նաև սրանով է պայմանավորված այդ համաձայնությունների չեղարկումը կամ հետաձգումը, ընդհանրապես՝ պրոցեսի բարդությունը»:
Բադալյանի կարծիքով՝ «զուտ մեխանիկայի իմաստով» Հայաստանն ու Ադրբեջանը ներկա պահին լուծում են միևնույն խնդիրը՝ փորձում են մանևրել արևմտյան խաղացողների և Ռուաստանի միջև.
«Այլ հարց է, որ այդ մանևրի ռեսուրսները և դիրքային, ելակետային վիճակներն են տարբեր: Ադրբեջանը, բնականաբար, ունի որոշակի առավելություն: Սա մարտահրավեր է, որը Երևանը պետք է կարողանա լուծել»:
Անդրադառնալով սահմանազատման և սահմանի անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման հավանական ժամկետներին՝ Բադալյանը նշում է՝ անկախ նիստերի մեկնարկից, պետք չէ ակնկալել, թե հարցի կարգավորումը մոտ է: Պատճառն, ըստ նրա, ոչ միայն Երևանի և Բաքվի տարբեր կամ իրարամերժ մոտեցումներն են, այլև խոշոր խաղացողների՝ պրոցեսների վրա ազդելու համար մղվող թեժ պայքարը:
«Պետք է պատրաստ լինենք հնարավորինս երկարաժամկետ խաղի, որովհետև խոշոր դերակատարներն առնվազն ի վիճակի են խանգարել միմյանց առավել մեծ ազդեցություն ունենալու հարցում»,- շեշտում է Հակոբ Բադալյանը:
Նրա դիտարկմամբ՝ գործ ենք ունենալու երկարաժամկետ գործընթացի, ոչ թե մոտալուտ համաձայնության հետ, իսկ պայմանավորվածությունների ձեռքբերման փորձերը լինելու են շարունակական:
Որպես օրինակ է բերում փոխվարչապետների եռակողմ ձևաչափը՝ հիշեցնելով, որ խումբը ձևավորվեց, մի քանի ամիս աշխատեցին, բայց «այսօր աշխատանքը դադարել է, քննարկումներ են ծավալվում վերսկսման շուրջ»:
Սահմանազատման հանձնաժողովի հանդիպման չեղարկում