«Հայաստանն ազատ երկիր է։ Ի տարբերություն Ռուսաստանի». Երևանյան ակցիաների մասին
Երևանում ի աջակցություն Ռուսաստանի ակցիա է անցկացվել, որին մասնակցում էին հասարակությունում ոչ մեծ աջակցություն ունեցող ռւսամետ քաղաքական գործիչներ։ Հայաստանում դրան առանձնապես ուշադրություն չեն դարձրել, սակայն ակցիան հետաքրքրություն է առաջացրել երկրի սահմաններից դուրս։ Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին այն հարց է առաջացրել, թե արդյոք այս հակամարտությունում Հայաստանի իշխանությունն ու հասարակությունը սատարում են Ռուսաստանին։
Երկրի իշխանությունը բացարձակ չեզոքություն է պահպանում՝ չնայած նրան, որ Հայաստանն ու Ռուսաստանը պաշտոնապես ռազմավարական դաշնակիցներ են։ Փորձագիտական հասարակությունն ավելի բացահայտ է խոսում այն մասին, որ թուլացած Հայաստանը, հատկապես՝ 2020 թ-ի արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, պետք է խիստ չեզոքություն պահպանի, որքանով որ դա հնարավոր է։ Հասարակությունում կան և Ռուսաստանի աջակիցներ, և նրանք, ովքեր սատարում են Ուկրաինային։
Ի աջակցություն Ռուսաստանի մարտի 19-ին կազմակերպված ակցիայի մասին, ինչպես նաև փորձագետի կարծիք՝ ռուս-ուկրաինական հակամարտության երկու կողմերի հետ համերաշխության ակցիաների մասին։
- Հայաստանն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ իրավիճակի գնահատական՝ հայ փորձագետների կողմից
- «Սուր դեֆիցիտ չի՞ լինի»․ Հայաստան ներկրվող հացահատիկի մասին
- Հայաստանը՝ որպես այլընտրանք․ ՌԴ—ից և Ուկրաինայից գործող բիզնեսներ են տեղափոխվում
Ակցիա, որն աննկատ մնաց Հայաստանում
Հարյուրավոր մարդիկ՝ պաստառներով և Ռուսաստանի Ուկրաինայում իրականացվող գործողության «Z» և «V» խորհրդանիշներով, մասնակցել են ի աջակցություն Ռուսաստանի ակցիային։ Կազմակերպիչները չեն հայտարարվում, սակայն դրան մասնակցել են մի քանի քաղաքական գործիչներ, որոնք հայտնի են իրենց ռուսամետ հայացքներով։
Նրանցից մեկը՝ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ։ Հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանը հայտարարել է․
«Մենք այսօր կանգնած ենք Ռուսաստանի կողքին, քանի որ մեր եղբայրությունն ապացուցվել է մարտի դաշտում և սահմաններին, որտեղ կանգնած ռուս զինվորները պաշտպանում են Հայաստանն ու Արցախը։ Մենք ուժեղացնելու ենք մեր եղբայրությունը, միասնությունը։ Մենք ազատության, ինքնորոշման, հայ-ռուսական բարեկամության կողմնակիցներ ենք։ Այսօր մեր դաշնակիցը քաղաքակրթական պայքար է մղում։ Ռուսաստանին պաշտպանելով՝ մենք պաշտպանում ենք մեր ինքնատիպությունն, ավանդույթները, մեր ավանդական ընտանիքները, եկեղեցին»։
«Ռուսաստանի հետ բարեկամությունը պետք է լինի ազնիվ և անշահախնդիր։ Հենց դա է մեր երկրների միջև հարաբերությունների հիմքը։ Մենք այսօր մասնակցում ենք այս միջոցառմանը, քանի որ ուզում ենք, որ Հայաստանն ուժեղ և ազնիվ լինի իր բարեկամական հարաբերություններում։ Եվ երբ պայքար է գնում նացիզմի դեմ, մենք մեր դիրքորոշումն ենք արտահայտում։ Մենք այստեղ ենք՝ հանուն ուժեղ Հայաստանի, հանուն ռազմավարական դաշնակցի հետ ամուր հարաբերությունների», — հայտարարել է «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։
Ելույթների ավարտից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Այստեղ նրանք հայտարարել են, որ իրենց ակցիաները պարբերական բնույթ են կրելու, հաջորդը պլանավորվում է մարտի 26-ին։
«Որևէ միության անդամակցելու հարց չի քննարկվում»
Ակցիան կազմակերպվել է՝ հատկապես ի աջակցություն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության, սակայն Հայաստանի սահմաններից դուրս այն ընկալվել է նաև՝ որպես Հայաստանի իշխանության և հասարակության համաձայնություն՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետությանն անդամակցելու։
Իրադարձությունների նման զարգացման քննարկումները սկսվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հերթական սկանդալային հայտարարությունից հետո։ Փետրվարի սկզբին Հայաստանի մեդիան մեջբերում և քննարկում էր նրա այս խոսքերը․ «Հայաստանը տարբերակ չունի։ Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»։ Այսպիսով նա ակնարկում էր, որ Հայաստանը միանալու է Ռուսաստան-Բելառուս միությանը։
Բելառուսի նախագահի այն խոսքերը, թե Հայաստանն այլ տարբերակ չունի, մեծ արձագանք ստացան ոչ միայն հասարակությունում, այլև Հայաստանի խորհրդարանում։ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ստիպված էր մեկնաբանել իշխանության վերաբերմունքն այդ հայտարարությանը․
«Մենք համոզված ենք, որ Բելառուսի նախագահի յուրօրինակ աշխարհաքաղաքական վերլուծության նպատակը, նախևառաջ, սեփական ներքաղաքական օրակարգը սպասարկելն է, և ոչ մի կապ չունի Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։
Սակայն, քանի որ խոսակցությունները չեն դադարում, հայկական Infocom լրատվական գործակալությունը հարց է ուղղել Հայաստանի ԱԳ նախարարին այն մասին, թե արդյոք նա պատկերացնում է Հայաստանը՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետության մաս։
Մարտի 18-ին ԱԳՆ-ից պատասխանել են․
«ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ կառավարության օրակարգում այս հարցի շուրջ որևէ քննարկում առկա չէ։
Մեկնաբանություն
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է սակավաթիվ և սակավամարդ այն ակցիաներին, որոնք Հայաստանում անցկացվում են՝ ի աջակցություն ռուս-ուկրաինական հակամարտության այս կամ այն կողմի․
«Հանրության մի զգալի մասի մոտ միանգամայն արդարացի վրդովմունք են առաջացնում Հայաստանում իրականացվող այն ակցիաները, որոնք աջակցություն են հայտնում Ռուսաստանի ուկրաինական ռազմարշավին: […] Ինչպես հայկական համայնքները կարող են տարբեր երկրներում ակցիա իրականացնել, որը չի համապատասխանի տվյալ երկրի պետական քաղաքականությանը, այդպես էլ Հայաստանում որևէ «համայնք» կարող է անել այդպիսի ակցիա։
Հայաստանն ազատ երկիր է՝ ի տարբերություն նույն Ռուսաստանի:
Իհարկե, Հայաստանի հանրության մի մասին դուր չի գալիս ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիան, մեկ այլ մասին դուր չի գալիս ռուսական «զեթի» պաշտպանության ակցիան […]
Իմ կարծիքով՝ այդ ակցիաներն ինքնին նշանակություն ստանում են թերևս միայն դրանց հանդեպ դատապարտող աղմուկի շնորհիվ: Եվ հաշվարկն էլ գուցե հենց այդ է, որ կլինի աղմուկ, որովհետև, եթե չի լինում այդ աղմուկը, այդ ակցիաները մնում են իրենց կազմակերպման «մարգինալ» շրջանակում: Իսկ աղմուկը, նախ, թույլ է տալիս ավելի մեծ ուշադրության արժանացնել «ակցիան», և մյուսը, ոչ պակաս կարևորը՝ դա թույլ է տալիս «հեռակառավարել» հայաստանյան հասարակական օրակարգն ու տրամադրությունները:
Ըստ այդմ՝ որքան էլ զգայականության տեսանկյունից բավականին դժվար է զսպվելը, ռացիոնալության առումով թերևս կարևոր է «անտեսել» այդ ակցիաները, ցույց տալով, որ Հայաստանի հանրությունն ունի «օրակարգային դիմադրունակություն» ու ենթակա չէ տարատեսակ մանիպուլյացիաներով հեռակառավարման:
Ի վերջո՝ նրանց, ում հետաքրքիր է Հայաստանի հանրային ու պետական վարքը, թերևս, բոլորից լավ գիտեն, որ այդ ակցիաները «մարգինալ» են, այլ ոչ համընդհանուր տրամադրության արտահայտում, և իրավիճակը չափում են ամենևին ոչ դրանցով»։