Հայաստանի 2024 թ․-ի բյուջեն՝ «աննախադեպ՝ 94 մլրդ պահուստային ֆոնդով»
Հայաստանի 2024 թ․-ի բյուջեն
«Չնայած դժվարին մարտահրավերներին՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է դրսևորել բարձր դիմադրողականություն»,- խորհրդարանում հայտարարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ տնտեսական աճի և ակտիվության բարձր տեմպերը պահպանվում են, ուստի հաջորդ տարվա համար ևս կառավարությունը որպես թիրախ է սահմանել 7% աճը։ Ասում է՝ տնտեսական աճի պահպանման համար պետք է աշխատանք իրականացնել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ արտահանման խթանման և ներդրումների ներգրավման։
2024 թ․-ին Հայաստանի կառավարությունը նախատեսում է ծախսել 3 տրիլիոն 17 մլրդ դրամ գումար, որից 695 մլրդ-ը՝ կապիտալ ծախսերի համար։ Վստահեցնում են՝ բյուջեն մշակելիս հաշվի են առել նաև առկա ռիսկերն ու հավելում՝ նախատեսել են «աննախադեպ՝ 94 մլրդ պահուստային ֆոնդ»։
Բոլոր մանրամասները՝ հոդվածում
Ռիսկերի կառավարումը կօգնի խուսափել «լուրջ ցնցումներից»
Ֆինանսների նախարարն ասում է՝ նախատեսված պահուստային բյուջեն ոչ միայն կօգնի կառավարել ռիսկերը, այլև նույնիսկ լուրջ ցնցումների ժամանակ շարունակել իրագործել նախանշված ծրագրերը։ Կարծում է՝ ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ չկիրառելն ու անվտանգության հավելյալ բարձիկներ չնախատեսելը ներկայիս պայմաններում «անհեռատեսություն և անմտություն» կլիներ։
«Տարածաշրջանային հակամարտություններն ունենում են գլոբալ ազդեցություններ և պոտենցիալ մեծ վտանգ են պարունակում՝ վերածվելու մի արհավիրքի, որտեղ կարող ենք ունենալ գլոբալ ճգնաժամ իր տնտեսական ավերիչ հետևանքներով»,- շեշտել է նա։
Կարծում է՝ չնայած մարտահրավերներին՝ ՀՀ-ն ունենալու է զարգացման նոր որակի բարձրանալու հնարավորություններ, դրանք պետք է նյութականացնի «գիտակից և հետևողական գործողությունների» շնորհիվ։
Կառավարությունը աջակցություն կտրամադրի ԼՂ-ի հայերին
2023 թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների արդյունքում բռնի տեղահանված արցախցիները կառավարությունից օգնություն կստանան նաև հաջորդ տարի։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 2024 թ․-ի հունվար, փետրվար և մարտ ամիսներին ևս նրանք կշարունակեն ստանալ բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները։
Ասում է՝ միայն թոշակների և նպաստների վճարման համար կպահանջվի մոտ 30 միլիարդ դրամ։
Բյուջեով նախատեսված են նաև հավելյալ ծախսեր Լեռնային Ղարաբաղի հայերի կրթության, առողջապահական ծառայությունների համար։ Դեռևս չեն պլանավորվի բնակարանային ապահովման և աշխատանքի տեղավորման ծրագրերը, քանի որ դրանց մշակումը և հաստատումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին։
«Զգալի գումարներ կնախատեսվեն պահուստային ֆոնդում, որպեսզի ծրագրերի պատրաստ լինելուն պես ֆինանսավորման խնդիրներ չունենանք»,- հայտարարել է նախարարը։
ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի ներառումը 2024 թ․-ի բյուջեի ծախսերը կավելացնի 144 մլրդ դրամով, ինչն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի 4,6% դեֆիցիտի։
Ավելի վաղ Հովհաննիսյանը նկատել էր, որ դա «հավելյալ ֆիսկալ ծանրաբեռնվածություն չի» առաջացնի, և նշել, որ որպես ծախս են տրամադրվելու այն գումարները, որոնք նախկինում ԼՂ-ին էին տրվում վարկային միջոցների տեսքով։
«Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման համար կան բավարար միջոցներ»
Խորհրդարանականները հետաքրքրվել են՝ ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել կառավարությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեում արտացոլված են այն ծրագրերը, որոնք արդեն իսկ պլանավորված են։
Վստահեցրել է՝ ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված են «բավականին միջոցներ»։ Բայց և հիշեցրել է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման համար անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանի գործողությունները, այլև տարածաշրջանի երկրների մասնակցությունը։
«Երբ նման համաձայնություն ձեռք բերվի, և այս գաղափարը առաջ գնա իր հունով, մենք ունենք պահուստային ֆոնդ, և այնտեղ կապիտալ ծախսերի մասով կան նաև չբաշխված գումարներ։ Կունենանք բավարար միջոցներ այդ ծրագրի ենթակառուցվածքներն ապահովելու համար»,- ընդգծել է նա։
Պաշտպանության ոլորտին կհատկացվի ավելի մեծ գումար
2024 թ.-ի 555 մլրդ դրամ կհատկացվի պաշտպանության նախարարությանը։ Սա 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից:
Կրթական գերատեսչության բյուջեն կկազմի 345 մլրդ դրամ, սոցիալական ոլորտին կհատկացվի 745 մլրդ դրամ, առողջապահականին՝ 168 մլրդ դրամ։
Տնտեսական աճի թիրախը՝ 7%
Ինչպես 2023 թ․-ին, այնպես էլ հաջորդ տարի Հայաստանում տնտեսական աճի թիրախային ցուցանիշը կլինի 7 տոկոսի մակարդակում։
Նախարարի փոխանցմամբ՝ երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև 2023 թ․-ի առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով՝ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 9,7 տոկոս աճ։ Ասում է՝ տնտեսական աճի զգալի մասը ապահովել է ծառայությունների ճյուղը, բարձր աճ է գրանցվել նաև շինարարությանում։
Կարծում է՝ ներկայիս միտումների պահպանման դեպքում կարող է գրանցվել նույնիսկ 7 տոկոսը գերազանցող աճ։ Բացի այդ, կառավարությունը նախատեսում է շուրջ 0,75 տոկոսային կետով բարելավել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը․
«Արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ՝ ավել լինելով 2023 թ․-ի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 միլիարդ դրամով, կամ 15,4 տոկոսով»։
«Դրական միտումները կպահպանվեն»
2023 թ․-ին արձանագրված տնտեսական աճը Վահե Հովհաննիսյանը «ներառական» է բնորոշել։
«Բարձր տնտեսական աճն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից՝ միջին աշխատավարձի՝ գնաճի տեմպերն էապես գերազանցող աճով»,- հայտարարել է նա։
Ըստ նախարարի՝ 2023 թ․ հունվար-սեպտեմբերին վարձու աշխատողների թիվն աճել է 5,7 տոկոսով, աշխատավարձը՝ 2,8 գնաճի պայմաններում աճել է 13,4 տոկոսով։ Հույս ունի՝ միտումները կպահպանվեն նաև հաջորդ տարի՝ նպաստելով հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի 2024 թ․-ի բյուջեն