Հայաստանի քաղաքական ուժերը սպառնում են տապալել արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Հայաստանում քաղաքական վեճեր են բորբոքվում նախընտրական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք սպասվում են հաջորդ տարվա գարնանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը խորհրդարանում ներկայացված է «Ծառուկյան» խմբակցությունով, բողոք է արտահայտել նոր կառավարության դիրքորոշման դեմ, որն իշխանության է եկել 2018թ-ի գարնանը «թավշյա հեղափոխության» արդյունքում։
Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտարարել է, որ առանձնակի մտահոգություն են առաջացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը «որոշ քաղաքական ուժերի» մասին, որոնք իբր «ռեստորաններում և քուչեքում» բանակցություններ են վարում նախկին իշխանությունների՝ Հանրապետական կուսակցության հետ։
Հայաստանի հասարակության և քաղաքական ուժերի բաժանումը նրանց, ովքեր աջակցում են նոր իշխանությանը, որը հաստատվեց 2018թ-ի գարնանը «թավշյա հեղափոխության» արդյունքում, և նրանց, ովքեր նախկին իշխանությունների կողմնակիցներն են, Հայաստանում բուռն քննարկումների թեմա է։
Հայաստանում 2018թ-ի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկավ մի ուժ, որն այդ պահին երկրի խորհրդարանում մեծամասնություն չուներ: Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն էր ստացել 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, իշխանությունը զիջեց հազարավոր մարդկանց ճնշման տակ, որոնք փողոց էին դուրս եկել և աջակցում էին ընդդիմության շարժմանը: Այն գլխավորեց «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 8-ին Ազգային ժողովը նրան վարչապետ ընտրեց: Քանի որ Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման ձևին, ստեղծված իրավիճակը հանգուցալուծում է պահանջում: Այսինքն՝ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որոնք նոր մեծամասնություն կուրվագծեն:
Հասարակության քաղաքական բաժանումն արտահայտվեց «սևերի» և «սպիտակների» վիճելի կերպարով։
Սկզբում այդ միտքը հնչեց այս օրերին Երևանի ավագանու ընտրությունների արշավի ժամանակ: «Սևերի և սպիտակների» մասին խոսեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
Այնուհետև վարչապետն ինքն աջակցություն հայտնեց քաղաքապետի իր կուսակցության թեկնածուին և հայտարարեց.
«Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են»։
Վարչապետի ելույթը բավականին կոշտ էր․
«Բազմաթիվ ուժեր, որոնք ներկայանում են այսօր որպես հեղափոխության դաշնակից, իմ դաշնակից, նույնիսկ իմ ընկեր, ինձ աջակից, անունը կոալիցիա են դնում, նրանք խաղեր են տվել և խաղեր են տալիս հակահեղափոխության հետ: Կոչ եմ անում հակահեղափոխությանը չտալ ոչ մի ձայն»։
Որոշ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ վրդովվեցին վարչապետի այն ենթադրությունից, թե Երևանի ավագանու ընտրությունները «սպիտակների» և «սևերի»՝ տեղի ունեցած հեղափոխության կողմնակիցների և հակառակորդների միջև ընտրություններ են:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ «դեռ կմտածի կողմ քվեարկել վաղաժամ արտահերթ խորհրդարանական ընրություններին, թե ոչ»։
«Եվ թող ոչ ոք չմտածի, թե կարող է ժողովրդին բերել Ազգային ժողովի շենքի մոտ և ստիպել․․․ քվեարկել մի բանի համար, որի համար ես չեմ ուզում քվեարկել», — ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Այնուհետև ուղղակիորեն դիմել է վարչապետին․
«Դուք անցաք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի և հարաբերությունների բոլոր սահմանները»։
Նիկոլ Փաշինյանին քննադատեց նաև նրա համախոհ և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը «Ելք» խորհրդարանական խմբակցության անդամ է (հեղափոխությունից առաջ այն գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը):
Մարուքյանը հայտարարեց, որ վարչապետը պետք է ներողություն խնդրի այդ հայտարարության համար:
«Ասել, որ միայն մենք սպիտակ ենք, մյուս բոլորը սև են, դա ամեն ինչի սկիզբն է: Ես ասում եմ, որ հանրապետականները չեն մասնակցում ընտրություններին, բայց մասնակից ուժերի միջև այդ գիծը քաշվեց, որ կան սևեր և սպիտակներ, հետևաբար՝ դրանից մարդիկ առիթավորվում են, փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ»:
Փորձագետի կարծիքով
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ քննադատության սաստկացումը կապված է նախընտրական գործընթացների և ընտրողների աջակցությունը ստանալու ձգտման հետ:
«Նախընտրական փուլում քննադատությունը նորմալ է: Յուրաքանչյուր կուսակցություն ուզում է ցույց տալ, որ ավելի լավն է, քան մյուսները: Անգամ այն երկրներում, որտեղ բազմակուսակցական համակարգի լուրջ ավանդույթներ կան, ընտրությունների ժամանակ շատ խիստ քաղաքական մեղադրանքներ են հնչում: Ո՞վ է ասել, որ այդ ուժերը մշտապես պետք է աջակցեն Նիկոլ Փաշինյանին, ինչպես հեղափոխությունից հետո էր»:
Փորձագետը միաժամանակ նշում է, որ այն կուսակցությունները, որոնք այժմ սպառնում են չաջակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը, Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո, այնուամենայնիվ, կփոխեն իրենց տեսակետը:
«Բոլորն էլ հասկանում են, որ այս իրավիճակը երկար տևել չի կարող, որ այսպիսի խորհրդարանով հեռուն չես գնա: Հեղափոխություն է եղել, թեկուզև՝ խաղաղ, սակայն իշխանությունից ինքնակամ հրաժարում չի եղել: Եվ երբ հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում, հին խորհրդարանն արդեն չի կարող բավարարել նոր իշխանության պահանջները: Մարդիկ վարչապետ են ընտրել, մանդատ են տվել, իսկ նա խորհրդարանում մեծամասնություն չունի: Խորհրդարանական համակարգերում վարչապետը պետք է մեծամասնություն ունենա իր նախաձեռնություններն իրականացնելու համար»:
Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Հայաստանում կրկին կարող են սկսվել զանգվածային ցույցեր, եթե Ազգային ժողովը վաղաժամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին չքվեարկի:
«Նիկոլ Փաշինյանը մեծ աջակցություն ունի, և վարկանիշի նվազման միտում չկա: Հասարակությունում մի ընկալում կա, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել: Եվ կարող են ցույցեր սկսվել: Եթե այդպիսի բան տեղի ունենա, խորհրդարանը ստիպված կլինի քվեարկել արտահերթ ընտրությունների օգտին», — կարծում է Ստեփան Գրիգորյանը: