Հայաստանի քաղաքագետներն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և տեղի չի ունեցել 2017-ին
Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի, JAMnews
JAMnews-ն առանձնացրել է 2017թ-ի Հայաստանի համար կարևոր, ինչպես նաև սպասված իրադարձությունները, որոնք այդպես էլ տեղի չեն ունեցել, և խնդրել, որ երկու առաջատար քաղաքագետներ մեկնաբանեն դրանք:
Ինչ է տեղի ունեցել 2017թ-ին
Մեկնաբանել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը
- Հայաստանը ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության միակ երկիրը, որը ԵՄ հետ նման համաձայնգիր կնքեց: Այն ենթադրում է տնտեսական ոլորտում համագործակցության զարգացում և վիզային ռեժիմի ազատականացման հնարավորություն:
«Հայաստանի համար կարևոր իրադարձություն է: Սակայն միանգամից ոչինչ չի փոխվի, և այն հիացմունքը, որը տեղ էր գտել այդ փաստաթղթի վերաբերյալ, իմ կարծիքով, մի փոքր չափազանցված էր: Այդ փաստաթուղթը լավ վարքի համար մեդալ չէ, այլ հնարավորություն, որը կարելի է օգտտագործել: Բայց, իմիջիայլոց, կարելի է և չօգտտագործել:
Բարեփոխումների և արժեքների մասով Հայաստանը հնարավորություն է ստանում իր օրենսդրությունը ներդաշնակ դարձնել եվրոպականին, կատարելագործել երկրի կառավարման միջոցները, մասնավորապես, որոնք կապված են մենաշնորհների վերահսկման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլնի հետ: Սակայն միաժամանակ, անհնար է կոռուպցիայի դեմ դրսից պայքարել: Մտածել, թե Եվրոպան ուղղակիորեն կարող է այնպես անել, որ ոստիկանը փողոցում կաշառք չվերցնի, չի կարելի: Հայաստանը պետք է ինքնուրույն հասնի դրան:
Եվրոպան կարող է ընդամենն օգնել՝ տեխնիկապես, փորձագիտական առումով, ֆինանսապես, և պատրաստվում է դա անել: Իրականում Հայաստանն արդեն դրան ձգտում է և այդ ուղին է բռնել արդեն 7-8 տարի, քանի որ ստորագրված համաձայանգիրն իրականում 2013թ-ին չընդունված և մի փոքր ձևափոխված Ասոցացման մասին համաձայնագիրն է:
Այնուամենայնիվ, սպասել, թե այդ փաստաթղթի միջոցով Հայաստանը Շվեյցարիայի կվերածվի, խելամիտ չէ, քանի որ մենք տեսնում ենք այն երկրները, որոնք փաստաթուղթն ընդունել են մեզնից ավելի վաղ՝ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան: Նրանցից ոչ մեկը Շվեյցարիայի չի դարձել, որոշներում էլ իրավիճակն ավելի վատ է, քան մեզ մոտ:
Ինչ սպասել 2018թ-ին
Կարծում եմ, կսկսվի պայմանագրի վավերացման գործընթաց բոլոր եվրոպական երկրների կողմից, և այդպիսով համաձայնագիրն ուժի մեջ կմտնի: Շատ հնարավոր է, որ տարվա կեսերին սկսվի առանց վիզայի ռեժիմի գործընթացը»:
- Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարության ավարտը: Ճանապարհը 116կմ երկարություն ունի և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի միջոցով արտաքին աշխարհի հետ կապող երկրորդ ավտոճանապարհն է: Շինարարությունն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Ճանապարհն օրական միջինը 1500 ավտոմեքենա է սպասարկում երկու ուղղությամբ: Վարդենիս-Մարտակերտ նախագիծը մեկնարկել է 2013թ-ին որպես այլընտրանք Ստեփանակերտ-Գորիս (Հայաստան) ավտոճանապարհին:
«Այդ ճանապարհն ունի ինչպես լուրջ տնտեսական նշանակություն, մասնավորապես, Ղարաբաղի՝ հատկապես դրա հյուսիսային հատվածի, և Հայաստանի միջև հաղորդակցության կապի առումով, այնպես էլ ռազմական նշանակություն, քանի որ այն ապահովելու է նաև ռազմական տարանցում:
Բացի այդ, ճանապարհը շատ կարևոր քաղաքական նշանակություն ունի. այն կառուցվել է հենց այն տարածքում, որն, ըստ մամուլի հրապարակումների և տարբեր քաղաքական գործիչների և միջնորդների, ենթադրվում է հակամարտության կարգավորման արդյունքում ադրբեջանցիներին տալ:
Այստեղ արդեն հասկանալի է դառնում, որ նվազագույնը բավականին երկար ժամանակ հայկական կողմը հակամարտության կարգավորման որևէ լուրջ հեռանկար չի տեսնում: Բոլոր լուրջ հետազոտողների համար դա առանց այդ էլ պարզ էր, սակայն այդ ճանապարհը դրա ուղղակի վկայությունն է քաղաքական ոլորտում: Եվ սա իրոք անցած տարվա ամենակարևոր իրադարձությունն էր:
Ինչ սպասել 2018-ին
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կբերի դրա հարակից տարածքների բարեկարգմանը: Ճանապարհ ասելիս պետք է հասկանալ ոչ միայն հենց ճանապարհն, այլ նաև ողջ ենթակառուցվածքն այդ հատվածում»:
- Իրանի հետ սահմանին՝ Մեղրիում, ազատ առևտրի գոտու բացումը: Ենթադրվում է, որ այն նպաստելու է Հայաստանի հավասարաչափ տարածքային զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ ապրանքների արտադրությանը: «Մեղրի» ազատ տնտեսական գոտին տարբեր ճյուղեր է ընդգրկելու՝ գյուղատնտեսությունից, վերամշակող արդյունաբերությունից, առևտրից մինչև զբոսաշրջություն:
«Այդ նախագիծը լուրջ հեռանկար ունի: Այստեղ արդեն ֆինանսական և տեխնիկական ջանքեր կան, և ակնհայտ է, որ նախագիծը շարունակվելու է: Հայաստանն Իրանի հետ շփումների որոշակի հանգույց կդառնա, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական միության, այսինքն՝ հետխորհրդային տարածքի լուրջ հատվածի համար:
Այդ նախագիծը ոչ միայն կարևորագույն տնտեսական, այլ նաև լուրջ քաղաքական նշանակություն է ունենալու: Իրանի հետ փոխազդեցության գործում Հայաստանի դերն այդ նախագծի հենց քաղաքական բաղադրիչն է:
Իրանը չափազանց սպեցիֆիկ երկիր է, որը տարբեր երկրների հետ տարբեր հարաբերություններ ունի, հենց Մեղրիի ազատ տնտեսական գոտին կարող է շատ կարևոր դեր խաղալ տարբեր երկրների հետ Իրանի փոխազդեցության գործում:
Գոտու լիարժեք գործարկման համար արտաքին որևէ խոչընդոտ չկա: Ըստ ամենայնի, երրորդ երկրների կամ կազմակերպությունների հետ այն համաձայնեցնել արդեն պետք չէ, հարցը համաձայնեցված է, քանի որ ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) բաց է:
Ինչ սպասել 2018-ին
Մեղրիում ԱՏԳ-ի ստեղծմանը զուգահեռ զարգանալու են հայ-իրանական հարաբերությունները: Դրանք այնպիսի հարաբերություններ են, որոնցում ներքին ռեսուրսը գործնականում մշակված է: Ինչ կարող էին, արդեն արել են: Տնտեսական հարաբերույթունները բավականին լավն են: Քաղաքական հարաբերությունները՝ նույնպես: Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան շղթա կառուցելու պահանջ ակնհայտորեն զգացվում է: Շատ աշխատանք կա անելու՝ ճանապարհների կառուցումից մինչև համագործակցություն էլեկտրականության արտադրման ոլորտում և այլն: ԱՏԳ-ն նպաստելու է դրան»:
- Տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները: 2015թ-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովն առաջին անգամ ընտրվել է բացառապես համամասնական ընտրակարգով: Խորհրդարան մտավ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը ստացավ ձայների մեծամասնությունը, «Ծառուկյան» դաշինքն ու նորաստեղծ ընդդիմադիր «Ելքը», ինչպես նաև ՀՅ Դաշնակցությունը: 2018թ-ի ապրիլին կսպառվի գործող նախագահի լիազորությունների ժամկետը, և Հայաստանն անցում կկատարի կառավարման խորհրդարանական ձևին:
«Դա Հայաստանի քաղաքական կառուցվածքը փոխելու քայլերից մեկն է: Առաջինը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն էր: Երկրորդը հենց խորհրդարանական ընտրույթուններն էին, իսկ երրորդը կդառնա 2018թ-ի ապրիլը, երբ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն:
Ես չեմ կարծում, թե Հայաստանը միանգամից փոխվի, սակայն շատ փոփոխություններ տեղի կունենան, և հիմա էլ են տեղի ունենում. խորհրդարանի դերի ուժեղացում, քաղաքական կուսակցության դերի ուժեղացում, իշխանության փոխանցման ապաանձնավորում: Այդ ամենն ազդելու է երկրի կառավարման վրա, առանցքային նշանակություն է ունենալու ներքին քաղաքականության համար:
Ընտրությունների արդյունքում ձևավորվել է «Ելք» ընդդիմադիր դաշինքը, սակայն այն այդպես էլ չկարողացավ հավասարակշռել Հայաստանի քաղաքական դաշտը, քանի որ քաղաքական էլիտայի, պետական և քաղաքական կառույցների հանդեպ ընդդիմադիր տրամադրությունները հասարակությունում շատ ավելի լայն են ներկայացված, քան խորհրդարանում ներկայացնում է «Ելքը»:
Հասարակության բևեռացումը, սոցիալ-քաղաքական դժգոհություններն, ինչպես նաև ժողովրդի կողմից քաղաքական էլիտայի մերժումը շատ մեծ է: «Ելքը» հավասարազոր չէ և հարկ եղած չափով չի ներկայացնում այդ բողոքը: Դա ինքնին կառուցվածքի թուլությունից է գալիս: Այդպիսի ռեսուրսներ, լինեն դրանք ֆինանսական, նյութական, մարդկային կամ փորձագիտական, «Ելք» դաշինքը չունի:
Այդ դաշինքը տիպիկ է հայկական և ընդհանրապես բոլոր նոր հետխորհրդային քաղաքական համակարգերի համար: Դա ընդդիմադիր կառույց է, որը հնարավորություն ունի խորհրդարան անցնելու՝ ընտրություններից առաջ օգտագործելով եղած ռեսուրսները, օգտվելով հասարակությունում առկա բողոքի տրամադրություններից: Սակայն որոշումներ կայացնելու գործընթացի մի մասը լինելու համար այն չի հերիքում, այդ պատճառով էլ անհամապատասխանություն կա իրական ընդդիմադիր տրամադրությունների և խորհրդարանում դրանց ներկայացվածության միջև:
Ինչ սպասել 2018թ-ին
2018թ-ի ապրիլից քաղաքագետների կյանքը հետաքրքիր կդառնա, քանի որ կսկսվի մի փուլ, երբ կառավարման կառուցվածքը կսկսի ձևափոխվել: Մի բան է, երբ այն անձնավորված է, երբ որոշումների հսկայական մասն ընդունում է մեկ մարդ մեկ կաբինետում: Հիմա կուսակցության առաջնորդը պետք է համոզի ողջ կուսակցությանը, հետո այդ կուսակցությունը պետք է համոզի խորհրդարանին, ընդ որում՝ իր պատգամավորներին, նրանց հետ պետք է պայմանավորվածություն ձեռք բերի, այնուհետև մեծամասնության օգնությամբ՝ ազդի վարչապետի վրա: Սա ուրիշ սխեմա է: Այն, իհարկե, միանգամից չի սկսի գործել, երկրի կառավարմանը զուգահեռ կփոփոխվի»:
Իրադարձություններ, որոնք այդպես էլ տեղի չունեցան
Մեկնաբանել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը
- Ղարաբաղյան հակամարտությանը հետևող փորձագետները պատերազմ էին կանխագուշակում Ղարաբաղում: 2016թ-ի քառօրյա մարտերը, որոնք անվանում են «ապրիլյան պատերազմ», ամենաարյունալին էին 1994թ-ից հետո: 2017թ-ին նոր պատերազմը շատերին էր իրատեսական թվում՝ հաշվի առնելով ռազմականացման ավելի բարձր մակարդակն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Սակայն պատերազմ տեղի չունեցավ:
«Հայկական դիվանագիտությունը որոշակի քայլեր ձեռնարկեց 2016թ-ի ապրիլյան դեպքերի կրկնման հնարավորության կանխարգելման համար: Ինքը՝ բանակցային գործընթացն, ու միջազգային հարաբերությունների կոնյունկտուրան նպաստեցին դրան:
2017թ-ը նշանավորվեց համաշխարհային քաղաքականության սուբյեկտների միջև միջազգային հարթակներում որոշակի կոնսենսուսի կայացմամբ. մի զամբյուղում հայտնվեցին բոլոր հետխորհրդային հակամարտությունները, որոնք պետք է լուծվեն բացառապես պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա, մասնավորապես, խոսքը գնում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մասին:
Առանձին զամբյուղում հայտնվեց ղարաբաղյան հակամարտությունը, որը պետք է լուծվի հելսինկյան սկզբունքների հիման վրա: Այդպիսի դիվերսիֆիկացված մոտեցումն արդեն ամրագրված է մի շարք հայտարարություններում, այն նաև իրավական ուժ է ստացել Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի կնքմամբ:
Բացի այդ, ռազմատեխնիական միջոցառումները, որոնք ձեռնարկել էր հայկական կողմը և որոնք ուղղված էին հանկարծակիության գործոնի բացառմանը, որը տեղ էր գտել ապրիլյան պատերազմի սկզբում, նույնպես զգալի ներդրում էին հնարավոր պատերազմի կանխարգելման գործում:
Պատերազմի կանխարգելմանը նպաստեց նաև Ադրբեջանի ապաշնորհ քաղաքականությունն ու սխալները, այդ թվում՝ սկանդալներն ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում (անօդաչու սարքեր, Լապշին): Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը սկսեց բարոյապես թերարժեք թվալ:
Ինչ սպասել 2018թ-ին
Այն, որ պատերազմ տեղի չունեցավ, բերեց և կբերի բանակցային գործընթացի՝ ավելի ճիշտ բանակցային գործընթացի մասին բանակցային գործընթացի ակտիվացմանը: Հայաստանը շունչ քաշելու ժամանակ ունեցավ և առաջնագծում որոշակի չափով վերազինում կատարեց՝ բացառելով հանկարծակիության գործոնը, այդ ամենը կամրապնդի ռազմական անվտանգությունը նաև 2018թ-ին»:
- Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 3,2մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր են մշակվել, որոնցից 830-840մլն դոլարի ներդրումները սպասվում էին 2017թ—ին: Ծրագրերը պետք է իրականացվեին Հայաստանի ներդրողների ակումբի կողմից, որը ստեղվել է նախորդ տարվա հունվարին Ռուսաստանում բնակվող հայ գործարարների կողմից: Խոստացված ներդրումները չկատարվեցին:
«Կարեն Կարապետյանի կառավարությունն իր հաշվարկները կառուցում էր Ռուսաստանից ներգրավվող ներդրումների վրա, իսկ ռուսական տնտեսությունում իրավիճակը ողբալի է: Ռուսական ղեկավարությունը հիմա զբաղված է նրանով, որ գոնե ինչ-որ կերպ թուլացնի իր հանդեպ կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև նեղացնի շրջանն ու կրճատի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց գործունեությունը նպաստում էր Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը, նվազագույնի հասցնի դրա հնարավոր արդյունքները:
Միաժամանակ, Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, Ռուսաստանում գրանցվել է արդյունաբերության տեմպերի ռեկորդային անկում վերջին 8 տարիների կտրվածքով: Ինքը Ռուսաստանը ներդրումային քաղց է զգում: Հետևաբար, Հայաստանի նախարարների կաբինետի այդ ներդրումային սպասումներն ի սկզբանե ձախողման էին դատապարտված:
Բացի այդ, Կարապետյանի կառավարությունն այն կառավարությունն է, որն արևմուտքում օրակարգ չունի, այդ պատճառով էլ իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում նա չի այցելել ոչ մի արևմտյան մայրաքաղաք:
Մենք տեսնում ենք, որ ենթակառուցվածքային նախագծերը Հայաստանում լճանում են, տեսնում ենք կտրուկ անհամապատասխանություն Հայաստանի նախորդ տարվա արտաքին քաղաքական հարաբերական հաջողությունների (ԵՄ հետ համաձայնագրի ստորագրում, Իսրայելի հետ հարաբերությունների բեկում, ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվածություն, Չինաստանի և Հնդկաստանի հետ քաղաքական հարաբերությունների խորացում) և տնտեսական կոնյունկտուրայի վրա դրանց անդրադարձի միջև: Այդ ձեռքբերումները չեն ամրապնդվում տնտեսական հաջողություններով, և դա մեզ սպառնում է նրանով, որ դրանք կարող են ժամանակավոր բնույթ կրել: Այդ ժամանակ որտե՞ղ և ինչո՞ւ անել ներդրումներ:
Ինչ սպասել 2018թ-ին
2017թ-ի արդյունքները կբերեն տնտեսական քաղաքականության շտկման»:
- «Ելք» ընդդիմադիր դաշինքը Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խորհրդարանում քննարկումներ էր նախաձեռնել՝ մատնանշելով երկրի տնտեսության համար այդ անդամակցության բացասական հետևանքները: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հրաժարվեց միությունից դուրս գալուց: ԵԱՏՄի—ից Հայաստանի դուրս գալու խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը ձախողվեց:
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու այդ փորձն ի սկզբանե հաջողելու քիչ շանսեր ուներ: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ հասարակությունում այս հարցի վերաբերյալ քննարկումներ կան: Այդ քննարկումների թեժությունը կպահպանվի, և, ի վերջո, Հայաստանը կազատվի այդ անպետք կապանքներից: Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները թերարժեք են՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների ձևը:
ԵԱՏՄ-ն լքելու մասին քննարկումները խորհրդարանում միայն առաջին փուլն են: Դրանք դեռ կվերսկսվեն: Հենց ռուսական քաղաքականությունն այդ քննարկումների վերսկսման համար բազմաթիվ առիթներ կտա: Ռուսաստանում մեծ խնդիրներ կան ոչ միայն արդյունաբերության, այլ նաև բանկային ոլորտում, երկրի ներսում կառավարման որակի հետ կապված, այն պարուրված է դաժանագույն պատժամիջոցներով, որոնք նույնիսկ ԽՍՀՄ-ը երազում չէր տեսնի: Իրավիճակը հղի է տարբեր տեսակի ֆորսմաժորներով:
Երբ քաղաքական սնանկը նաև տնտեսական սնանկ դառնա, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունն ԵԱՏՄ-ն լքելու քայլեր կձեռնարկի, հասկանալով, որ ոչինչ չխոստացող, ոչինչ չտվող, այլ միայն հարվածող միությունում մնալը շատ ավելի վատ է, քան այն լքելը: Բոլոր նախադրյալներն ու միտումները տանում են դեպի դա, սակայն դրա համար ժամանակ և հասարակության կողմից ջանքեր են պահանջվում:
Ինչ սպասել 2018-ին
Այս տարին կարևոր է լինելու նրանով, որ սկսվելու է ԵՄ հետ համաձայնագրի վավերացումն ու ինստիտուտների ձևավորումը, որոնք պատասխանատու են այդ համաձայնագրի իրականացման համար: Քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն կներգրավվի այդ գործընթացում, իսկ դա, իր հերթին, կբերի ԵԱՏՄ թերարժեքության մասին բանավեճերի»:
- Հայաստանի կառավարությունը խոստացել էր նվազեցնել երկրում աղքատության մակարդակը, որն այսօրվա դրությամբ կազմում է գրեթե 30%: Այն պլանավորում էր այդ ծրագիրն իրականացնել տնտեսական աճի, նվազագույն աշխատավարձի և սոցաջակցության բարձրացման հաշվին: 2017թ-ին այդ ծրագիրը կառավարությանը չհաջողվեց իրականացնել:
«Աշխատավարձերի և տնտեսական մակարդակի բարձրացում չէր էլ նախատեսվում: Այդպիսի սպասումների համար ոչ մի հիմք չկար, քանի որ ոչ մի համակարգային փոփոխություն չէր իրականացվել: Իշխանություններն էլ այդպիսի մտադրություն չունեին: Մեր իշխանությունները մտադիր են քիչ փոխել և այնպես փոխել, որ ոչինչ չփոխվի: Միգուցե քանակական ցուցանիշներն ինչ-որ տոկոսիկներով աճել են, բայց դա «ջրի բերած, ջրի տարած» է:
Ինչո՞ւ է տարած: Որովհետև 2018թ-ի հունվարի 1-ից երկու թերի փաստաթուղթ է ներմուծվել. նոր Հարկային օրենսգիրքը, որի համաձայն՝ նոր ակցիզային վճարներ են մտցվում, և ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը, որը ներմուծումից կախում և մոնոպոլիզացված տնտեսություն ունեցող Հայաստանում անպատճառ կհանգեցնի բոլոր գների աճի:
Ինչ սպասել 2018-ից
Ես չեմ տեսնում արգելակներ, որոնք կկանգնեցնեն երկրում աղքատության աճը: Ոչ կոմպետենտ կառավարությունը, որը զուրկ է քաղաքական մտածողությունից, քաղաքական խնդիրների ընկալումից, կբերի սպասվող մռայլ արդյունքին»:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: