Հայաստանի սահմանը «պահող» զբոսաշրջային բիզնեսները
Սահմանամերձ գյուղերում զբոսաշրջության զարգացում
2020թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայասատանի սահմանները փոխվել են, արդյունքում մի շարք համայնքներ ստացել են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ: Չնայած դրան, հատկապես հետպատերազմյան շրջանում քիչ չեն նրանք, ովքեր ստեղծում կամ ընդլայնում են իրենց բիզնեսը հենց այս տարածքներում, դա համարելով երկրի սահմաններն ամրացնելու ու պաշտպանելու լավագույն միջոցը:
Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում հյուրատներ ու գաստրոբակեր հիմնած գործարարները պատմում են, թե ինչու են որոշել աշխատել այնտեղ, ուր ոչ միայն հեշտ չէ ապրել, այլև անվտանգ չէ։ Նրանք խոսում են իրենց բիզնեսի առանձնահատկությունների, զարգացման ուղիների ու պետության կողմից սպասվող մասնակցության ու հոգածության չափաբաժնի մասին:
- «Հիսուսի արձանը՝ հանգած հրաբխի վրա». Հայաստանի կառավարությունը չի առարկում
- Անվտանգության գոտու պահանջ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներից
- «Հայաստանը կարող է կրկնել Սինգապուրի հաջողությունը»․ Ռուսաստանից տեղափոխված գործարարներ
«Սահմանակից համայնքների ամրացման լավագույն մոդելը»
Սահմանամերձ համայնքում բիզնես հիմնելու գաղափարը երևանաբնակ Գարիկ Փայտյանի մոտ առաջացել է տարիներ առաջ: Ասում է՝ պատճառն անարդարությունն էր. սահմանին մոտ գտնող բնակավայրերի մասին հիշում էին միայն սահմանային միջադեպերի ժամանակ, ինչն անընդունելի էր համարում:
«Ես ուզում էի, որ շեշտն ավելի շատ դրվեր տարածաշրջանի հնարավորությունների, պոտենցիալ ներդրումային ծրագրերի վրա։ Բայց փոխարենը սահմանամերձ համայնքների մասին խոսում էին միայն կրակոցների դեպքում, օգնություն խնդրողի կարգավիճակով: Ես իմ ծննդավայր Նորաշենում ինչ-որ բան փոխելու մեծ ցանկություն ունեի: Եվ իմ բիզնես գաղափարն ամբողությամբ այդ ցանկության վրա էր հիմնված, ոչ թե հստակ հաշվարկված բիզնես նախագծի»,- ասում է Տավուշի մարզի Նորաշեն գյուղում գաստրոբակի ու հյուրատան համահիմնադիր Գարիկ Փայտյանը:
Բացատրում է՝ տասնամյակներ շարունակ Տավուշի սահմանամերձ համայնքները փակ շղթայի մաս են կազմել, ուր զբոսաշրջիկը չի այցելել, որովհետև գիշերակացի ու զբոսաշրջային այլ ծառայությունների առաջարկներ չեն եղել։ Իսկ պոտենցիալ ներդրողները ներդրում չեն կատարել զբոսաշրջիկների չայցելելու պատճառով: Գարիկի հիմնած «Զովակ» հյուրատունը առաջինն էր տարածաշրջանում։
«Պետք էր մեկը, որ այդ շղթան ճեղքեր: Իմ կարծիով, դա մենք ենք եղել, որքան էլ անհամեստ հնչի: Եվ հենց մեր օրինակը տեսնելով՝ այսօր տարբեր մարդիկ ներդրում են կատարում և հյուրատներ են բացում հարակից տարածքներում»,- ասում է Գարիկը:
Հայրական գյուղից՝ Նորաշենից, 12 տարեկանում ընտանիքի հետ հեռացած Գարիկի համար վերադարձն ակունքներին անհրաժեշտություն էր, ընտանիքի համար՝ հետքայլ:
«Ընտանիքս գյուղից դուրս է եկել ավելի լավ կյանքի ակնկալիքով։ Եվ նրանք, բնականաբար, դեմ էին իմ հետ վերադառնալուն: Մտածում էին, որ դա հետքայլ է: Ես այս քայլն արել եմ հայրենասիրությունից, սոցիալական պատասխանատվությունից դրդված։ Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մեր հյուրատուն-գաստրոբակը դառնալու է աշխատող, շահութաբեր բիզնես»,- ասում է Գարիկը:
Նրա կարծիքով՝ զբոսաշրջության զարգացումը լավագույն ճանապարհն է հեռավոր սահմանամերձ գյուղերում կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու ու երիտասարդներին այստեղ պահելու համար:
Համոզված է՝ այն կարող է դառնալ սահմանակից համայնքների ամրացմանը միտված լավագույն մոդելը, եթե, իհարկե, պետության մասնակցության ու հոգածության չափաբաժինն այս մասով ավելանա․
«Այն, ինչ մենք արել ենք մինչև հիմա, կարծում եմ, պետք է աներ կամ համայնքը, կամ պետությունը: Ցավոք, ո՛չ համայնքը, ո՛չ պետությունը մեր տարածաշրջանում զբոսաշրջությունը որպես առաջնահերթություն չեն դիտարկում, և այս առումով շատ քիչ բան է արվում»:
Սահմանամերձ համայնքների համար ենթակառուցվածքների բարելավումը Գարիկը համարում է հրատապ խնդիր․
«Լավագույն բանը, որ պետությունը կարող է անել տարածաշրջանի համար, տեղի բնակչի ու զբոսաշրջիկի կյանքը հեշտացնող ճանապարհի կառուցումն է: Խոսքը Բերդ, ճամբարակ, Իծաքար, Գանձաքար ճանապարհի մասին է։ Այն ճանապարհը, որն այժմ ասֆալտապատ է, ամենաերկարն է, ամենաոլորապտույտը և սահմանին ամենամոտը: Այսինքն, բոլոր հնարավոր ճանապարհային տարբերակներից ամենաանհարմարն է ընտրվել ասֆալտապատելու համար։ Նորաշենը նաև ջրի լուրջ խնդիր ունի: Կեցության տարրական անհրաժեշտություն ներկայացնող այս ու նմանատիպ այլ հարցեր տարիներ շարունակ լուծում չեն ստանում»:
Գործարարի դիտարկմամբ՝ չլուծված բոլոր խնդիրների հիմքում մեկ պատճառ կա՝ չկա երկարաժամկետ զարգացման իրականանալի ռազմավարություն․
«Չեն դիտարկվում հնարավորությունները, դրանց շուրջ ծրագրեր չեն մշակվում, միայն առաջացած խնդիրներին իրավիճակային լուծումներ են տրվում: Երկարաժամկետ մոտեցում չկա, համենայն դեպս մեր տարածաշրջանում: Իսկ այն, ինչ կա, թղթի վրա ձևական բաներ են, որոնք կամ չեն իրականացվում, կամ հնարավոր չէ իրականացնել»:
Երիտասարդ գործարարը շեշտում է՝ սահմանամերձ համայնքներին պատշաճ ուշադրության արժանացնելու դեպքում թե՛ բնակիչները, թե՛ ներդրողները չեն լքի դրանք:
«Սահմանամերձ բիզնեսների հաջողելու նախապայմանը խաղաղությունն է»
Վայոց ձորի սահմանամերձ Գոմք գյուղում շուրջ 40 ընտանիք է ապրում: Զինվորական ծառայությունն այստեղ անցկացրած Կարեն Ասլանյանը հենց այդ ժամանակ է որոշել Գոմքում տուն գնել ու գյուղը դարձնել զբոսաշրջային կենտրոն:
«Ով լսում էր մեր գաղափարի մասին, մտածում էին՝ ամուսիններով գժվել ենք: Ոչ ոք չէր հավատում, որ Գոմքում հնարավոր է տուրիզմ զարգացնել: Ասում էին՝ նույնիսկ հայերը չեն գալիս, դրսի տուրիստներն ինչո՞ւ պիտի գան»,- հիշում է Կարենը:
Չնայած շրջապատի մարդկանց տարակուսանքին, ամուսինները Գոմքում տուն գնեցին, այն վերածեցին հյուրատան՝ առաջինն այդ տարածաշրջանում: Ավելի ուշ հյուրատնային ծառայությանն ավելացրին զբոսաշրջային այլ ծառայություններ՝ ձիավարություն, ձկնորսություն, թիավարում, արշավներ՝ տարածաշրջանի պատմամշակութային վայրերով:
Այսօր Ասլանյան ընտանիքի ստեղծած «Բենսոն» հանգստի գոտին ընդգրկում է 3 հյուրատուն, ձկնաբուծարան, ձիաբուծարան։ Բիզնեսն արդյունավետ վարելու համար զբոսաշրջային ծառայությունների մատուցման համար ներգրավվել են նաև համայնքի բնակիչները: Գոմքը գնալով ավելի գրավիչ է դառնում, իսկ զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը զուգահեռ ակտիվանոմ է նաև համայնքային կյանքը՝ գյուղմթերքի իրացման ու աշխատանքով ապահովվելու հնարավորություններ ստեղծելով տեղացիների համար:
Կարեն Ասլանյանը չի թաքցնում՝ սահմանամերձ համայնքում բիզնեսով զբաղվելը բարդ է․
«Հեշտ ոչինչ չկա, մարդ պիտի գործին սրտով կպնի, գործի հետ տանջվի, գործով ապրի: Իմիջիայլոց ոչինչ չի կարելի անել: Քովիդով, 44-օրյա պատերազմի հետպատերազմական շրջանով պայմանավորված խոչընդոտները շատ են, բայց որքան բարդանում է բիզնես վարելը, այնքան ավելի ուժեղ ենք գործին կպնում»:
Գործարարը շեշտում է՝ սահմանամերձ բիզնեսները հաջողելու համար երկու նախապայման են ակնկալում պետությունից՝ խաղաղության երկարաժամկետ ապահովում ու Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալի հանրայնացում՝ միջազգային հարթակներում: Այսպիսով ակնկալում է գյուղի ու գյուղացու վիճակի բարելավում․
«Լավ կլինի, որ պետությունն օգնի համայնքին ճանապարհները կառուցելու, գյուղացու արտադրած մթերքն իրացնելու հարցում: Այդ դեպքում գյուղացիներն ավելի ոգևորված կզբաղվեն գյուղատնտեսությամբ, վստահ կլինեն, որ պետությունն իրենց թիկունքին է։ Մեր երկիրը սկսվում է սահմանից ու սահմանային գյուղերից: Որքան սահմանները հզոր լինեն, այնքան ապահով կլինի ամբողջ ժողովրդի համար»:
«Սյունիքն ամենից շատ ունի աջակցության կարիք»
Արսինե Սահակյանը Սյունիքի մարզի սահմանամերձ 5 գյուղեր է «որդեգրել» 2020-ի պատերազմում մինուճար որդուն կորցնելուց հետո:Ասում է՝ միտքն առաջացել է պատահաբար, երբ ֆեյսբուքյան հարթակում տեսել է ընկերներից մեկի կողմից պատրաստված տեսանյութը՝ սահմանամերձ դատարկվող, ընդամենը 22 ընտանիք ունեցող Նժդեհ համայնքի մասին:
«Պատերազմի հետևանքով որդուս կորցնելը ծանր հարված էր: Իմ մեջքը կոտրվել էր, թևաթափ վիճակում էի, ոչինչ չէի կարողանում անել: Այդ տեսանյութը տեսնելով զգացողություն ունեցա, որ ես կարող եմ, ես պետք է գնամ ու փրկեմ դատարկվող գյուղը: Ամեն օր մտածում էի, թե գյուղում ի՞նչ բիզնես նախագծեր կարող եմ իրականացնել, որ մարդիկ զբաղմունք ունենան, աշխատեն, գումար վաստակեն, զբոսաշրջիկների հոսք ապահովենք»,- հիշում է Արսինեն:
Երևանից սահմանամերձ Սյունիք տեղափոխվելու ու համայնքային զարգացման ծրագրեր իրականացնելու որոշումն արագ է կայացրել: Նախ տուն է գնել Նժդեհին կից սահմանամերձ Բնունիս համայնքում, ապա՝ այն վերածել հյուրատան: Հյուրատունը կոչել է զոհված որդու անունով՝ «Էդգարի տուն» ու որոշել՝ դրա դռները միշտ բաց են լինելու բոլորի առաջ՝ անկախ նրանից, կվճարեն ընդունելության համար, թե՝ ոչ:
«Ծառայությունից առաջ որդիս ինձ խոստացել էր, որ կվերադառնա ու սահմանամերձ որևէ գյուղում կամ Արցախում հող կգնենք, մեր տունը կկառուցենք: Սյունիքի սահմանակից համայնք տեղափոխվելով ես նախ և առաջ ուզում էի որդուս երազանքն իրականություն դարձնել։ Իսկ ինչո՞ւ Սյունիք: Որովհետև այն ամենաթույլն ու ամենախոցելին է պատերազմից հետո: Սյունիքն ամենից շատ ունի բոլորիս աջակցության, նեցուկ լինելու կարիքը: Սա իմ տղայի պահած հայրենիքն է, ու ես պարտավոր եմ դա անել»,- ասում է Արսինեն:
Բիզնես հմտությունները բարելավելու համար նա նախ սովորել է սոցիալական ձեռնարկատիրության դպրոցում, ապա հիմնել «Արսինե-Նժդեհ» սոցիալական ձեռնարկությունը:
Տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին «Էդգարի տունն» այսօր առաջարկում է ոչ միայն գիշերակաց ու սնունդ, այլև կազմակերպում է արշավներ ու զբոսաշրջային տուրեր, գյուղական վարպետաց դասեր: Հյուրատանը կից գործում է նաև կարի արտադրամաս, որտեղ ներգրավված են Բնունիսի կանայք:
Արսինեի խոսքով՝ սահմանամերձ Սյունիք տեղափոխվելը նաև օրինակ ծառայելու նպատակ ուներ.
«Ես եկել եմ այստեղ, որ օգնեմ տեղացիներին վերականգնել իրենց կամքը, եռանդը, հույսը, որ օրինակ լինեմ արտերկրում կամ սահմանից հեռու ապրող մարդկանց համար։ Որ նրանք էլ մշտական բնակության վայր ընտրելիս դիտարկեն ոչ միայն Երևանը, այլև Հայաստանի սահմանակից համայնքները»:
Այսօր արդեն հպարտութամբ ասում է՝ իր օրինակը սկսել է պտուղներ տալ․
«Ինձնից հետո արդեն երկու ընտանիք է տեղափոխվել մեր տարածաշրջան, ևս երկուսը պատրաստվում են տեղափոխվել: Մարդիկ զանգահարում են, հետաքրքրվում, խնդրում իրենց համար հարմար տուն գտնել: Գյուղ են վերադառնում մարդիկ, որոնց տան դռները տարիներով փակ են եղել: Հիմա նրանք բացում են տան դռներն ու նորոգում այն՝ հյուրատան վերածելու նպատակով: Իսկ ես հաճույքով հետևում եմ այդ ամենին»:
Սահմանամերձ գյուղերում զբոսաշրջության զարգացում