Հայաստանի Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը իշխանություններն ուզում են դնել ժողովրդի վրա
Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ սկանդալը շարունակվում է։ Երկրի գործող իշխանությունները մտադիր են դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անել, որին համարում են նախորդ իշխանությունների ներկայացուցիչ։
Փետրվարի 6–ին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանին օրինագիծ է առաջարկել Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնց համաձայն՝ դադարեցվում են դատարանի նախագահի և դրա անդամների լիազորությունները։
Սակայն ողջ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահայտվել, ինչպես օրինագծի քննարկման, այնպես էլ քվեարկության ժամանակ։
Արդյունքում՝ իշխող քաղաքական ուժի պատգամավորները գիտակցաբար գնացել են իրենց իսկ առաջարկած օրինագծի ընդունման ձախողմանն առաջին ընթերցմամբ։ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 անդամները ձեռնպահ են մնացել, թեև նրանց ձայները բավարար կլինեին օրինագծի ընդունման համար։
Այսպիսով՝ նրանք ուզում են հասնել դրան, որ հարցը Սահմանադրական դատարանի շրջանցմամբ դրվի համաժողովրդական հանրաքվեի։
Իշխող կուսակցությունը կարծում է, որ այդ կերպ նպաստում է ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը։
• Հայաստանի խորհրդարանը մտադիր է պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի ղեկավարին
• Հայաստանում շարունակվում է իշխող կուսակցության պայքարը Սահմանադրական դատարանի ղեկավարի դեմ
• Սահմանադրական դատարանի և դրա նախագահի շուրջ իրադարձությունների ժամանակագրությունը
Ի՞նչ փոփոխություններ էր առաջարկում իշխող կուսակցությունը
Նախագծի մասին հիմնական զեկուցողն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էր, որը, ներկայացնելով նախագիծը, հաղորդեց, որ իշխող խմբակցությունն առաջին ընթերցմամբ դեմ է քվեարկելու առաջարկած օրինագծին, և, ըստ Սահմանադրության 202–րդ հոդվածի երրորդ կետի, խորհրդարանի լիազորությունների շրջանակում առաջարկում է այն համաժողովրդական հանրաքվեի դնել։ Այսինքն՝ օրինագիծը հանրաքվեի դնելու և խորհրդարանում փոփոխությունների ընդունումը ձախողելու մտադրությունն ի սկզբանե կար։
«Սա ուղիղ ժողովրդավարության կիրառում է։ Ինչպես ասացինք, մենք հավատում ենք մեր ժողովրդին, և մենք ժողովրդին ասելիք և նրանից լսելիք ունենք», — խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Վահագն Հովակիմյանը։
Օրինագծի իմաստն այն է, որ դադարեցվեն ՍԴ նախագահի և դրա անդամների լիազորությունները, որոնք ընտրվել են նախորդ իշխանությունների օրոք՝ մինչև 2018 թ–ի ապրիլի 9–ը։ Այդ օրն արդեն լիարժեք ուժի մեջ մտան բոլոր սահմանադրական փոփոխությունները, որոնք ընդունվել են 2015 թ–ին։
Նախագիծը չի վերաբերում ՍԴ միայն երկու գործող դատավորի, որոնք այդ պաշտոններում նշանակվել են իշխանափոխությունից և «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո։
«Տվյալ փոփոխության նպատակն այն է, որ ՀՀ ՍԴ սահմանադրական կազմի, ինչպես նաև հասարակության և իշխանության ճյուղերի կողմից դրա նկատմամբ անվստահության ճգնաժամը լուծվի և ձևավորվի Սահմանադրական դատարան՝ 2015 թ–ի Սահմանադրության յոթերորդ գլխին համապատասխան», — ասված է իշխող կուսակցության նախագծի հիմնավորման մեջ։
Ինչպե՞ս է արձագանքել ընդդիմությունը
Իշխող կուսակցության նախաձեռնությանը դեմ է արտահայտվել խորհրդարանում ներկայացված ողջ ընդդիմությունը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկված փոփոխություններում մի շարք խնդիրներ է տեսնում։ Իսկ սահմանադրական ճգնաժամն, ըստ նրա «հեքիաթ է և սուտ»․
«Անգամ եթե խոստովանենք, որ ճգնաժամ կա, ապա չի կարելի դրա լուծման համար զոհաբերել օրենքի գերակայությունը և մեր միջազգային հեղինակությունը»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը օրինագծի քննարկման ժամանակ ընդգծել է, որ Սահմանադրությունում փոփոխությունների ներառումը հանձնաժողովի ստեղծում է պահանջում․
«Ի՞նչ խնդիրներ ունենք։ Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու նորմալ ընթացակարգի դեպքում կլուծվի ՍԴ հետ կապված ձեր խնդիրն, ինչպես նաև ողջ դատական համակարգի խնդիրը։ Ինչո՞ւ խուսափենք նորմալ, համակարգային փոփոխություններից և մակերեսային ուղիներ ընտրենք»։
Տարոն Սիմոնյանը հիշեցրել է Վենետիկի հանձնաժողովի վերջին հայտարարությունը Հայաստանում դատական բարեփոխումների և դատավորների մեծ մասին միաժամանակ հեռացնելու անընդունելիության մասին, քանի որ դա, ըստ կազմակերպության, հակասելու է Սահմանադրությանը։
«Ձեր նախագիծը հակասահմանադրական իրավիճակ է ենթադրում, որի դեպքում ՍԴ 6-7 դատավոր միաժամանակ կարող է հրաժարական տալ», — ասել է նա։
• Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ սկանդալը միջազգային հնչեղություն է ստանում
Իսկ դա ընդհանրապես օրինակա՞ն է
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը միանշանակ հակասում է երկրի գլխավոր օրենքին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի ոչնչացման փորձ է։ Ավելին, նա այդ ընթացակարգը գնահատում է որպես քրեական հանցագործություն․
«Նրանք փոփոխություններ են փորձում կատարել այն դրույթներում, որոնք արդեն իրենց սպառել են, և դրանցում փոփոխություններ լինել չեն կարող»։
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ կատարվող իրադարձությունները «պարզապես բլեֆ են»․
«Դրա գինն այնքան բարձր է, որ ԵԽ անդամ ոչ մի պետության ղեկավարություն, որքան էլ էքսցենտրիկ ու պոպուլիստ լինի, երբեք-երբեք դրան չի կարող գնալ։
Ուրեմն ո՞րն է այս ամենի նպատակը։
Շատ պարզ։ Հոգեբանական գրոհով ազդել ՍԴ դատավորների վրա, որ «կամավոր» ստորագրեն ու հեռանան։ Հետո արդեն բոլորը կմոռանան այս նախագծի մասին ու կինոն կավարտվի»։
Վարչապետի ելույթը
Խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանը, լինելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմնակից, Սահմանադրության տեքստը նրա շահերին է համապատասխանեցրել․
«Գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի միջև. եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն պետք է այդ տեքստը նաև իրեն [Հրայր Թովմասյանին] պաշտոնավարելու հնարավորություն տա մինչև 2035 թվականը», — հայտարարել է նա։
Ի՞նչ է ասում ՍԴ նախագահը
Մինչ Ազգային ժողովում լուծվում էր ՍԴ ներկայիս կազմի հետագա գործուեության հարցը, Հրայր Թովմասյանն ընդունելություն էր կազմակերպել ՍԴ հիմնադրման 24-ամյակի առթիվ։ Իր ելույթի ընթացքում նա է․
«Մենք պետք է իմանանք և վերջնականապես հասկանանք, որ ՍԴ-ն քաղաքական ինստիտուտ չէ, և այնթույլատրելի է ստուգել դատական համակարգի քաղաքական վստահության աստիճանը։ Ոչ մի նման բան չկա և չի կարող լինել։ Մեզնից [խորհրդարանի շենքը Սահմանադրական դատարանի շենքից հեռու չէ – JAMnews] 100 մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը կտա պատմությունը։ Չեմ ուզում անդրադառնալ այդ ամենին»։