Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով
Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու հարցը քննվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ հուլիսի 26-ի ուշ երեկոյից Երևանի համայնքներից մեկի առաջին ատյանի դատարանում: Հուլիսի 27-ի առավոտյան դատական նիստը շարունակվեց: Եվ միայն գիշերն՝ արդեն հուլիսի 28-ին, հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է միջնորդությունն ու Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրել:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար: Խոսքը գնում է 2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունների մասին:
Նախապատմությունը
2008թ-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական դաշինքի կողմնակիցները պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները: Նրանք պնդում էին, որ իրականում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Տասն օր շարունակ՝ մինչև մարտի 1-ը, հազարավոր մարդիկ տուն չէին գնում հրապարակից՝ շուրջօրյա մասնակցելով ցույցերին:
2008 թ-ի մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ մարտական զենք կիրառվեց, տասը մարդ զոհվեց՝ ութ քաղաքացիական անձ և ոստիկանության երկու աշխատակից: Այդ իրադարձությունների ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա արտակարգ դրություն մտցրեց: Տասը տարվա ընթացքում մարտի 1-ի գործն այդպես էլ չբացահայտվեց: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ քվեարկության արդյունքներով նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Սակայն նա այդ պահին դեռ չէր պաշտոնավարում:
• Մարտի 1-ից 10 տարի անց Հայաստանի 10 քաղաքացիների սպանությունը չի բացահայտվել
Հայաստանի քաղաքական ուժերի հարաբերությունները
Ռոբերտ Քոչարյանի հնարավոր կալանքի վերաբերյալ որոշ քաղաքական ուժեր բավական խիստ արձագանքեցին:
Մասնավորապես, նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածեց.
«Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը»:
ՀՀԿ ներկայացուցիչ և Հայաստանի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ այն պահին գործող Սահմանադրությունը թույլ էր տալիս նախագահին արտակարգ դրություն մտցնել և զինված ուժերն օգտագործել պետության համար վտանգի առկայության ժամանակ: Իսկ դա մեղադրող կողմի հիմնական փաստարկն է:
Ըստ Հարությունյանի՝ վտանգը լինում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Եվ այս մասին ասված է նաև Հայաստանում գործող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում, որն արժանացել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ գործող Սահմանադրությունն արգելում է նախագահին հետապնդել իր իրավասությունների կատարման համար՝ անգամ պաշտոնից հեռանալուց հետո:
ՀՅ Դաշնակությունը նույնպես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին: Կուսակցության հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը կարող է գնահատվել որպես քաղաքական հետապնդում:
Ինչո՞ւ են իշխանությունները մեղադրվում քաղաքական հետապնդման համար
Հայաստանում «թավշյա հեղափոխության» արդյունքում 2018թ-ի գարնանն իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան պաշտոնը զբաղեցնելը հայտարարում էր «Մարտի 1-ի» գործի բացահայտման անհրաժեշտության մասին:
2008թ-ի նախագահական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը: Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի և 4 ամիս ընդհատակում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքների պատճառով:
2010թ-ի հուլիսի 1-ին նա ինքնակամ դատախազություն էր ներկայացել, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Մեկ տարի և 11 ամիս անց նա համաներմամբ ազատ էր արձակվել, որը հայտարավել էր անկախ Հայաստանի 20-ամյակի առթիվ: Ընդդիմությունը պնդում էր, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին գնալ միջազգային կառույցների ճնշման տակ:
Ո՞վ է սատարում Քոչարյանին առաջադրված մեղադրանքին
Քոչարյանին առաջադրված մեղադրանքին լիակատար աջակություն է հայտնում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը՝ «Հայ ազգային կոնգրեսը»:
Հենց 2008թ-ին նախագահական ընտրություններին մասնակցող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին ընտրությունների ավարտից հետո բողոքի ակցիա անցկացնում՝ պահանջելով վերանայել դրանց արդյունքները: Եվ հենց նրանց ցրեցին երկրի ղեկավարության հրամանով:
«Այս որոշումը պատմական է այն առումով, որ Հայաստանի ժողովուրդն արդարադատություն է պահանջում: Ինձ համար «Մարտի 1-ի» գործում միշտ չափանիշ էր այդ իրադարձությունների զոհերի ծնողների վերաբերմունքը: Բարի լուրերից հետո ես նրանց զանգահարեցի, և մենք շնորհավորեցինք միմյանց», — հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նման շնորհավորանքներ են հիմա միմյանց գրում Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր:
Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը ներկայացել էր Հատուկ քննչական ծառայություն, ուր կանչվել էր որպես «Մարտի 1-ի» գործով վկա: Սակայն ներկայանալու առաջին իսկ րոպեից նրան մեղադրանք է առաջադրվել:
ՀՔԾ շենքից դուրս գալուց հետո Քոչարյանը հարցազրույց տվեց «Երկիր Մեդիա» երևանյան հեռուստաընկերությանը: Նա հայտարարեց, որ այս գործը շինծու է և քաղաքական հետապնդում:
«Սա վտանգավոր պահ է հենց երկրի համար: Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ: Իրավական համակարգը մեծ վտանգի տակ է: Կգնամ կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ»: