Հայաստանի հիմնական խնդիրները․ անկայունություն, գործազրկություն, Արցախյան հակամարտություն
ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) Հայաստանում առաջին համազգային հարցումն է անցկացրել 2020 թ-ի աշնանն Արցախյան պատերազմից հետո և երեք գլխավոր խնդիր առանձնացրել, որոնք ամենաշատն են հուզում հասարակությանը։ Դա քաղաքական անկայունությունն է (12%), գործազրկությունը (11%) և Արցախյան հակամարտությունը (9%)։
Այս առնչությամբ՝ հարցվածների 26%-ը մոտակա չորս տարում իր և իր ընտանիքի ապագան չի տեսնում Հայաստանում։ Ընդ որում, նրանց 15 տոկոսը «միանշանակ չի տեսնում» հայրենիքում իր ապագան։
Հարցմանը մասնակցել է 1510 մարդ։ Այն անցկացվել է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակիչների շրջանում։
Բոլոր մանրամասները․ որ հարցերին ինչպես են պատասխանել Հայաստանի բնակիչները։
- Ինչպիսի՞ն է կյանքը պատերազմից հետո․ հայկական սահմանամերձ գյուղի երիտասարդ համայնքապետի հարցազրույցը
- Կայուն անկայունություն Հայաստանում։ Ելքը ռեստա՞րտն է
Ընտրություններին մեծ մասը ոչ մի ուժի չէր ընտրի
Հարցումը ցույց է տվել, որ եթե հաջորդ կիրակի Հայաստանում ընտրություններ կայանային, 33%-ն իր ձայնը կտար իշխող «Իմ քայլը» քաղաքական ուժին։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» կստանար 3% ձայն։ Երրորդ տեղում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը դեռևս իր կուսակցությունը չունի։ Նա կստանար հարցվածների ձայների 2%-ը։
Սակայն մեծ մասը՝ 42%-ը, կընտրեր «ոչ մի քաղաքական ուժի չեմ ընտրում» տարբերակը։
Հարցման այս արդյունքը գրավել է քաղաքագետների ուշադրությունը, քանի որ երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, ընդդիմությունը պահանջում է գործող վարչապետի հրաժարականը, բանակցություններ են գնում արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ։
Ինչ վերաբերում է առավել ակտիվ ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշին, ապա նրանք առաջատարն են՝ ըստ այն հարցի պատասխանների, թե «որ քաղաքական ուժի օգտին չէիք քվեարկի»։ Այստեղ առաջին տեղում է նախկին իշխող «Հայաստանի հանրապետական կուսակցությունը»՝ 25%։ Մյուս արմատական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին չէր քվեարկի 17%-ը։
Ինչի՞ վրա պետք է կենտրոնանա իշխանությունը
Հետագա քայլերի մասին հարցին հարցվածների 97%-ը պատասխանել է, որ կառավարությունը պետք է կենտրոնանա ներքին՝ տնտեսության, քաղաքական կայունության և սոցիալական հարցերի լուծման վրա։
Կարևորությամբ հաջորդ հարցը, որն իշխանություններից ջանքեր է պահանջում, ըստ հարցման արդյունքի, Արցախի բնակիչների վերաինտեգրումն է։ Հարցվածների 92%-ը նշել է, որ կառավարությունը պետք է ապահովի Արցախի այն բնակիչների անվտանգ վերադարձը, որոնք Հայաստան են եկել 2020 թ-ի աշնանն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։
Ֆավորիտ կառույցներ
Որ ինստիտուտի գործունեությունից են մարդիկ ամենաշատը գոհ՝ հարցի պատասխանները հետևյալն են․
- բանակ` 73%,
- ոստիկանություն՝ 63%,
- մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 60%,
- տեղական ինքնակառավարման մարմիններ՝ 56%,
- վարչապետի գրասենյակ՝ 54%-ը,
- Հայ առաքելական եկեղեցի՝ 52%-ը։
Միաժամանակ, մարդիկ դժգոհ են հետևյալ կառույցների աշխատանքից․
- խորհրդարան՝ 62%-ը,
- նախագահ՝ 60%,
- վարչապետի գրասենյակ՝ 43%,
- ողջ կառավարությունը՝ 53%,
- գլխավոր դատախազություն՝ 53%,
- դատարաններ՝ 57%։
Փորձագետի կարծիք
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը կարծում է, որ հարցման արդյունքը թվերով ցույց է տալիս հայ հասարակության ողջ ապատիան ու հիասթափությունը․
«Մարդիկ ընտրություն չունեն։ Հետպատերազմական իրավիճակում իշխանության նման վարկանիշն, իհարկե, նորմալ չէ, սակայն դատարկված քաղաքական դաշտի հետ կապված ողջ այս իրավիճակը ձևավորվել է վերջին 15-20 տարիների ընթացքում»։
Երկրում քաղաքական ճգնաժամի լուծման համար սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս առնչությամբ հասարակությունում շատերը մտածում են, թե ինչ է լինելու, եթե վաղն ընտրություններ անցկացվեն, և կուսակցություններից ոչ մեկը չհավաքի 50+1 տոկոս ձայն։ Արդյո՞ք սա կրկին ճգնաժամի չի հանգեցնի։
«Կարևոր գործոն է նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, թե ինչ առանձնահատկություններ է այն ունենալու և արդյոք ընդհանրապես ընդունվելու է։ Հին օրենսգրքով ընտրությունների գնալը նշանակում է վերադարձ վարչական ռեսուրսի և մեծ ֆինանսների օգտագործման պրակտիկային։
Այդ տրամաբանությամբ՝ ընտրությունների արդյունքում երկու մրցակցող դաշինք կձևավորվի, որոնք ձայներ կհավաքեն՝ ով ինչպես կարողանա։ Եվ սրան կնպաստի անվստահությունը և՛ իշխանության, և՛ ընդդիմության նկատմամբ», — կարծում է փորձագետը։
Նրա կարծիքով՝ չի կարելի նաև մոռանալ արտաքին քաղաքական գործոնի մասին, և «Ռուսաստանի գործոնը գալիքի ընտրություններում ավելի զգալի կլինի, քան նախկինում էր»։