Հայաստանի խորհրդարանը քվեարկել է դեմ՝ վարչապետի թեկնածությանը, հետևաբար, կողմ՝ իր արձակմանը
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները սպասված կերպով և արդեն երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրեցին։ Դա խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջև պայմանավորվածության արդյունք էր։ Նպատակը խորհրդարանի արձակումն էր։ Այդ նույն նպատակով հրաժարական տված վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողացել էր այդ մասին պայմանավորվածության գալ խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ առաջին քվեարկության նախօրեին։
Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունն ու նրա կողմնակիցները խորհրդարանի ցրումը վաղաժամ էին համարում։ Սակայն, այսօրվա քվեարկության արդյունքում արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն իրականություն են։ Եվ, ինչպես հաղորդեց Փաշինյանը, դրանք կանկացվեն այս տարվա դեկտեմբերի 9-ին։
Ինչո՞ւ են անհրաժեշտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
«Թավշյա» հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկած քաղաքական ուժը խորհրդարանում մեծամասնություն չուներ։
Հեղափոխության առաջնորդ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել։ Իսկ խորհրդարանական հանրապետություն դարձած Հայաստանի ղեկավարը հենց վարչապետն է։ Սակայն գործող խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում նախկին իշխանության պատգամավորներն ու նրանց կողմնակիցները, կարող էին ձախողել կառավարության որոշումների ու նախաձեռնությունների ըընդունումն, ինչը բազմիցս տեղի է ունեցել։
Երկրի՝ բնակչության զգալի մասի աջակցությունն ունեցող «հեղափոխական» իշխանությունն անհրաժեշտ է համարում անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և իր համար մեծամասնություն ապահովել Ազգային ժողովում։
• Վարչապետի թեկնածության դեմ քվեարկության փորձը դրանից մեկ շաբաթ առաջ
• Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում
Ինչպե՞ս է անցկացվել քվեարկությունը
Ազգային ժողովի նիստը տևել է մոտ չորս ժամ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, եկրի ղեկավարի ընտրության ընթացակարգի համաձայն, ծրագրային ելույթ է ունեցել և պատասխանել պատգամավորների հարցերին։ Նրա պատասխաններն այնքան հիմնավոր և ըստ էության էին, որ խորհդարանի խոսնակը ստիպված եղավ պատգամավորներին հիշեցնել պայմանավորվածության մասին․ այսօր Փաշինյանին պետք չէ վարչապետ ընտրել։
Քվեարկության արդյունքում՝ պատգամավորներից ոչ մեկը Փաշինյանի թեկնածությանը կողմ չարտահայտվեց։
Ի՞նչ ասաց Փաշինյանը
Փաշինյանը չկենտրոնացավ քվեարկության վրա և իր ելույթի մեծ մասը նվիրեց Հայաստանի տնտեսական վիճակին։ Մասնավորապես, վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ հայկական տնտեսությունում առողջացման միտումներ են նկատվում։ Նա ասաց նաև, որ երկիրը թևակոխում է տնտեսական տրանսֆորմացիաների շրջան․
«Ես երկու ամիս առաջ հրապարակել եմ տնտեսական առաջընթացի կառուցվածքի մասին մեր պատկերացումը և քաղաքական արձանագրումը հետևյալն է, որ մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական, արդյունաբերական արտադրանքի և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի: Այսօր այստեղից ուզում եմ հայտարարել, որ հենց այսօր այս գործընթացը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նրա կառավարությունը որոշ ձեռնարկությունների ազատել է մաքսատուրքերից և հետաձգել ԱԱՀ վճարումը։ Դա թույլ է տվել նոր աշխատատեղեր ստեղծել և ներդրումներ ներգրավել․
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ այս գործիքի շրջանակներում, եթե հանում ենք հանքարդյունաբերության ոլորտը, մնացած ոլորտներում իրականացվող ներդրումներն այս ինն ամիսների ընթացքում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ ակնկալվող աշխատատեղերն աճել են 30 տոկոսով: Այսինքն, 70 տոկոսով աճել է այնպիսի սարքավորումների ներկրումը, որոնք վերաբերում են ժամանակակից տեխնոլոգիական և մրցունակ արտադրանքի թողարկմանը: Իսկ այդ շրջանակում այդ սարքավորումներն աշխատեցնելու համար անհրաժեշտ աշխատատեղերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 30 տոկոսով»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական հարցերին։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Փաշինյանը կարծում է նաև, որ Թուրքիան չի կարող ճնշում գործադրել Հայաստանի վրա ղարաբաղյան հակամարտության հարցում․
«Նրանք, ովքեր կածում են, որ կարող են ստիպել Հայաստանին ղարաբաղյան հարցում լուծման այս կամ այն տարբերակն ընդունել, սխալվում են։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն ես բացառում եմ, որ մենք ճնշման տակ և ստիպողաբար, սպառնալիքների և օկուպացիայի պատճառով կարող ենք որևէ քայլ կատարել։ Ընդհակառակը, մենք էլ ավելի ենք ամրապնդվելու, միավորվելու և հասնելու մեր ազգային նպատակներին»։
Փաշինյանը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան և պաշտոնական Մոսկվայի արձագանքն այդ այցին․
«Բոլթոնի այցի հետ կապված կարևոր մի բան տեղի ունեցավ․ Ռուսաստանի ներկայացուցիչներն ԱՄՆ-ին հիշեցրին, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, իսկ ԱՄՆ ներկայացուցիչները Ռուսաստանին հիշեցրին, որ Հայաստանն անկախ երկիր է։ Թեև չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը մոռացել էր այդ մասին, քանի որ մենք մեր գործունեությունը հենց այդ դիրքերից ենք կառուցում»։