Հայաստանի խորհրդարանը մտադիր է պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի ղեկավարին
Հայաստանի խորհրդարանում կայացել է փակ, գաղտնի քվեարկություն իշխող «Իմ քայլը» խմբակցության առաջարկի վերաբերյալ, որը նախատեսում է Սահմանադրական դատարան դիմել դրա նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Քաղաքական ուժը, որն իշխանության է եկել «թավշյա» հեղափոխությունից հետո, Հրայր Թովմասյանին ասոցացնում է «նախորդների» հետ, նրան անընդունակ համարում կայացնել արդար և օրինական վճիռներ նոր հետհեղափոխական իրականությունում։
Պատգամավորների մեծ մասն այդ առաջարկին «կողմ» է քվեարկել։ Ընդդիմադիր խմբակցություններից մեկը՝ փաստաթղթի իրավական հիմքերը թույլ համարելով, հրաժարվել է մասնակցել այդ նախագծի քվեարկությանը։
Վճիռը պետք է կայացնեն Սահմանադրական դատարանի անդամները։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը կդադարեցվի, եթե ինը դատավորներից նվազագույնը վեցը համաձայն լինեն խորհրդարանի դիրքորոշման հետ։
• «Հայաստանի բանտերում արտոնյալ բանտարկյալներ կան»
• Նամակներ Հայաստանի բանտից. «Ապստամբություն բանտում։ Ինչպե՞ս եղավ և ինչո՞ւ»
Իշխող դաշինքի նախաձեռնությունն ու քվեարկության արդյունքները
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն Ազգային ժողովին է ներկայացրել իր նախագիծը սեպտեմբերի 19-ին։
Փաստաթուղթը գրեթե 100 էջ է։ Դրանում ներկայացված է Սահմանադրական դատարանի ղեկավարի լիազորությունների դադարեցման համար չորս հիմք՝ համաձայն Հայաստանի օրենսդրության և միջազգային դատարանների նախադեպերի։
Ինչպես նշվում է իշխող կուսակցության նախագծում, դրանցից մեկը այն խախտումներն են, որոնք Թովմասյանը թույլ է տվել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրված մեղադրանքի հոդվածների սահմանադրականության մասին գործի քննման ընթացքում։ Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար։ Եվ ՍԴ դատավորները Հրայր Թովմասյանի նախագահությամբ արձանագրել են հոդվածներից մեկի անհամապատասխանությունը երկրի գլխավոր օրենքին։
Փաստաթղթում նշվում է նաև, որ այդ որոշման ընդունման ժամանակ խախտվել է դատարանի անաչառության սկզբունքը։ Խոսքը Հայաստանի հանրապետական նախկին իշխող կուսակցությանը ՍԴ նախագահի անդամակցության մասին է։ Դրա կառավարման տարիներին Թովմասյանը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել։ 2010թ-ին նա արդարադատության նախարար է նշանակվել, իսկ 2014թ-ին՝ դարձել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։
Թովմասյանի անաչառության վերաբերյալ կասկածների պատճառ է դարձել Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի և Քոբերտ Քոչարյանի շահերի համընկնումը «Մարտի 1»-ի քրեական գործի շուրջ։ Հենց այդ գործով է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներգրավված որպես գլխավոր մեղադրյալ։ Խոսքը 2008թ-ի իրադարձությունների մասին է, երբ ցույցը ցրելիս տասը մարդ էր զոհվել։ Ցույց էին անում նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրվել էր Սերժ Սարգսյանը, սակայն գործող նախագահը դեռ Քոչարյանն էր։ Այդ պատճառով էլ նա է մեղադրվում ցույցը դաժանաբար ցրելու, մարտական զենք կիրառելու և մարդկանց մահվան համար։
Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ ներկայացված փաստաթուղթը բավականաչափ հիմք է դատարանի նախագահին պաշտոնանկ անելու համար․
«Մեր գնահատականով՝ մեր իրավաբանների ներկայացրած իրավական հիմքերը բավականին ծանրակշիռ են»։
Դրա հետ համամիտ չէ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Դրա պատգամավորները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը։ Նրանք իրենց որոշումը բացատրել են ոչ թե Հրայր Թովմասյանի անձով, այլ փաստաթղթի անկատարությամբ․
«Մեր իրավաբանների հետ նայեցինք թղթերը, որտեղ կան և՛ ժամկետների խախտումներ, և՛ թերի դրույթներ, հիմնական դրույթները իրավաբանորեն ապացուցված չեն, հիմնավորումները շատ թույլ են, և եկանք այն եզրակացության, որ չմասնակցենք քվեարկությանը․․․ ԱԺ–ն չէ որոշողը` Հրայր Թովմասյանը պետք է մնա, թե հեռանա», — հայտարարել է խմբակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը։
Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր ընդամենը 80 ձայն, որոնք, առանց այդ էլ, ուներ իշխող «Իմ քայլը» դաշինքը։ Սակայն, ըստ Մակունցի, «դատական համակարգի բարեփոխումները, դատական համակարգի անկախությունն ու դրա հանդեպ վստահությունը նաև այլ քաղաքական ուժերի՝ որպես մանդատ ունեցողների պատասխանատվությունն է»։
Թովմասյանը քննարկմանը չէր ներկայացել, թեև հրավիրվել էր։
132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը։ 98 պատգամավոր կողմ է քվեարկել Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը և միայն մեկն է դեմ եղել։ Երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Ինչո՞վ է հայտնի Հրայր Թովմասյանը
Հայաստանում ոչ միայն իշխող կուսակցությունն է Հրայր Թովմասյանին վերաբերվում որպես նախկին իշխանության ներկայացուցչի, այլ նաև շատ հասարակ քաղաքացիներ։
Թովմասյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է եղել և զբաղեցրել մի շարք առանցքային պաշտոններ։
Նա հայտնի է նրանով, որ 2015թ-ին սահմանադրական փոփոխությունների տեքստի հեղինակն է եղել։ Եվ դեկտեմբերին հանրաքվե էր կայացել, որի արդյունքում Հայաստանը կառավարման նախագահական համակարգից անցել էր խորհրդարանականի։
Այն ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտադիր չէ այլևս երկրի բարձրագույն պաշտոններին հավակնել։ Սակայն արդեն 2018թ-ի ապրիլին, երբ խորհրդարանական մեծամասնությունն իր առաջնորդ Սերժ Սարգսյանին ընտրեց որպես նոր վարչապետ, հաստատվեց կրկին իշխանությունում հայտնվելու նրա ցանկությունը։
Սահմադրությունում ներառված փոփոխություններից առաջ նա արդեն երկու ժամկետ նախագահի պաշտոնն էր զբաղեցրել և չէր կարող երրորդ անգամ դա անել։ Փոփոխությունները նրան հնարավորություն տվեցին իշխանության վերադառնալ՝ այժմ արդեն որպես վարչապետ, այսինքն՝ կրկին երկրի կառավարման բարձրագույն պաշտոնում։
Նա հրաժարական տվեց իր ընտրվելուց մի քանի օր անց մարդկանց ճնշման տակ, որոնք փողոց էին դուրս եկել 2018թ-ի գարնանը տեղի ունեցող «թավշյա հեղափոխության» օրերին։
Դրա առաջնորդ Փաշինյանի խոսքով՝ Թովմասյանը Սահմանադրության տեքստը գրել էր «Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելով․․․, որպեսզի Սահմանադրական դատարանի նախագահ մնա մինչև 2035թ․»։
«Մեզ պետք է ուրիշ Սահմանադրական դատարան։ Ստացվում է, որ․․․ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի [ՍԴ նախկին ղեկավար — JAMnews] օգնությամբ սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը ինչպես մի նոտարական գրասենյակ։ Եվ այսօր մենք ունենք իրողություն, որ ունենք 2019 թվականի Հայաստան՝ բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով, թե՛ սահմանադրական, թե՛ հեղափոխության, թե՛ ժամանակի իմաստով, բայց ըստ էության ունենք 1995-ի Սահմանադրական դատարան։», — հայտարարել է Փաշինյանը։
Խոսնակի հայտարարությունն ու Թովմասյանի պատասխանները
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ, որին քննարկվում էր ՍԴ ղեկավարի լիազորությունների դադարեցման նախագիծը, հայտարարել է․
«Ուղղախոսությունն է հարցերի լուծմանը տանող ճանապարհը։ Երկու տասնամյակից ավել ՀՀ–ում զանգվածաբար ապօրինի ազդեցություններ են եղել ընտրական գործընթացների վրա։ Նախորդ իշխանությունների ժամանակ թալանել են պետությունը` բանակից սկսած։ Եթե կազմեինք նախորդ ռեժիմի փաստաբանների թոփ հնգյակը, վստահաբար Հրայր Թովմասյանը լինելու էր նրանցից մեկը։
Թովմասյանն ուներ և ունի քաղաքական մոտիվացիա, իսկ այդ մոտիվացիան ամենևին էլ ՍԴ շահը չէր, այլ հին ռեժիմի փաստաբանությունը շարունակելը։ Հենց այս ամենի համար էլ Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել` նա այդ շանսն ուներ և այդ շանսը կորցրել է»։
Միրզոյանը մեկնաբանել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկի և Սահմանադրական դատարանի նախագահի քավոր-սանիկ հարաբերությունները։ Ըստ խոսնակի՝ «դա պարզապես բարեկամական կապ չէ, այլ բանակցություններ նախկին թիմի և Սահմանադրական դատարանի միջև»։
Թովմասյանը հակադարձել է այս հայտարաությանը՝ նախկին նախագահ Քոչարյանի փաստաբանի հետ իր կապի առնչությամբ․
«Քոչարյանի փաստաբան և իմ սանիկ Արամ Օրբելյանը (և ով էլ լիներ նրա տեղը ) չէր կարող ինձ ստիպել որևէ վճիռ կայացնել ի հեճուկս իմ ներքին համոզմունքի»։
Դատարանի նախագահը կարծում է, որ կատարված գործընթացները բացառապես քաղաքական բնույթ են կրում։ Եվ դրանց նպատակն, ըստ նրա, Սահմանադրական դատարանը՝ որպես քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին խոչընդոտ չեզոքացնելն է․
«Նման կանխատեսելի ՍԴ ունենալը, որը պետք է կատարի կամ փաթեթավորի քաղաքական որոշումները, պետության վերջն է: ՍԴ-ն արգելակման վերջին համակարգն է: Սա ընդամենը Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ։ Եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի»։