Հայաստանի դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15–ին․ համաճարակաբաններն ու կրթության փորձագետները՝ ռիսկերի մասին
Հայաստանի դպրոցները կվերադառնան աշխատանքային սովորական ռեժիմին սեպտեմբերի 15–ից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երեխաներին առկա ուսուցման տեղափոխել, եթե երկրում կորոնավիրուսային իրավիճակը վերահսկելի է։ Բժիշկների գնահատականով Հայաստանն արդեն հաղթահարել է վարակի տարածման գագաթնակետը։ Եվ կրթության նախարարությունը որոշել է հետևել ԱՀԿ խորհրդին։
Դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի՝ չնայած դրանց վերաբացումից հետո վարակման դեպքերի աճի ռիսկին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս առնչությամբ նա կոչ է արել «զգոն և խիստ կարգապահ լինել՝ պահպանելով բոլոր համաճարակային նորմերը, հակառակ դեպքում երկիրը կվերադառնա կրիտիկական դրության»։ Համաճարակաբանները ևս զգուշացնում են դպրոցներում դասերի վերսկսումից հետո կորոնավիրուսի նոր բռնկման սպառնալիքի մասին։
Կրթության նախարարությունից հաղորդում են, որ պարետատան հետ միասին համալիր միջոցների ցանկ է մշակվում ուսումնական պրոցեսի կազմակերպման համար։ Փաստաթուղթը խոստանում են հրապարակել մոտ ժամանակներս։
Առկա դասընթացների վերսկսման մասին դեռևս որոշում կա միայն հանրակրթական, երաժշտական և գեղարվեստական դպրոցների և միջին մասնագիտական հաստատությունների մասով։ Արդյոք կբացվեն նաև բուհերը, դեռևս պարզ չէ։
• Անսպասելի, բայց սպասված. ինչպես հեռավար կրթությունը դպրոցից տուն մտավ
• «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները՝ հեռավոր գյուղերում
• Եզդիները դեմ են, որպեսզի իրենց երեխաներին դպրոցում ստիպեն «Հայր մերն» արտասանել
• Գյուղ, որից սկսվում է Հայաստանը։ Լուսանկարներ և տեսանյութ
Իշխանությունները շտապո՞ւմ են
Բժիշկ–վարակաբան Արման Բադալյանը կարծում է, որ մինչև 18 տարեկան երեխաներն ավելի քիչ են հակված վարակման, քան մեծերն, այնուամենայնիվ, դպրոց հաճախելու որոշակի սխեմա կիրառելն անհրաժեշտ է լինելու։
Պետք է մշակել և դասերի ժամանակացույցը, և դպրոց գնալու հաճախականությունը։ Երեխաները պետք է սոցիալական հեռավորություն պահպանեն։ Պետք կլինի լուծել նաև տրանսպորտի՝ որպես վարակի տարածման գլխավոր աղբյուրներից մեկի հարցը։
Երևանի պետհամալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք–Նուբարյանը մտահոգ է, որ դպրոցների բացումից հետո վարակի նոր բռնկում կսկվի։ Ըստ նրա, իշխանությունները չպետք է շտապեն վերսկսել առկա ուսուցումը։
Սակայն, քանի որ որոշումն արդեն ընդունվել է, փորձագետը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի փորձն ու ձեռք բերված հմտությունները թույլ կտան խուսափել սխալներից և իրավիճակի դրամատիկ զարգացումից։
Նրա կարծիքով, սկզբից արժե մայրաքաղաքի և մի շարք գյուղերի մի քանի դպրոցներում պիլոտային նախագիծ սկսել, ընդհանրացնել ստացված տվյալները՝ հասկանալու համար, թե որքանով է դա վտանգավոր երեխաների և ուսուցիչների առողջության համար և ինչպես է ազդելու վարակի տարածման վրա․
«Սա շատ նուրբ հարց է, քանի որ խոսքը երեխաների և ուսուցիչների մասին է, որոնցից շատերը, տարիքից ելնելով, ռիսկի խմբում են»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ երեխաները նույնպես վարակվում են, և բավականին հաճախ, այդ պատճառով էլ առկա ուսուցման անցնել խորհուրդ է տրվում միայն զգուշավորության բոլոր միջոցների խիստ պահպանման դեպքում։ Այսինքն՝ դպրոցներում պետք է օճառով և ջրով լվացվելու հնարավորություն լինի, առանց դրա կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում ուսումնական հաստատությունների անվտանգ աշխատանք հնարավոր չէ։
Սակայն Հայաստանի շատ դպրոցներ ապահովված չեն անգամ տարրական սանիտարական պայմաններով։
«Առցանց դասերը չեն կարող փոխարինել առկա ուսուցումը»
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ երեխաները պետք է դպրոց հաճախեն և հոգեբանական, և հուզական, և ֆիզիկական առողջության տեսակետից։ Եվ նրանց այդ պահանջմունքներն անհնար է իրագործել առցանց դասերի ընթացքում։
Եթե համավարակն ավարտվեր մի քանի ամսից, կարելի էր դպրոցները չբացել և դասերն առցանց ռեժիմում շարունակել։ Սակայն եթե այն ևս կես տարի կամ մեկ տարի տևի, ապա կրթության որակը կարող է լրջորեն տուժել։
Այնուամենայնիվ, համավարակի պայմաններում, ըստ փորձագետի, նախընտրելի կլիներ բացել միայն մայրաքաղաքի տարրական՝ 1–4-րդ դասարանները, ինչպես նաև փոքր գյուղական դպրոցները՝ մինչև 150 աշակերտով։
Այդտեղ ավելի հեշտ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել, դասերը կարելի է երկու–երեք երեխայի հետ անցկացնել դասարաններում և սոցիալական հեռավորություն պահպանել։
Ընդհանուր առմամբ, գյուղերում վարակի տարածման դեմ պայքարելն ավելի հեշտ է։ Երևանում այդ առումով շատ ավելի բարդ է, քանի որ դպրոցները համեմատաբար մեծ են, ամեն դասարանում մինչև 30 աշակերտ կա։ Մայրաքաղաքի ամենափոքր դպրոցում մինչև 300 աշակերտ է սովորում, ինչն արդեն զանգվածային վարակման ռիսկեր է ստեղծում։
Կրթության նախարարությունը դեռևս չի հրապարակել համալիր միջոցների ցանկը՝ ինչպես խուսափել վիրուսի բռնկումից։ Սերոբ Խաչատրյանը ենթադրում է, որ, հնարավոր է, դասարանները կիսվեն, դասընթացները երկու հերթափոխով անցկացվեն։ Սակայն այստեղ հարց է առաջանում, թե ով է ուսուցիչներին վճարելու լրացուցիչ դասաժամերի համար։ Բացի այդ, շաբաթական մինչև 20-25 ժամ ծանրաբեռնվածությամբ ուսուցիչներ կան։ Արդյո՞ք նրանք կդիմանան 40-50 ժամ զբաղվածությանը։
Որպես միջոց քննարկվում է դպրոցական բուֆետների փակման հարցը, դրանք տաք ջրով ապահովելու, դասամիջոցների և հանգստի առավել անվտանգ կազմակերպման հարցերը։ Ենթադրվում է նաև ծնողներին արգելել դպրոց մտնել։
Վերանայվում է և դպրոցական ծրագիրը։ Դրանից կարող են հանվել այն առարկաները, որոնց ժամանակ բարդ է բացառել երեխաների միջև սերտ շփումը, օրինակ՝ ֆիզկուլտուրան, պարը։
Փորձագետին առանձնապես անհանգստանում է տրանսպորտի հարցը, քանի որ բոլոր անհրաժեշտ համաճարակային նորմերն ապահովելը լեփ–լեցուն երթուղայիններում և ավտոբուսներում, բարդ է։ Իսկ թե արդյոք դպրոցականներին առանձին տրանսպորտ կտրամադրվի, դեռևս պարզ չէ։
Բուհերի դեպքում, ըստ Սերոբ Խաչատրյանի, համավարակի փուլում ավելի լավ է շարունակել առցանց դասընթացները։