Հայաստանի բնակիչների արտահոսքը դեպի Ռուսաստան կրկին ավելացել է՝ ըստ ռուսական աղբյուրների, մի քանի անգամ
Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ռուսական ինստիտուտի հետազոտության համաձայն՝ Ռուսաստանում ավելացել է Հայաստանից եկած միգրանտների թիվը։ 2019թ-ի ցուցանիշը գերազանցել է նախորդ բոլոր տասը տարիների ցուցանիշները։ Առաջին չորս ամսում Ռուսաստանը Հայաստանից ավելի շատ միգրանտ է ընդունել, քան ամբողջ անցյալ տարվա ընթացքում։
• Ինչո՞ւ հայ բանվորներին էլ շահեկան չէ Ռուսաստան մեկնելը
Հստակ թվեր
Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ռուսական ինստիտուտի հետազոտությունում ասվում է, որ 2019թ-ի առաջին չորս ամիսներին Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճն ընդհանուր առմամբ կազմել է 98 հազար մարդ։ Համեմատության համար․ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը կազմել է 57,1 հազար մարդ։
Ամենաշատն ավելացել է Հայաստանից և Ուկրաինայից եկած միգրանտների թիվը։
Եթե 2018թ-ի հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստան էր ժամանել 4 900 միգրանտ, ապա 2019թ-ին այդ ցուցանիշն ավելացել է ավելի քան 2.5 անգամ և կազմել 12 800 մարդ։
«Դա Տաջիկստանից (31 հազար), Ղազախստանից (26 500) և Ուկրաինայից (14 800) հետո չորրորդ ցուցանիշն է», — ասված է զեկույցում։
Բացի այդ, հետազոտության համաձայն՝ 2019թ-ի հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում է գտնվում Հայաստանի ավելի քան 490 հազար քաղաքացի։
Ի՞նչ են մտածում հայ և ռուս փորձագետները
Սակայն հենց ռուսաստանցի փորձագետները կասկածում են, որ միգրացիայի աճն այդչափ ավելացել է։
«Դրա պատճառները [շատ երկրներից միգրացիոն կտրուկ աճը] անհասկանալի են։ Կարծում եմ, որ միգրացիայի հաշվառման կամ միգրացիոն տեղեկությունների մշակման համակարգն ինչ-որ փոփոխություններ է կրել, որոնց մասին դեռ չգիտենք, քանի որ Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը դրանց մասին ոչինչ չի հաղորդում։ Դա անբնական աճ է», — ասում է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Ժողովրդագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկիտա Մկրտչյանը։
Հայաստանի փորձագետները փորձում են բացատրել ցուցանիշների հնարավոր աճի պատճառները։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ իր դերն է խաղացել ավանդական սեզոնային միգրացիան, ինչպես նաև երկրում սպասվող փոփոխությունների տեմպից որոշակի հիասթափությունը․
«Մարդիկ, հատկապես նրանք, ովքեր արտասահմանում չէին հիմնավորվել, ոգևորվել էին հեղափոխությամբ [խոսքը «թավշյա» հեղափոխության մասին է, որը տեղի է ունեցել 2018թ-ի գարնանը — JAMnews]։ Նրանց մոտ հույս էր արթնացել, որ Հայաստանում կարելի է ավելի լավ ապրել։ Սակայն փոփոխությունները, որոնց նրանք սպասում էին, տեղի չեն ունեցել կամ չեն հասցրել տեղի ունենալ, հետևաբար, այն միտումը, որը կար վերջին տարիների ընթացքում, պարզապես վերականգնվել է։ Եվ այժմ մարդիկ արևի տակ իրենց տեղն են փնտրում՝ արդեն Հայաստանից դուրս»։
Վարչապետը՝ դրական սալդոյի մասին
Դեռ 2019թ-ի սկզբին՝ այն ժամանակ դեռ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել երկրից մեկնածների թվի մասին։ Նա գրում էր, որ Հայաստանը 2018թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը լքածների և նույն ժամանակահատվածում Հայաստան վերադարձածների թվի տարբերությունը պլյուս 20 713 է․
«Անցյալ տարվա ցուցանիշը մինուս 25 932 էր։ Այսինքն՝ երկրից մեկնել էր 25 932 մարդով ավելին, քան ժամանել էր»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Սոցիալական ցանցերում մարդկանց կարծիքները կիսվում են։ Ոմանք կարծում են, որ թվերն ուռճացված են․ իրականում այդքան շատ մարդ չի մեկնում, մյուսները ցուցանիշի աճի համար մեղադրում են արդեն նոր իշխանությանը։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Դե, գոնե Հայաստանում հնդիկները մեծ մրցակցության մեջ չեն հայտնվի։ Շուտով առանց վիզայի ռեժիմ էլ որ լինի, նրանք էլ ավելի կշատանան»։
«Սա պետք է Փաշինյանին ցույց տալ, երբ նա ասում է, որ աշխատանք կա, սակայն չի ասում, թե որքան են այդ աշխատանքի դիմաց վճարում։ Մարդկանց հիմարի տեղ են դրել»։
«Հիմարություններ թող չպատմեն։ Մարդիկ պարզապես սեզոնային աշխատանքի են մեկնում և շուտով կվերադառնան»։
«Ուր էլ գնան, միևնույն է, վերադառնալու են։ Մարդիկ հասկանում են, որ Հայաստանից լավ տեղ չեն գտնի։ Այնպես չէ, որ ուրիշ տեղ նրանց գրկաբաց սպասում են»։
«Ռուսաստնում ապրուստն այլևս այնքան լավ չէ, որքան նախկինում, իսկ ով գալիս է, չի ուզում 500 ռուբլով աշխատել և հետ է վերադառնում»։