Հայաստանի բանակում չծառայածները կարող են տուգանք վճարել ու ազատվել քրեական հետապնդումից
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյան, JAMnews
Հայաստանի 27 տարին լրացած այն քաղաքացիները, ովքեր հեռացել են երկրից և խուսափել են ծառայել բանակում, հնարավորություն կունենան առաջիկա 2 տարիների ընթացքում ամեն բաց թողնված զորակոչի դիմաց վճարել 200.000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար ՀՀ դրամ, այդպիսով ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք:
«Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամաբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից միաձայն, և մեծ հավանականությամբ կընդունվի վերջնականապես: Այն կգործի մինչև 2019 թվականի դեկտմբերի 31-ը:
Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր հրաժարվել նման հնարավորությունը օրենքով ամրագրելուց և թույլ չտալ գումար վճարելով խուսափել զինվորական ծառայությունից, բայց առաջարկը մերժվել է՝ այդ թվում իշխանական պատգամավորների կողմից:
Այս առնչությամբ օրինագծի զեկուցողը՝ իշխող «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն ասել է.
«Մենք ցանկացել ենք բարի գործ անել, որովհետև այդ երեխաները տարբեր պատճառներով են լքել Հայաստանը, շատ տարբեր պատճառներով են հեռացել երկրից: Նրանց ընտանիքներն են հեռացել սոցիալական կամ այլ պատճառներից ելնելով: Դռները նրանց առջև փակելը, կարծում եմ, այնքան էլ տրամաբանական չէ»:
Պատգամավորները մերժել են նաև պաշտպանության նախարարության մեկ այլ առաջարկ. ամեն բաց թողնված զորակոչի համար վճարել ոչ թե 200 հազար, այլ՝ 500 հազար դրամ: Պատգամավորները համարեցին, որ սա մեծ գումար է, երիտասարդները չեն կարողանա այն վճարել ու հետ չեն վերադառնա հայրենիք:
Ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները օրինագծի քննարկումների ընթացքում փորձում էին պարզել, թե իրականում ո՞րն է դրա նպատակը՝ բյուջե՞ն լցնել, թե՞ երիտասարդներին հայրենիք վերադարձնել:
«Ելք»-ի պատգամավորներ Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանը նշեցին, որ եթե փոփոխության հիմքում հայրենադարձությունն է, ապա գումարը չպետք է գանձվի ընդհանրապես:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասել է, որ արտերկրում 11 հազար հետախուզվողներից 86 տոկոսը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք են, և եթե մենք ուզում ենք, որ նրանք վերադառնան Հայաստան, ապա չպետք է շեշտադրենք գումար վճարելու հանգամանքը:
Օրինագիծը ներկայացնող Կարինե Աճեմյանը հակադարձել է այդ կարծիքներին.
«Եթե մենք նման բան անենք, կնշանակի, որ խրախուսում ենք բանակում չծառայելը: Այս մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում, որովհետև իրենք խախտել են օրենքը, մենք չենք կարող դռները բացել, ասել գնացեք, հետո կարող եք հետ գալ ու գումար էլ չվճարել»:
Նա տեղեկացրեց, որ անցած տարիների ընթացքում օրենքի գործողության արդյունքում պաշտպանության նախարարության բյուջե է մուտքագրվել ավելի քան 8 միլիարդ դրամ, որն ուղղվել է ռազմական ոլորտի կարիքներին:
Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ երկրորդ ընթերցմանը կներկայացնեն նոր առաջարկություններ և կփորձեն օրենքի վերջնական տեքստում փոփոխություններ մտցնել: