Հայաստանը նշում է անկախության 29-ամյակը, վարչապետը ներկայացրել է մինչև 2050 թ-ը զարգացման ռազմավարությունը
Հայաստանը նշում է անկախության 29-ամյակը։
1991 թ-ի սեպտեմբերի 21-ին երկրում հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում երկրի բնակչության 99,5 տոկոսը դրական է պատասխանել հետևյալ հարցին․ «Համաձա՞յն եք արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»։
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն արդեն ընդունել էր «Անկախության հռչակագիրը», որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ Այսպիսով, Հայաստանը պաշտոնապես դուրս եկավ ԽՍՀՄ կազմից։
Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով բոլոր տոնական միջոցառումներն առցանց են անցկացվում։ Ուղիղ եթերում երկրի բնակիչներին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տոնի առթիվ նա ներկայացրել է նաև մինչև 2050 թ-ը Հայաստանի զարգացման ռազմավարությունը։ Ընդ որում, դրանում ներառված են նպատակներ, որոնք վերաբերում են ոչ միայն տնտեսական աճին, այլև ցանկալի մարզական ձեռքբերումներին և մարդկանց կյանքի տևողությանը։
•Հաստանի անկախության հասակակիցները
•Հայաստանի անկախության հասակակիցները
Զարգացման ռազմավարությունը վարաչպետից
Նիկոլ Փաշինյանը հայրենակիցներին շնորհավորել է անկախության կապակցությամբ․
«1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է… Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն։
Անցած 29 տարիների ընթացքում մենք միասին բախվել ենք բազմաթիվ փորձությունների… այս դժվարությունները, սակայն, չէին կարող կոտրել հայ ժողովրդին»։
Այժմ, ըստ վարչապետի, երկրի առաջ զարգացման խնդիր է դրված, և դրա համար ռազմավարություն է մշակվել, «որը ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու և իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ»:
Ահա այդ ռազմավարության կետերից մի քանիսը․
• Հայաստանի բնակչության աճ մինչև 5 մլն մարդ,
• 1,5 մլն նոր աշխատատեղերի ստեղծում և աղքատության հաղթահարում,
• ՀՆԱ ավելացում 20 անգամ, միջին աշխատավարձի աճ՝ 7 անգամ,
• առողջ ապրելակերպի վերածումն ազգային առանձնահատկության,
• կյանքի ակնկալվող տևողության բարձրացում մինչև 90 տարեկան,
• մեկ զինծառայողի ներուժի տեսանկյունից ախարհի ամենամարտունակ բանակի առկայություն,
• հետախուզական ծառայության ձևավորում, որը կներառվի աշխարհի առավել արդյունավետ հետախուզական ծառայությունների տասնյակում,
• կրթության վերածումն ազգային կենսակերպի,
• Հայաստանի վերածումը բարձր տեխնոլոգիաների երկրի,
• միաժմանակ՝ կլիմայական առումով կայուն և էներգաարդյունավետ երկրի՝ առողջ շրջակա միջավայրով,
• անտառածածկ տարածքների կրկնակի ավելացում,
• օլիմպիական 25 ոսկե մեդալի շահում,
• Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կողմից Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մրցանակակրի տիտղոսի նվաճում,
• շախմատի աշխարհի չեմպիոնություն,
• Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամյա թվի աճ մինչև 15 միլիոն մարդ։
Նախագահ․ «Պետք է հավատանք ինքներս մեզ»
Հավակնոտ և դժվար հասանելի նպատակների ֆոնին, որոնք բարձրաձայնել է Հայաստանի վարչապետն, արդիական է դառնում նաև նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հետագա երեսուն տարիները հայերը պետք է օգտագործեն ուժեղ հայրենիք կառուցելու համար։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Հայաստանն իրոք անկախ է, թե ստիպված է հարմարվել առավել ուժեղ պետությունների քաղաքականությանն ու տրամադրություններին, Սարգսյանը պատասխանել է, որ «պետք է հավատանք ինքներս մեզ»․
«Եթե որևէ մեկին թվում էր, թե 29 տարի առաջ բոլորը սպասում էին, որ Հայաստանն անկախ լինի, ապա այդպես չէ. Հայաստանն անկախացավ, քանի որ հայ ժողովուրդը միավորվեց ու իր կամքն իրականություն դարձրեց։
Եթե այսօր կարգապահ լինենք և հստակ ծրագիր ունենանք, կհասնենք այդ ծրագրի իրագործմանը»։