Հայաստանի Ազգային ժողովի ամենաակտիվ 5 պատգամավորները ընդդիմադիրներ են
Հայաստանի նորընտիր Ազգային ժողովում ամենաշատ ելույթ ունեցող 5 պատգամավորները ընդդիմադիր են: Ուսումնասիրությունը կատարվել է «Parliament monitoring» կայքի կողմից, որը ամփոփել է 2017թ.-ի ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովի եռամսյա աշխատանքը:
Մոնիթորինգի համաձայն՝ ամենաշատը ելույթ ունեցող պատգամավորների հնգյակում առաջին երեքը «Ելք» խմբակցության անդամներն են
- Արտակ Զեյնալյան, ով ելույթ է ունեցել 65 անգամ,
- Նիկոլ Փաշինյան՝ 64 անգամ,
- Մանե Թանդիլյան՝ 34 ելույթ:
Մյուս երկու պատգամավորները «Ծառուկյան» խմբակցությունից են՝
- Միքայել Մելքումյանը, ով ելույթ է ունեցել 43 անդամ,
- Սերգեյ Բագրատյանը՝ 38 անգամ:
Ազգային ժողովում ներկայացված են 4 կուսակցություններ: Նրանցից երկուսը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իշխանական կոալիցիա են կազմել: Դաշնակցությունն ունի ամենաքիչ պատգամավորները՝ 7 մանդատ, իսկ «Հանրապետական»-ը մեծամասնությունն է (58 մանդատ): Մյուս երկու ուժերը՝ «Ծառուկյան» դաշինքը և «Ելք»-ը իրենց հռչակել են ընդդիմություն: «Ծառուկյան» խմբակցությունը պատգամավորների թվով երկրորդ խոշոր ուժն է խորհրդարանում (31 մանդատ), իսկ «Ելք»-ը մանդատների թվով գերազանցում է Դաշնակցությանը՝ ներկայացված է կուսակցության 9 անդամով:
JAMnews-ի հետ զրույցում քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյաը նշել է, որ խորհրդարանական ընդդիմության ակտիվությունը բնական է, որովհետև դա բնակչության հետ շփվելու միակ հարթակն է նրանց համար:
«Խելացի» ընդդիմությունը փորձում է խորհրդարանական ամբիոնը մաքսիմալ օգտագործել և կապի մեջ լինել իր ընտրողի հետ՝ փորձելով իր ապագա ընտրողներին ցույց տալ, որ իրենց ձայն է պետք տալ: Բայց պետք չէ մոռանալ, որ ելույթներից ոչ բոլորն են իրենց մեջ ռացիոնալ տարր պարունակում: Այնպես որ քանակը դեռ որակ չէ: Նրանց ելույթները հիմնականում PR բնույթի են, չնայած PR-ը քաղաքականության մեջ վատ բան չէ»,- ասել է Վիգեն Հակոբյանը:
Իշխանությունները, ըստ Վիգեն Հակոբյանի, հիմնականում ակտիվանում են ընտրություններից առաջ, իսկ դրանից դուրս նրանց տեսակետը հայտնում են այն մարդիկ, ովքեր լիազորված են ներկայացնել այդ տեսակետը:
«Ամեն դեպքում, նորմալ չէ, որ առաջին հինգյակում իշխանավոր չկա, հավանաբար, նրանք ունեն տեսակետը ներկայացնողների՝ speaker-ների պակաս: Բացի այդ, իշխանական թևում կան պատգամավորներ, ովքեր երկու նախադասություն չեն կարողանում իրար կապել, դրա համար էլ նրանք ելույթներ չեն ունենում»,- նշել է Հակոբյանը:
Քաղտեխնոլոգը նկատել է, որ «Ծառուկյան» դաշինքի պարագայում ելույթներն ավելի շատ PR նպատակ ունեն, որովհետև շատերն են կասկածում նրանց ընդդիմադիր լինելուն:
«Այդ խմբակցությունում խրախուսվում է ելույթ ունենալը, հարցեր տալը, նրանք ուզում են ցույց տալ, որ գործից հասկանում են, հենց այնպես այնտեղ նստած չեն»,- ասել է Հակոբյանը:
Միաժամանակ, նա ասել է, որ ընդդիմության պարագայում հավանաբար ելույթները արդարացված են, որովհետև նրանք չունեն գործելու այլ լծակներ, քան՝ խորհրդարանում խոսելը:
Նույն «Parliament monitoring» կայքի տվյալներով՝ Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:
Առաջին տեղում խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանն է. նա չի մասնակցել 137 քվեարկության: Նրան հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, ով չի մասնակցել 79 քվեարկության: 3-րդ տեղում իշխող մեծամասնության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է, ով բացակայել է 76 անգամ: Ֆարմանյանին հաջորդում է կրկին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը՝ 71 բացակայությամբ, ապա Դաշնակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ 58: