«Հայաստանը եղել է և շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը»․ Հայաստանի ԱԳ նախարար
Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Մոսկվայում է։ Ռուսաստանցի գործընկերոջ հետ բանակցությունների նրա գլխավոր թեման, ինչպես սպասվում էր, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր։
«Հայաստանը եղել է և շարունակում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը լինել, որի համար այսօրվա իրադարձությունները գոյության պահպանման հարց են», — հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը ռուսաստանցի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նա հայտարարել է նաև, որ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը»։
Մոսկվայի բանակցություններում շոշափված հիմնական հարցերը։
•Կարծիք Երևանից․ «Թույլ չտալ, որ Թուրքիան միջնորդների թվում լինի»
•«Արցախն Ադրբեջանի մաս չի լինելու»․ Լեռնային Ղարաբաղի նախագահ
«Ռուսաստանը կարգավորմանն ակտիվ մասնակցություն կունենա»
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ «Ռուսաստանն ակտիվ մասնակցություն է ունենալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և մոտ ապագայում իրավիճակի բեկման հույս ունի»։
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն այս հարցով զբաղվելու է և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, և՛ որպես «մեր հարևանների շատ մոտ դաշնակից և ռազմավարական գործընկեր»։
Կողմերի դիրքորոշումը ռազմական գործողությունների վերաբերյալ
Հայաստանի արտգործնախարարը ռուսաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ամենասկզբից հայտարարել է, որ ռազմական գործողություներն անհրաժեշտ է դադարեցնել, և Ռուսաստանի դերն այս հարցում չափազանց կարևոր է։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ այս պահին դեռևս չեն պահպանվում հումանիտար հրադադարի մասին պայմանագրի պահանջները, որը ստորագրվել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին։
«Մենք տեսնում ենք, որ այս պայմանավորվածությունը ոչ լիարժեք է պահպանվում, և մարտական գործողությունները շարունակվում են։ Մենք հույս ունենք, որ շփումները, որոնք անցկացնում ենք և ձեզ և ադրբեջանցի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունների մասով, թույլ կտան ապահովել պայմանավորվածությունների լիակատար պահպանումը, որոնք համաձայնեցվել են եռակողմ ձևաչափով», — պատասխանել է Լավրովը։
Հայաստանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը մինչ այսօր լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ «բացահայտ ցուցադրելով հակամարտության ուժային, ռազմական լուծման և Արցախի բնակչության ֆիզիկական բնաջնջման նպատակներ»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ավելի շատ ուղղված է քաղաքացիական օբյեկտների ոչնչացմանը․
«Ավիացիայի, այդ թվում՝ թուրքական ավիացիայի աջակցությամբ, անօդաչու թռչող սարքերի, ծանր հրետանու, հրթիռային և տանկային ստորաբաժանումների կիրառմամբ հարվածների հետևանքով բազում զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում։ Շատ են զոհերն ու վիրավորներն Ադրբեջանի կողմից կասետային սպառազինության կիրառման հետևանքով»։
Վերիֆիկացիոն մեխանիզմների մասին
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը վաղուց են պնդում, որ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմներ ներդրվեն, սակայն Ադրբեջանն ամեն անգամ մերժում է,- հայտարարել է Հայաստանի նախարարը․
«Այդ պատճառով էլ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։ Հենց այդ պատճառով ես չեմ կարող որևէ մեղադրանք ընդունել Հայասատնի կամ Ղարաբաղի հասցեին»։
Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին
«Առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն, ու այս ուղղությամբ ռազմավարական գործընկերության զարգացումը մեր երկկողմանի օրակարգի առաջնահերթություններից մեկն է», — նշել է Մնացականյանը։
Նա հավելել է նաև, որ Երևանը շարունակում է փոխգործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ։ Դա Ռուսաստանի առաջնորդությամբ գործող ռազմական դաշինք է։ Հայաստանը դրա անդամ է, սակայն դեռևս չի դիմել դաշնակիցների օգնությանը, քանի որ, ըստ կազմակերպության կանոնակարգի, նրանք կարող են միջամտել Հայաստանի, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի դեպքում։