ՀՀ-ում քննարկում են Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեի հնարավորությունը
Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի առաջարկ
Հայաստանի 4 արտախորհրդարանական ուժեր իշխանություններին առաջարկում են առաջիկա ամիսներին անցկացնել ՀՀ՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե։ Վստահ են՝ երկրի գլխավոր՝ անվտանգային խնդրի լուծումն ու պետականության պահպանումը միայն ԵՄ-ն կարող է ապահովել։
Այսօր Ազգային ժողովում այդ թեմայով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել։ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում ներգրավված պատգամավորներին իրենց կարծիքները ներկայացրին ոչ միայն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, այլև փորձագետներ, քաղաքագետներ։
«ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած ՀՀ-ն անհամեմատ ավելի անվտանգ ու ապահով է լինելու արտաքին քաղաքական ճնշումներից, ՌԴ, Թուրքիայի, Ադրբեջանի ճնշումներից, քան այսօրվա Հայաստանը»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը հանրաքվեի անցկացումն անհրաժեշտություն է համարում։ Ասում է՝ այդ կերպ Հայաստանի որդեգրած նոր արտաքին քաղաքականությունը մանդատ կստանա։ Մյուս կողմից ՀՀ եվրաինտեգրումն ու հայ-ադրբեջանական, հայ-թուրքական կարգավորման գործընթացները միմյանց հակադրելը ռազմավարական սխալ է համարում։
«Շատ սկեպտիկ եմ։ Բացառում եմ Հայաստանի՝ ԵՄ անդամակցություն առանց հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Քոչինյանը։
Գաղափարի հեղինակների դիրքորոշումը
Եվիանտեգրման հարցով հանրաքվեի գաղափարը «Ժողովրդավարական ուժերի հարթակինն» է։ Հարթակը ձևավորել են 4 կուսակցություններ՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները։
Նախօրեին այս թեմայով համաժողով են գումարել։ Դրան մասնակցել են նաև քաղաքագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ։ Համաժողովի ավարտին հարթակը ՀՀ իշխանություններին կոչ է արել «առաջիկա 4 ամսվա ընթացքում կազմակեպել հանրաքվե ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցով»։
Նշվում է, որ արտախորհրդարանական ուժերը հաշվի են առել «ՀՀ ժողովրդի անվտանգության, տնտեսական և մարդկային զարգացման, մշակութային վերելքի ապահովման հրամայականը, ինչը պատմական այս փուլում հնարավոր է իրականացնել միայն Հայաստանի եվրոպական ինտեգրման միջոցով»։
«Փոքր պետությունների համար լավ է լինել ԵՄ անդամ»
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լսումների մեկնարկին ասել է, որ դրված չէ հարց՝ լա՞վ է լինել ԵՄ անդամ, թե՞ ոչ։
«Այդ հարցի պատասխանը պարզ է՝ փոքր պետությունների համար լավ է լինել ԵՄ անդամ, որովհետև համեմատաբար քիչ տալով՝ համեմատաբար շատ ստանում են։ Փորձը ցույց է տվել, որ փոքր երկրները թռիչքաձև աճ են արձանագրել անդամակցելուց հետո»,- նշել է Եղոյանը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ քննարկելիք հարցը ՀՀ եվրաինտեգրման ճանապարհն է, մասնավորապես՝ ինչպես ենք դա անում, ինչ գործիքակազմով, ինչ ժամկետներում։ Հերթական անգամ շեշտել է՝ ԵՄ-ին անդամակցելը մեկքայլանի գործողություն չէ։ ԱԺ-ն, ըստ նրա, արտախորհրդարանական ուժերից ակնկալում է բովանդակային առաջարկներ, ոչ թե քարոզչական ելույթներ։
Ընտրություն պետության հեռանկարի և չգոյության միջև
«Այսօր պարտադրված ենք ընտրել ոչ թե Եվրոպայի և ինչ-որ բանի միջև, մենք ուղղակի պարտավոր ենք ընտրել մեր պետության հեռանկարի և մեր չգոյության միջև»,- ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։
Սաֆարյանը նկատել է՝ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի և 2023 թ․-ի ԼՂ-ի էթնիկ զտման օրինակներով Հայաստանը հասկացել է՝ ռեգիոնալ անվտանգության համակարգերը չեն գործում, ՀԱՊԿ-ը ոչ թե անտարբեր է, այլ «թշնամական կառույց»։ Կարծում է՝ հայկական կողմը պարտադրված է օր առաջ հրաժարվել բացահայտ իր դեմ աշխատող դաշնակիցներից և դուրս գալ թշնամական կառույցներից։
«ԵՄ-ին անդամակցելը Հայաստանի համար, առաջին հերթին, դարձել է ռեգիոնալ անվտանգության մարտահրավերների հաղթահարման համար դաշնակիցներ ձեռք բերելու խնդիր»։
Փորձագետի խոսքով՝ Երևանն ունի եվրաինտեգրման արդյունքում 20-ից ավելի դաշնակիցներ ձեռք բերելու հնարավորություն։ Ըստ նրա՝ անվտանգությունից բացի դա իր հետ կբերի նաև բարեկեցություն և առաջընթաց։
Առաջարկ՝ հանրաքվեն կազմակերպել 100 օրվա մեջ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կառավարությանն առաջարկում է հանրաքվեն կազմակերպել սեպտեմբերի 21-ին։ 1991 թ․-ի այդ օրն է անցկացվել Հայաստանի Անկախության հանրաքվեն։
«Խնդիրը սիմվոլիզմը չէ։ Չնայած սիմվոլիզմն էլ գերկարևոր է։ Դա կնշանակի, որ մենք նորից ջանում ենք այս տարածաշրջանում դառնալ ժողովրդավարության կղզյակ»,- ասել է նա։
Այդ հանրաքվեն, ըստ Արամ Սարգսյանի, Հայաստանի համար կդառնա անվտանգության լրացուցիչ բարձիկ։ Կարծում է՝ ՀՀ-ին կսկսեն այլ աչքով նայել, օժանդակել․
«Կասկած չունեմ, որ դա շատ առատաձեռն կփոխհատուցվի հայ ժողովրդին ինչպես սպառազինության, անվտանգության, այնպես էլ տնտեսության զարգացման և ներդրումների առումով»։
«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը վստահ է՝ հանրությունն «այո» է ասելու հանրաքվեին։ Ըստ նրա՝ ԵՄ-ին անդամակցելը նախևառաջ պատասխանատվություն է․
«ՀՀ քաղաքացիները իրենք պետք է ստանձնեն այդ պատասխանատվությունը։ Հեշտ ճանապարհ չի լինելու, և հետո իրար մեղադրելու հարց չպետք է առաջանա»։
ԵՄ դրոշ՝ խորհրդարանի ամբիոնի մոտ
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը կարծում է.
«Հանրաքվեի արդյունքը պետք է տեղ գտնի նաև նոր Սահմանադրության մեջ: Շատ կարևոր է, որպեսզի ոչ թե Վրաստանի օրինակով Սահմանադրության մեջ ուղղակի եվրաինտեգրման կետը ներառենք, այլ հանրաքվեի արդյունքով կարողանանք այդ կետը այնտեղ ներառել»,- ընդգծել է նա։
Բաբաջանյանի դիտարկմամբ՝ նման հանրաքվեի անցկացումը կօգնի խորացնել հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի, այլև Միացյալ Նահանգների հետ։
Երբ Արման Բաբաջանյանն ավարտում էր խոսքը, նրա ձեռքում կոշիկ հայտնվեց։
«Որպեսզի պատկերավոր լինի։ Հիշո՞ւմ եք էս կալոշը։ Սա խորհրդանշում է մեր փողոցների վերջին օրերի հետադիմական, նաև արտաքին քաղաքական էն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, դեպի կործանում [նկատի ունի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որին աջակցություն հայտնեցին ՀՀ նախկին նախագահները, ում համարում է ռուսամետ]։ Էս տոքսիկ, թունավոր միջավայրից մեզ ազատում է պետք։ Երկու կարծիք չի կարող լինել։ Սա ուղղակի պիտի շպրտվի մեր իրականությունից։ Եվ կուզեմ, որ այս ամբիոնից կարողանանք նաև այս դրոշի ներքո անցկացնել քննարումները։ Կարծում եմ շատ ավելի գեղեցիկ կլինի»,- ասաց նա ամբիոնից կախելով ԵՄ դրոշը։
Դա դարձավ քննարկման առարկա։ Լսումները նախագահող Արման Եղոյանը տեղի ունեցածը որակեց «քաղաքական ակցիա», որը բովանդակային փոփոխություն չի մտցնում խոսակցության մեջ։
«Անում ենք բովանդակային քննարկո՞ւմ՝ լուծում գտնելու համար, թե՞ սիմվոլիզմն ենք ապահովում քննարկման»,- հարցրեց նա։
Իշխող թիմի պատգամավորի խոսքով՝ ՀՀ խորհրդարանում է քննարկումը, ուստի դրված պետք է լինի միայն Հայաստանի դրոշը։
Ավելի ուշ դրոշի թեմային անդրադարձավ նաև «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։
«Առանց Եվրամիության դրոշի մեր դրոշն անվտանգ չէ։ Հայաստանը Եվրոպա է»,- հայտարարեց նա։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ պետք է ֆիքսել, որ 2021-23 թթ․-ին տեղի ունեցած բոլորին հայտնի իրադարձությունների արդյունքում՝ ադրբեջանական հարձակումներ ՀՀ ինքնիշխան տարածքների վրա, ԼՂ էթնիկ զտում, Հայաստանում տեղի են ունեցել արտաքին քաղաքական ուղղվածության «բավականին շեշտակի, լուրջ, ռեակտիվ փոփոխություններ»։
«Ինչ նկատի ունեմ՝ ասելով ռեակտիվ։ Սկսել ենք այլ երկրներից զենք ձեռք բերել, որովհետև մեր «ռազմավարական դաշնակիցը» [Ռուսաստան] մեզ զենք չի վաճառել, այլ երկրների հետ համագործակցություն ենք զարգացրել, քանի որ գոյություն ունեցողն իրեն չի արդարացրել»,- պարզաբանել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի նոր արտաքին քաղաքականության մանդատավորումն «օրակարգային խնդիր» է։
Ըստ նրա ՝ եվրաինտեգրման ուղղությամբ խոսակցությունը, քաղաքական ընթացքը շարունակելու համար պետք է ունենալ թիկունք՝ հանրաքվեի և ստացած մանդատի տեսքով։ Բացի այդ, պետք է անցում կատարել «ռեակտիվից պրոակտիվ» քաղաքականության։
«Եթե մինչ այս ընդամենը դիվերսիֆիկացիայով արձագանքում էինք արտաքին քաղաքական մարտահրավերներին, այս հանրաքվեն կարող է դառնալ հանգրվան, որից հետո կարող է լինել պրոակտիվ քաղաքականություն, երբ մենք կսկսենք ինչ-ինչ օրակարգեր բերել մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունների մեջ»,- նկատել է նա։
Քոչինյանի համոզմամբ՝ ՀՀ-ն չի կարող դառնալ ԵՄ անդամ, քանի դեռ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն։
«Հաճախ քննարկում ենք՝ եթե հիմա գնանք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, Թուրքիայի հետ սահմանը բացենք, բա ո՞րն է երաշխիքը, որ վաղը իրենք այդ ամենը չեն անտեսելու, հանդես չեն գալու նոր պահանջներով կամ հարվածներով։ Այդ երաշխիքը կարող է դառնալ հենց Հայաստանի եվրաինտեգրումը»,- ամփոփել է քաղաքագետը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցությունը բնորոշելով որպես «խաղաղության երաշխիք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի առաջարկ