Հայաստանը Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտի 2023 թ․-ի մայիսին
Լաչինի միջանցքի հանձնում Ադրբեջանին
Մինչև 2023 թվականի մայիս Հայաստանը կավարտի Լաչինի միջանցքի այլընտրանք հանդիսացող ճանապարհի շինարարությունը։ «Ազատության» հետ զրույցում նման հայտարարություն է արել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Լաչինի միջանցքը ադրբեջանական կողմին է հանձնվելու օրեր անց։ Բերձոր (Լաչին) քաղաքում, Աղավնո (Զաբուխ) և Սուս գյուղերում ապրողներն իրենց բնակավայրը պետք է լքեն մինչև օգոստոսի 25-ը։
Հայկական կողմի հաղորդմամբ՝ նախքան այլընտրանքային ճանապարհի կառուցումը Լեռնային Ղարաբաղի հետ կապը կպահպանվի 4 կմ-անոց գրունտային ճանապարհի միջոցով։
Լաչինի միջանցքով է անցնում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ այլընտրանքային ճանապարհը պետք է կառուցվեր կողմերի համաձայնությամբ, նախագիծը պետք է հաստատվեր երեք տարում։ Սակայն Բաքուն երկու տարի անց հայտարարեց ոչ թե նախագծման, այլ ճանապարհի իր հատվածում շինարարության ավարտի մասին։
Եռակողմ հայտարարության համաձայն՝ նոր ճանապարհի երկայնքով նույնպես տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։
Ադրբեջանը մի տարուց ավելի է, ինչ շինարարություն էր իրականացնում, իսկ հայկական կողմն այլընտրանքային ճանապարհի մասին որևէ տեղեկություն չէր հրապարակում։ Ապրիլ ամսին Լեռնային Ղարաբաղի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտնեց՝ որոշվել է, թե որտեղով է անցնելու նոր ճանապարհը։
Այլընտրանքային ճանապարհը Սյունիքի Տեղ,Կոռնիձոր գյուղերով պետք է մտնի Արցախ: Հայկական կողմը պետք է կառուցի հենց Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածը։ Նախագծային աշխատանքները հուլիսի վերջին են մեկնարկել, շինարարությունը՝ օգոստոսի սկզբին՝ այն նույն օրերին, երբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը լարվել էր։
Սահմանային սրացմանը զուգահեռ Բաքուն ռուս խաղաղապահների միջնորդությամբ պահանջել էր Հայաստան-Լեռնային Ղարաբաղ երթևեկությունը կազմակերպել նոր ճանապարհով, հեռանալ Լաչինի միջանցքից։
Տեղ-Կոռնիձոր ճանապարհի երկարությունը 11.8 կմ է։ Երեք շինարարական ընկերության միջև են գործը բաժանել, որպեսզի աշխատանքները հնարավորինս շուտ ավարտին հասցնեն։
«Մենք նպատակադրված ենք այդ ճանապարհը կառուցել նախ որակով, որպեսզի բոլոր ստանդարտներին բավարարի, և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կարողանան անցնել, և կառուցել հնարավորինս արագ»,- հայտնել է նախարար Սանոսյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը վստահեցրել է՝ այլընտրանքային ճանապարհը Լաչինի միջանցքին «որևէ բանով չի զիջելու».
«Մինչև մայիս մենք ամբողջ աշխատանքը կավարտենք, կասֆալտապատենք։ Գրեթե ամբողջությամբ նոր ճանապարհ է լինելու, բացի որոշ հատվածներից, որոնք հիմնականում դաշտամիջյան են, այսինքն՝ նորից այնտեղ նոր ճանապարհ է պետք կառուցել»։
Նախարարի խոսքով՝ նոր ճանապարհը դժվարանցանելի հատվածներ չի ունենա, բայց «կլինեն 8 ոլորաններ»։
Հունիսի վերջին Հայաստանի կառավարությունն ընդունեց մի որոշում, որի համաձայն՝ գումարներ պետք է հատկացվեին մի շարք ճանապարհների գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքների համար։ Այդ ճանապարհների թվում էր նաև Մ-12 Կոռնիձոր-Արցախ ավտոճանապարհը։
Հարցին, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղ մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի հարցը՝ Սանոսյանը պատասխանել է, որ այդ հարցերով բանակցություններ են վարում Ղարաբաղի իշխանությունները։
«Ինչ վերաբերում է հայաստանյան հատվածին, նախագծման փուլն ավարտվում է և առաջիկայում կմեկնարկեն Տեղ-Կոռնիձոր հատվածում սյուների տեղադրման և էլեկտահաղորդման գծերի կառուցման աշխատանքները»,- տեղեկացրել է պաշտոնյան։
Լաչինի միջանցքն Ադրբեջանին հանձնելուց հետո Բաքվի վերահսկողության տակ են անցնելու նաև Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մտնող ենթակառուցվածքները՝ գազը, էլեկտրաէներգիան, կապուղիները: ԼՂ-ի իշխանություններն ասում են՝ ժամանակավոր է, կտեղափոխեն:
Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ արդեն իսկ ընթանում են կապի և էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի անցկացման աշխատանքներ, դրանք նախատեսում են ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: Գազի վերաբերյալ որևէ բան դեռևս չի հաղորդվել:
Լաչինի միջանցքի հանձնում Ադրբեջանին