Հայաստանը՝ Ղարաբաղի ճանաչման ճանապարհին
Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի
Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, մայիսի 5–ին Հայաստանի կառավարությունը դրական եզրակացություն տվեց «Արցախի ճանաչման մասին» օրենքի նախագիծին: Այժմ փաստաթուղթն ուղարկվել է Ազգային ժողով, որտեղ էլ այն կքննարկվի մոտակա արտահերթ նիստում:
Նախագծի հեղինակներն են «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրանք ներկայացված օրինագիծը հետևյալ կերպ են հիմնավորել.
«Հայաստանը չէր ճանաչում ԼՂՀ-ն, քանի որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունները կարող են Արցախի Հանրապետության համար այլ կարգավիճակ սահմանել, առաջին հերթին նրա համաձայնությամբ։ Ադրբեջանը մերժում է հարցի ցանկացած լուծում, որը չի համընկնում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններին և Արցախի ինքնավարության սահմաններից դուրս է։ Մադրիդյան սկզբունքներն ու 2009-ին ներկայացված նրանց թարմացված տարբերակը հակասում են ԼՂՀ Սահմանադրությանը, այսինքն՝ անընդունելի են»:
Հայկական լրատվամիջոցները մեջբերում են նաև օրինագծի հեղինակներից մեկի՝ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը. «Աշխարհը չդատապարտեց Ղարաբաղի հանդեպ ագրեսիան, ուրեմն պետք է ճանաչել ԼՂ-ը: Այն կդառնա հայ ժողովրդի քաղաքական օրակարգը: Ճանաչումն այլընտրանք չունի: Մենք կդառնանք քաղաքական գործոն աշխարհում, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստել ու որը կկարողանա հանդես գալ այդ թվում ուժի դիրքերից: Դա կկանխի նոր անցանկալի գործընթացները»:
«Ժառանգություն» կուսակցությունը, որի ներկայացուցիչն է Զարուհի Փոստանջյանը, ԼՂ ճանաչման օրինագիծն առաջարկել է քննարկել 2009-ից սկսած, սակայն այն մերժել է՝ բանակցային գործընթացին չվնասելու միտումով: Իրավիճակը փոխվեց ապրիլի սկզբին ակտիվացած ռազմական գործողություններից հետո:
Այս թեմային այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև«Կովկաս ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը.
«Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ կառավարության այդ որոշումը տրամաբանական շարունակությունն է այն հայտարարության, որը նախագահն արել է ապրիլյան հայտնի իրադարձության ժամանակ, ըստ որի՝ եթե Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, Հայաստանը գնալու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Ճանաչման փաստը ներառում է այն հնարավոր քաղաքական գինը, որը Ադրբեջանը պարտավոր է վճարել, եթե լայնամասշտաբ պատերազմ սկսի»,- ասել է նա։
Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Արցախի ճանաչման մասին նախագծին կառավարության տված եզրակացությանը, հայտարարել է. «Ղարաբաղի բանակցություններում առաջընթաց է եղել այն ժամանակ, երբ Բաքուն բանակցում էր Ստեփանակերտի հետ, այլ ոչ թե ձևացնում, թե այդպիսի սուբյեկտ չկա: Բիշքեկը անսպասելի չառաջացավ, որովհետեւ մինչ այդ եղել է երկար գործընթաց:
Դեռևս 1993 թվականի դեկտեմբերից հենց Բաքուն ուղղակի բանակցությունների մեջ մտավ Ստեփանակերտի հետ, եղան բազմաթիվ հանդիպումներ: Այդ ժամանակ էր այն հայտնի փաստը, որ Հեյդար Ալիևը լիազորեց իրենց խորհրդարանի փոխխոսնակին, որպեսզի բանակցություններ վարի ԼՂՀ ներկայացուցչի հետ:
Մոսկվայում եղել է հանդիպումը, որի արդյունքում կարճատև զինադադարի պայմանավորվածություն էր եղել, և այդ հանդիպումը գաղտնի չէր, բաց էր: Այդտեղ համաձայնել են, որ պետք է հանդիպեն երկու երկրների ղեկավարները: Դրանից հետո Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Հեյդար Ալիեւի և ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև: Քանի դեռ Ադրբեջանը դիմադրում է, որ Ղարաբաղը լինի բանակցային կողմ, նշանակում է շարունակում է իր քաղաքականությունը՝ օգտագործել բանակցությունները իր դեստրուկտիվ քայլերի համար»:
Սոցկայքերում օրվա թեման դեռևս մեկնաբանվում է հետևյալ կերպ.
«Սցենարը, հավանաբար, այսպիսին է, օրինագիծը կմտնի ԱԺ ու կմնա օդում կախված: Հենց Ադրբեջանը փորձի վերադառնալ լայնամասշտաբ ռազմական գործողություններին, այն միանգամից կընդունվի: Հայաստանից հետո Ղարաբաղը կսկսեն ճանաչել այլ երկրներ, և իրավիճակը կփոխվի: Ադրբեջանը կկորցնի հնարավորությունը խոսելու, թե անջատողականների դեմ է պայքարում»:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակվել է՝ 5.05.2016