Հայաստանը՝ ապաստան օտարերկրացիների համար
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Յոթ տարի առաջ Գվինեայից Հայաստան տեղափոխված 27-ամյա Լամարանա Ջիբա Բահի աչքերը լցվում են արցունքներով, երբ պատմում է հարազատ Աֆրիկայից, հեռվում թողած ընտանիքից ու հարազատներից, բայց ժպիտը հայտնվում է դեմքին միանգամից, երբ դեպի իրեն վազող որդին՝Ալվինը փարվում է պարանոցին ու հայերենով ասում. «Մամ, գնացինք»:
«Սիրում եմ Հայաստանը, ապահով է, անվտանգ, իմ երկրորդ տունն է: Տղաս, Ալվինը, այստեղ ծնվեց երեք տարի առաջ, ինձնից լավ է հայերեն խոսում, հաճախում է մանկապարտեզ, հայ ընկերներ ունի, Հայաստանի քաղաքացի է: Այստեղ հանդիպեցի գվինեացի ապագա ամուսնուս: Նա մասնագիտությամբ ծրագրավորող է, բայց համապատասխան աշխատանք չգտավ այստեղ: Երևանում դիջեություն է անում, որպեսզի կարողանանք ապրել»,— պատմում է կինը:
Լամարանան Գվինեայում լաբորատորիայում էր աշխատում: Բնականոն կյանքը փշրվեց, երբ երկրում հակամարտություն բռնկվեց: Այդ ժամանակ նա մի հայի է հանդիպել, ով իրեն առաջարկել է գալ Հայաստան:
«Հայաստանը հանգիստ տեղ է, մարդիկ բարի են, քեզ լավ կնայեն, պետք չէ վախենալ»,- ասում էր նա: Այդ հայն ինձ որդեգրեց, որ կարողանամ հանգիստ ապրել Հայաստանում: Ես ինձ լավ եմ զգում, ինչպես իմ երկրում: Կար ու ձև եմ սովորել, էս պահին մազերի աֆրիկյան հյուսքեր եմ անում ցանկացողների համար, դա հիմա շատ նորաձև է, ինչ գործ էլ լինի՝ կանեմ:
Հայերեն սովորեցի մարդկանց հետ շփվելով, դասընթացների մասնակցեցի: Ամեն ինչ անում եմ՝ ինչպես հայ կանայք, միայն տեսնեք, թե որքան պահածոներ եմ պատրաստրել ձմեռվա համար»,- պատմում է գվինեացի կինը, ով շուտով լույս աշխարհ կբերի երկրորդ երեխային: Լամարանան համոզված է. կհաջողվի մնալ Հայաստանում, սիրում է երկիրն էլ, ժողովրդին էլ, անհանգստանում է միայն աշխատանք գտնելու մասին:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանն ասում է, որ Հայաստանը փոքր երկիր է, գտնվում է շրջափակման մեջ, հագեցած է տնտեսական բազմաթիվ խնդիրներով, բայց բազմաթիվ օտարերկրացիներ աշխարհի ամենատարբեր ու հեռավոր երկրներից՝ հակամարտությունից, պատերազմից և զանազան այլ պատճառներից ելնելով, իրենց ծագման երկրից Հայաստան են գալիս և ապաստան հայցում մեր երկրում:
«Մարդիկ դուրս են գալիս հայրենիքից, ու ճանապարհը, որ նրանց պետք է «տաներ Եվրոպա», երբեմն բերում է Հայաստան, Վրաստան… Շփոթմունք է տեղի ունենում. ասում են Ալբանիա, Ռումինիա՝ շատ նման է Արմենիային: Եվ չնայած այդ հանգամանքին, որոշ ժամանակ անց Հայաստանն իրենց երկրորդ տունն է դառնում»,— ասում է Անահիտ Հայրապետյանը:
61-ամյա Պաոլան Կուբայում է թողել ընտանիքը և արդեն երեք տարի ապրում է Հայաստանում: Անկեղծանալով ասում է. խոստացել էին տանել Ռուսաստան, սակայն դրա փոխարեն հայտնվեց Հայաստանում, որի մասին երբևէ չէր լսել:
«Հայաստանը հիմա նաև իմ երկիրն է, ինտեգրման առումով հրաշալի երկիր է՝ մարդիկ շփվող են, հյուրընկալ, մինչև այս պահը ամեն ինչ շատ լավ է: Կուբայում աշխատել եմ շինարարությունում, շուտով պետք է թոշակի անցնեի, այստեղ աշխատանք եմ փնտրում, լեզուն չիմանալը մեծ խնդիրներ է առաջեցնում: Լեզուն դժվար է, մեծ ջանքեր են պահանջվում սովորելու համար»,— ասում է Պաոլան :
Մասնագիտությամբ հաշվապահ 41-ամյա Առլետն աղջկա հետ Հայաստան էր եկել Կոնգոյից: Նրանք յոթ տարի այստեղ էին և միայն վերջերս մեկնեցին: Երբ դեռ Առլետն այստեղ էր, հանդիպման ժամանակ պատմում էր, որ Հայաստանի մասին իմացել է համացանցից:
«Սիրում եմ հայկական խոհանոցը, լավաշը, տոլման… ունեմ շատ լավ ընկերներ, հայերը բարի են, օգնության հասնող, միակ վատ բանն այն է, որ այդպես էլ չկարողացան սևամորթի տեսնելիս չզարմանալ: Աղջիկս հաճախում էր հանրակրթական դպրոց, մի անգամ պարի դասին տեսա, թե ինչպես շատ ծնողներ թույլ չէին տալիս, որ իրենց երեխան բռնի իմ սևամորթ աղջկա ձեռքը:
Հայաստանում սևամորթը դեռևս խնդիր է: Ռեզյումես ուղարկել էի տարբեր տեղեր, բայց երբ ինձ տեսնում էին՝աշխատանքի չէին վերցնում, մտածում էին, երևի մաքուր չեմ, մաշկիս գույնի հետ կապված, բայց եթե կտրվածք անենք իմ և ձեր ձեռքի վրա, մենք կտեսնենք նույն կարմիր արյունը, իմը հաստատ սև չէ»,— ժպտալով ասում էրԱռլետը, ով բավական վարժ հայերեն էր խոսում:
Հայերեն սովորելու հարցում օգնում է նաև «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը: Այն ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսական օժանդակությամբ և համագործակցությամբ իրականացնում է «Միացիր համայնքին» ծրագիրը Հայաստանում ապաստան հայցողների կամ փախստականի կարգավիճակ ունեցողների համար:
«Ծրագիրը երեք բաղադրիչ ունի՝ հայերեն լեզվի դասընթաց, միջմշակութային շաբաթական հանդիպումներ և վարպետության դասեր, ակումբային ձևաչափով հանդիպումներ: Այս ամենը կապված է միջմշակութային ինտեգրման, բազմազանության ու զարգացման հետ: Շրջագայություններ ենք կազմակերպում Երևանում ու Երևանից դուրս՝ առնվազն տարին երեք անգամ»,- ասում է ծրագրի ղեկավար Սոնա Խլղաթյանը:
Նա նշում է, որ այս բաղադրիչներն ունեն իրենց ենթանպատակները. օգնել մերվել նոր միջավայրին, ապրել և ինտեգրել Հայաստանում ապրող տեղացիների ու օտարերկրացիների հետ:
Ծրագիրը հիմնականում այն ապաստան հայցողների համար է, ովքեր բնակվում են հատուկ կացարանում և գտնվում սպասման երկար գործընթացի մեջ, ինչը մարդկանց մոտ հաճախ առաջացնում է սթրեսներ: Հիմնական նպատակն է փոփոխություն մտցնել մարդկանց առօրյայում, դարձնելով այն ավելի մոտիվացնող ու հետաքրքիր, որպեսզի ավելի հեշտ կարողանան իրենց գտնել ու հարմարվել Հայաստանում:
Սոնա Խլղաթյանը նշում է, որ 39 ապաստան հայցողների մտերմիկ մթնոլորտում խոսակցական հմտություններ է սովորեցնում «Սրճենք հայերեն» (Armenian over coffee) դասի շրջանակում: Թեմաները՝ կյանքից են. այց բժշկի մոտ, շփում շուկայում, խանութում…
«Ուզում ես ինտեգրվել այս հասարակությունում, ապա, առաջին հերթին, որպես զենք կիրառում ես լեզուն: Ճիշտ է, հայերենը դժվար լեզու է, և իմ դասընթացի բարդությունը նրանում է, որ միաժամանակ սովորում են տարբեր մշակույթներ կրող մարդիկ, ովքեր խոսում են տարբեր լեզուններով: Փորձում ենք այնպես անել, որ բոլորին հասանելի լինի, ոչ ոք իրեն անմասն չզգա: Մեր դասերը քառալեզու ու հնգալեզու են լինում, ես խոսում եմ նրանց հետ միաժամանակ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն: Մեզ մոտ ստացվել է թիմի այդ գաղափարը ու, իրար օգնելով, իրար հասկանալով, առաջ ենք գնում»,— ասում է Սոնա Խլղաթյանը:
«Հայաստանը ապաստան հայցողներին և փախստականներին դուր է գալիս, սիրում են այս միջավայրը, ասում են, որ էստեղ իրենց հիանալի են ընդունում: Հաղթահարելով լեզվի խոչնդոտը, ինչը կարևոր խնդիր է ցանկացած օտարերկրացու համար, առավել հեշտությամբ են շփվում մարդկանց հետ, ավելի վստահ են իրենց զգում աշխատանք փնտրելիս: «Ես կմնամ, կապրեմ ու կաշխատեմ այս երկրում»,- հաճախ եմ լսում այս խոսքերը»,- ասում է Անահիտ Հայրապետյանը:
Նրա կարծիքով, Հայաստանի բոլոր բնակիչները կարող են օգնել փախստտականներին, որ իրենց լիարժեք զգան Հայաստանում, ծանոթանան մշակույթին և սովորություններին:
«Զանազանությունը նոր շունչ է բերում մեր երկիր, իսկ դա մեզ այնքան անհրաժեշտ է: «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականն իր հետ բեում է նոր երկիր» հայտնի խոսքը լիովին վերաբերում է նաև Հայաստանում ապաստան գտած փախստականներին»,- կարծում է Անահիտ Հայրապետյանը: