«Համոզված եմ՝ արդյունք ունենալու ենք». ԱԽ քարտուղարը՝ ԼՂ-ի կարգավիճակի մասին
Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությունները
«Հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա»: Նման հայտարարություն է արել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ անդրադառնալով վերջին միջադեպին, որի արդյունքում հայկական կողմը զոհ ունեցավ:
Մայիսի 28-ին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել էր Հայաստանի ԶՈՒ զինծառայող Դավիթ Վարդանյանը: Մեկ օր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Արմեն Գրիգորյանը շեշտել է՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հայտարարություններում հայկական կողմը «փորձում է հնարավորինս թափանցիկ լինել»՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի:
Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները Ադրբեջանի հետ բանակցությունների, սահմանազատման հանձնաժողովի և ԼՂ-ի կարգավիճակի մասին։
Սահմանազատման հանձնաժողովի մասին
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու է հայկական հանձնաժողովը փոքրաթիվ, ինչու է դրա անդամների թիվը համարյա կրկնակի պակաս Ադրբեջանի հանձնաժողովի կազմից։ Հարց է տրվել նաև, թե ինչու են հանձնաժողովի կազմում ընդգրկված միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ ոլորտային մասնագետներ՝ ոչ: Արձագանքելով այս հարցերին՝ Գրիգորյանը շեշտել է, որ թվաքանակը մեծ նշանակություն չունի:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների պատրաստվածությանը, ըստ ԱԽ քարտուղարի, «բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում»։
«Եթե աշխատանքային խմբի անդամը նախարարի տեղակալ է, դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ չեն մասնակցում գործընթացի նախապատրաստմանը»,- ասել է Արմեն Գրիգորյանը:
Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ հանդիպմանը, որը կայանալու է Մոսկվայում, կողմերը, ըստ Գրիգորյանի, քննարկելու են «թե ինչպես են շարունակելու առաջ գնալ այս գործընթացում»: Թե երբ է տեղի ունենալու հանդիպումը՝ Անվտագության խորհրդի քարտուղարը չի հայտնել:
Բանակցությունների և տարաձայնությունների մասին
Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտել է՝ բանակցությունների վերաբերյալ հայտարարություններում հայկական կողմը հնարավորինս թափանցիկ է։ Իսկ ադրբեջանական կողմը, Գրիգորյանի խոսքով, բանակցությունների «բովանդակությանը չհամապատասխանող հայտարարություններ է տարածում»:
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Ալիևի հայտարարությանն արձագանքել էր Հայաստանի արտաքին գերատեսչությունը՝ Ադրբեջանի ղեկավարին կոչ անելով չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»: Հանդիպման միջնորդ, ԵԽ նախագահ Շառլ Միշելը ևս հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ ափսոսանք է հարուցում արտատարածքային պահանջների վերաբերյալ շահարկումը:
«Բանակցությունները տեղի են ունենում նաև այն պատճառով, որ կան տարաձայնություններ։ Մենք հույս ունենք, որ հնարավոր է բանակցությունների միջոցով հաղթահարել այդ տարաձայնությունները»,- նշել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը վերահաստատել է միջանցքային տրամաբանությունը բացառելու հայկական կողմի դիրքորոշումը: Արմեն Գրիգորյանը հիշեցրել է այս առնչությամբ ինչպես Բրյուսելից, այնպես էլ Մոսկվայից հնչած հայտարարությունները.
«Նոյեմբերին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից ևս հայտարարվել է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում»:
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական կողմը բազմիցս հանդես է եկել Հայաստանի տարածքով դեպի իր էքսկլավ Նախիջևան «միջանցքի» տրամադրման պահանջով։ Հայկական կողմը մշտապես պատասխանել է, որ կողմ է ապաշրջափակել տարածաշրջանայաին կոմունիկացիաները, սակայն կտրականապես դեմ է տրամադրել որևէ ճանապարհ «միջանցքային տրամաբանությամբ»։ Ըստ Հայաստանի իշխանությունների բացատրության, «միջանցք» եզրը ենթադրում է սուվերենության կորուստ այդ տարածքի նկատմամբ, ինչի մասին խոսք լինել չի կարող։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին
ԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակում է կարևորել Լեռնային Ղարաբաղում ապրող «հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը»։
«Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Համոզված եմ, որ սա այն կարևոր ուղղությունն է, որի շուրջ աշխատելով, մենք արդյունքներ ենք ունենալու»,- եզրափակել է Գրիգորյանը։
Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությունները