Համեղ է, բայց ոչ շահավետ
Ինչպիսին է տարին ծիրանի համար
Արմավիրի մարզում 3534 հեկտար ծիրանենու բերքատու այգի կա: Գյուղացիները ամբողջ տարին խնդրում են Աստծուն, որ եղանակը բարեհաճ գտնվի և բերքահավաքն ու իրացումը արդյունավետ ավարտվի:
Այս տարին որոշ գյուղացիական տնտեսությունների համար անբարենպաստ էր: Վաղ գարնանը ցրտահարությունից տուժեցին մարզի երկու տասնյակից ավելի համայնքների ծիրանենիները:
Որոշ համայնքներում ծիրանը չտուժեց: Կարելի էր ենթադրել, որ այլոց դժբախտության վրա պետք է շահեին չտուժած այգետերերը, այսինքն ցածր բերքատվության պայմաններում հնարավորություն էին ստանում ոչ միայն լիարժեք իրացնել բերքը, այլ նաև գին թելադրել:
Բայց ստացվեց հակառակը
Նորիկ Հարությունյանը մեկ հեկտար ծիրանի այգի ունի: Այս տարի մոտ 5 տոննա բերքի ակնկալիք ունի, դեռ ոչ մի կիլոգրամ ծիրան չի վաճառել:
Նորիկը, սակայն բերքահավաքը չի դադարեցրել, վարձու աշխատողների օգնությամբ ծիրանն է տեսակավորում, առայժմ կպահի սառնարանում:
Նույն իրավիճակում է հայտնվել սարդարապատցի Կարմեն Կարապետյանը. մոտ երկու տոննա ծիրան է հավաքել, գնորդ է փնտրում:
Բերքահավաք, սպառում
Երկու օր էր, ինչ սկսվել էր բերքահավաքը, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ այս տարի արդեն արտահանվել է 5600 տոննա ծիրան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի անգամ ավել է: Այս տարի վերամշակող գործարանները սովորականից մեկ շաբաթ շուտ են սկսել մթերման աշխատանքները:
Ըստ գյուղնախարարի՝ ոչ մի խնդիր չէր լինելու ծիրանի լիարժեք իրացման համար: Բերքահավաքի առաջին օրերին ծիրանի 1 կգ-ը վաճառվում էր 500-700 դրամի սահմաններում:
Արմավիրի մարզում սկսվել է ծիրանի մասսայական բերքահավաքը, ինչը նշանակում է՝ գյուղացին ունի ընդամենը մեկ շաբաթ ժամանակ, այլապես հասունացած ծիրանը նույնիսկ տեղական շուկայի համար կդառնա ոչ պիտանի:
Չնայած ծիրանի գինը կրկնակի իջել է, սակայն մել շաբաթ է, ծիրանի այգետերերը գնորդ չեն գտնում:
Արտահանողների հետ գյուղացիների նախնական պայմանավորվածությունները չեղյալ են համարվել և գյուղացին մնացել է միայնակ իր հասունացող ծիրանի հետ: Պատճառը՝ փլուզման հետևանքով Վերին Լարսի անցակետի փակվելն է, իսկ ծիրանի արտահանման տնտեսապես օպտիմալ տարբերակը բեռնատարներով արտահանելն է Լարսի անցակետով:
Պատահականություն է, թե ոչ, բայց Լարսի անցակետն անցյալ տարի նույն ժամանակահատվածում փլուզման պատճառով մոտ 2 շաբաթ փակ էր: Արդյունքում ծիրանի բերքահավաքը մի քանի օր դադարեցվեց և գյուղացին բերքի մեծ քանակությամբ կորուստ գրանցեց, մյուս մասն էլ 1 կգ-ը 40-50 դրամով վերամշակող կազմակերպություններին հանձնեց:
Ինչու՞ գյուղացին ծիրանը էլ չի վաճառում վերամշակող կազմակերպություններին
Նորիկ Հարությունյանն անցյալ տարի երեք օր «Նոյան» հյութերի գործարանում հերթ է կանգնել, ծիրանը 50 դրամով հանձնել: Վարձու աշխատողներին և տրանսպորտի համար վճարելուց հետո հասկացել է. ծախսերը հանելուց հետո՝ եկամուտ ստանալու փոխարեն 18 000 դրամ էլ տուժել է:
25.06.2015
Կարմեն Կարապետյանի ծիրանը գործարանի բակում օրերով արևի տակ կանգնելուց թթվել է և մթերման համար դարձել ոչ պիտանի: Ասում է, այս տարի նույն փորձության միջով չի անցնի:
«Նոյան» հյութերի գործարանը, որը նախորդ տարիներին բերքահավաքի ընթացքում շուրջ 3000 տոննա ծիրան էր մթերում, այս տարի առայժմ անգործության է մատնված:
25.06.2016
Չկա ծիրանի այնպիսի քանակություն, որ գործարանը հնարավորություն ունենա ամբողջ հզորությամբ աշխատել: Իսկ գործարանն ի վիճակի է ժամում վերամշակել մինչև 15 տոննա ծիրան:
25.06.2015
Այս տարի գործարանները 1 կգ ծիրանի համար վճարում են 60 դրամ, ինչը 10 դրամով ավել է նախորդ տարվա մթերման գնից: Բայց հանձնողները շատ չեն. գյուղացիրների մի մասը բերք չի ստացել, մյուսը՝ Կարմենի պես էլ ցանկություն չունի առընչվել գործարանի հետ:
25.06.2015
Հաշվարկ
Ըստ Նորիկ Հարությունյանի, մեկ հեկտար ծիրանի այգուց լավագույն դեպքում կարելի է ստանալ 10 տոննա բերք, որի իրացման իդեալական պայմաններում կարելի է ստանալ 1-2 մլն դրամ եկամուտ:
Ծախսային մաս. տարվա ընթացքում ծիրանը պետք է բուժել նվազագույնը 4 անգամ, մեկ հեկտարի հաշվով՝ յուրաքանչյուր բուժումը 70-80 հազար դրամ: Հեկտարի համար 300 կգ պարարտանյութ, որը կազմում է մոտ 42 հազար դրամ, ոռոգման ջուր՝ 110 հազար դրամ, 15 բանվորով մեկ շաբաթ բերքահավաք՝ օրավարձը յուրաքանչյուրին 6 հազար դրամ: Սա իր բյուջեից հանում է ևս 630 հազար դրամ:
Նորիկի թվաբանությամբ, սրան ավելացնում ենք ևս 300 հազար, որը ծախսվում է տարաների և տրանսպորտի վրա, և ստացվում է, որ մեկ հեկտար ծիրանի այգու ծախսը կազմում է 1,5 մլն դրամ, այսինքն 1 կգ ծիրանի ինքնարժեքը կազմում է 150 դրամ:
Նորիկն ասում է, հաշվարկներում ներառված չէ իր ընտանիքի 4 անդամների աշխատանքը և գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները: Նորիկի տրամաբանությամբ, ավելի լավ է ընդհանրապես բերքահավաք չկազմակերպել, քան մեծ ծախսերի գնով բերքը հավաքել և 60 դրամով վերամշակողին հանձնել:
Այսօր Արմավիրի մարզի այգեգործներին ամենաշատը անհանգստացնում է Լարսի անցակետի բացվելու հավանականությունը, քանի որ բերքը փրկելու համար վարձակալված սառնարաններին օրական վճարում են 10 հազար դրամ՝ յուրաքանչյուր տոննայի համար:
Նորիկն ու Կարմենն առայժմ հավաքած ծիրանը անորոշ ժամանակով կթողնեն սառնարաններում՝ հույս ունենալով, որ օր առաջ արտահանող կհայտնվի: Այսօր արդեն ծիրանի 1 կգ-ին արտահանողներն առաջարկում են 200-250 դրամё՝ այսինքն ինքնարժեքից մի փոքր ավելին, իսկ տեղական շուկայում, որի սպառման ծավալները փոքր են, 100-150 դրամ:
Ծիրանի և այգեգործների ապագան մշուշոտ է
Մարզի վերամշակող ձեռնարկությունների երևակայությունը կարող է ցնցել բոլոր հեքիաթասածներին: Նրանք սահմանվել են ծիրանի մթերման 3 գին՝ կանխիկով հանձնման օրը վճարում են մեկ կիլոգրամի դիմաց 60 դրամ, մեկ ամիս հետո վճարելու պայմանով՝ 70 դրամ և տարեվերջին վճարելու դեպքում՝ 80 դրամ:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանից տեղեկացանք, որ 2015 –ին մարզում արտադրվել է 56 հազար տոննա ծիրան, որից 12 հազար տոննան արտահանվել է: Այս տարի Արմավիրի մարզում ակնկալվում է ստանալ անցած տարվա բերքի միայն հինգերորդ մասը: Եվ Աստված գիտի, թե ինչ է սպասվում այդ հինգերորդ մասին:
Մի փոքր տեղեկատվություն ծիրանի մասին
Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակեցին և անվանեցին «հայկական սալոր»:
Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թուֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»:
Հայաստանում ծիրանի ծառի փայտից է պատրաստվում դուդուկ նվագարանը:
Հայաստանում ծիրանի մշակությամբ զբաղվում են հիմնականում Արարատյան հարթավայրում, մասնավորապես՝ Արմավիրի և Արարատի մարզերում:
Հրապարակվել է՝ 30.06.2016