Հակասական թվեր՝ Վրաստանում խաղային բիզնեսի մասին
Ըստ վիճակագրության՝ մարդկանց 51% տարին գոնե մեկ անգամ խաղատանը կամ սլոթ-ակումբներում խաղացել են: Վրաստանում այդ ցուցանիշը 94% է կազմում: Եվ մարդկանց համարյա կեսը (47%) խաղում է ոչ թե ժամանակ առ ժամանակ ու զվարճանալու համար, այլ կանոնավոր կերպով, շահելու նպատակով:
Այդ խաղացողները խոստովանում են, որ տանուլ տալիս են ավելի հաճախ, քան շահում են, բայց միայն 2%-ն է համաձայնում, որ խաղի պատճառով իրենք ֆինանսական խնդիրներ են ունեցել:
Վրաստանում խաղային բիզնեսը լավ զարգացած է ու ահռելի շահույթ է բերում: Եկամուտ ստանում են ոչ միայն խաղատների, սլոթ-ակումբների ու տոտալիզատորների տերերը, այլ նաև պետբյուջեն: Օրինակ, խաղատներին արտոնագիր տրամադրելը անցյալ տարի 105 մլն լարի մուտք է ապահովել բյուջե, իսկ խաղատներից հավաքագրված հարկերը կազմել են 177,5 մլն լարի:
Այս պահի դրությամբ Վրաստանում մոտ հարյուր խաղատուն, սլոթ-ակումբ ու տոտալիզատոր է գործում: Դրանց մեկ երրորդ մասը կայացած ընկերություններ են ու առաջին տարին չէ, որ աշխատում են:
Որոշ քաղաքապետարանների բյուջեներ հիմնվում են հենց խաղատների վրա. կան քաղաքներ, որտեղ բյուջեն մեկ քառորդով (24%) լցվում է խաղատների հաշվին:
Ամենաշատ խաղատները Թբիլիսում են, բայց մայրաքաղաքից դուրս խաղատներ կան նաև Բաթումում, Քութայիսիում, Զուգդիդիում, Գորիում, Ռուսթավիում, Քոբուլեթիում, Ախալցիխում, Բորժոմում, Դուշեթիում ու Կազբեգիում: Խաղատնային գործունեության թույլտվության ամենամյա վճարը պետությանը տարբեր քաղաքներում տարբեր է. Թբիլիսիում այն կազմում է տարեկան 5 մլն լարի, Բորժոմում՝ 100 հազ. լարի:
Որոշ տեղերում խաղատների տերերն ընդհանրապես ազատվում են այդ վճարից. Անակլիայում, Գանմուխուրիում ու Քոբուլեթիում կարելի է խաղատուն բացել առանց ամենամյա վճարի:
Խաղատների տերերն ասում են, որ իրենց հաճախորդների մեծ մասն արտասահմանցիներ են, հիմնականում՝ Թուրքիայից, ովքեր Վրաստան են գալիս հենց խաղալու մտադրությամբ: Սա անգիտակցաբար ընդգծում է, որ խաղատները տուրիստներ են գրավում:
Որոշ քաղաքներում, օրինակ փոքրերում, խաղատները լավ գործատուներ են համարվում. աշխատավարձերի մակարդակն այստեղ համեմատելի է պետական աշխատակցի միջին եկամտի հետ, հաճախ նույնիսկ գերազանցում է այն: 2013թ. խաղատներում աշխատում էր մոտ 5,5 հազ. մարդ՝ Վրաստանի աշխատող մարդկանց 0,3%:
Չնայած խաղատների գոյության ակնհայտ դրական կողմերին՝ Վրաստանում հասարակության վերաբերմւոնքը դրանց ավելի շուտ բացասական է. հարցվածների 63% կարծում է, որ խաղատներն արգելել է պետք, իսկ 29% կողմ է մասնակի սահմանափակումներին:
Վրաստանում առաջին խաղատունը բացվեց 1921թ., բայց այն շուտով փակվեց, քանի որ խորհրդային տարիներին խաղատներն արգելված էին: Ճիշտ է՝ պահպանվել են տվյալներ ընդհատակյա խաղային ակումբների մասին, ավելի հստակ տեղեկություններ կան Բաթումում 1989թ. գործող ակումբներից մեկի մասին: Առաջին օրինական խաղատունը Վրաստանում բացվեց 1990թ., այդ օրվանից խաղային բիզնեսը շարունակում է բարգավաճել:
Աղբյուր՝ Transparency international, Վրաստանի վիճակագրական դեպարտամենտ, Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայություն
Հրապարակվել է 16.08.2016