Կրիպտոարժույթն ուզում է Աբխազիա գալ
Վերջին շաբաթվա ընթացքում Աբխազիայում ակտիվորեն քննարկվում է նոր դրամական միավորի՝ ազգային կրիպտոարժույթի հնարավոր հայտնվելու թեման:
«Աբխազիան կարող է աշխարհի առաջին երկիրը դառնալ, որն ազգային կրիպտոարժույթ կթողարկի, և խոսքը գնում է շաբաթների մասին», — հայտարարել է Աբխազիայի էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբան:
Մոտ մեկ ամիս առաջ Աբխազիան Մոսկվայում կայացած կոնֆերանսին ներկայացրել է մեկ միլիարդ դոլար արժողությամբ իր բլոկչեյն-ստարտափը: Կոնֆերանսը կազմակերպվել է BCSG ընկերության կողմից և կոչվում էր «Blockchain. հետդարձի ճանապարհ չկա»:
Աբխազական կողմը հաղորդել է, որ բոլոր անհրաժեշտ կարիքների համար մեկ միլիարդ դոլար կպահանջվի: Այն պլանավորվում է ստանալ՝ թողարկելով սահմանափակ քանակի թոքեններ ARC անվամբ, ինչը նշանակում է «Abkhazian Republic Coin»: Ենթադրվում է թողարկել ութ միլիարդից ոչ ավել վիրտուալ դրամ:
Նախագծի հեղինակները կարծում են, որ աբխազական կրիպտոարժույթի ստեղծումը տեղի տնտեսությունը հետաքրքիր կդարձնի արտասահմանյան ներդրողների համար, որոնք դեռևս ներդրումներ չեն անում Աբխազիայում գործող միջազգային պատժամիջոցների պատճառով: Գլխավոր փաստարկն այն է, որ, ի տարբերություն սովորական դրամի, կրիպտոարժույթի շարժին դեռևս հնարավոր չէ հետևել: Հետևաբար, հիպոթետիկ ներդրողը կազատվի հնարավոր հետապնդումներից:
[pullquote align=”right”]«Ցատկ կարելի է անել՝ օգտագործելով անսովոր բաներ»[/pullquote]
«Մենք պետք է հաշվի առնենք մեր տնտեսական դրությունն ու սահմանափակումները, — ասում է Աբխազիայի էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբան: — Մենք լայն միջազգային ճանաչում չունենք և անընդհատ գտնվում ենք ոչ ստանդարտ լուծումների որոնման մեջ, որոնք մեզ թույլ կտան զարգացման ընդունելի մակարդակի հասնել: Ստանդարտ սխեմաներ նույնպես անհրաժեշտ են, սակայն ցատկ կարելի է անել՝ օգտագործելով անսովոր բաներ»:
Պոտենցիալ ներդրողների համար խթանիչ գործոն կարող է լինել էժան էլեկտրաէներգիան: Իրավաբանական անձանց համար տեղական սակագինը կազմում է ընդամենը 80 կոպեկ 1 կՎտ/ժ-ի դիմաց (15 ցենտ): Բացի այդ, ներդրողներին խոստանում են երեք տարով ազատել բոլոր տեսակի հարկերից:
Պոտենցիալ բարդությունները, որոնք Աբխազիայի համար կարող է ստեղծել կրիպտոարժույթը
Մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի դիմաց 80 կոպեկ գինն Աբխազիան դարձնում է շատ ձեռնտու տարբերակ: Սակայն կրիպտոարժույթի ստեղծման համար էլեկտրաէներեգիայի մեծ ծավալ է անհրաժեշտ, իսկ դրա հետ կապված հանրապետությունը շատ լուրջ խնդիրներ ունի:
Էլեկտրականության հաճախակի խաթարումները, ցանցի ցածր լարումը կասկածներ են առաջացնում, որ հնարավոր է ապահովել վիրտուալ արժույթի հսկայական քանակի ստեղծման անխաթար գործընթաց:
Նախագծի բացասական կողմերից մեկը սեփական արժույթի բացակայությունն է Աբխազիայում: Այստեղ չի աշխատում բանկային քարտերի նորմալ համակարգ, ի տարբերություն Չինաստանի, որտեղ պետական կրիպտոարժույթի հայտնվելը սպասվում է 2018թ-ի կեսերին և որտեղ հույս ունեն, որ այն կկայունացնի յուանը և ընդհանուր առմամբ կամրապնդի ֆինանսական իրավիճակը:
«Կարելի է արժույթ ստեղծել ցանկացած պետությունում և անվանել այն, ինչպես ուզես, սակայն գլխավոր հարցն այն է, թե արդյոք այն արժեք կունենա», — JAMnews-ին ասել է ռուս բիզնեսմեն Իգոր Վարովը, որն ակտիվորեն աշխատում է Աբխազիայում:
«Վենեսուելայում մեկ ամսում արժույթի փոխարժեքը հարյուրավոր տոկոսով անկում է ապրում: Մենք բոլորս բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ նույնիսկ պետական արժույթն է անկում ապրել սարսափելի արագությամբ, արժեզրկվել է և այլն: Իսկ այստեղ ամեն ինչ ուռճացված է և անբնական: Այդ բիթքոինները ոչնչով ապահովված չեն»:
Վարովի կարծիքով՝ այս նախագիծն ի սկզբանե չափազանց բարդ է, և այնքան էլ հասկանալի չէ՝ «թե ինչպես իրականացնել այն, եթե երկրում ձևավորված չէ ֆինանսական համակարգը»:
Էլ ավելի անմիտ է, ասում է նա, ներդրողների համար «առանց հարկի դրախտ ստեղծելը»:
«Աբխազիային շատ են պետք հարկերը: Հենց դրանց շնորհիվ է երկիրն ապրում և զարգանում: Պետության անունից նախագիծ ստեղծելը, որի հաշվին գումար կվաստակեն «մի խումբ հայտնի մարդիկ», ճիշտ չէ», — ասել է Վարովը:
Եվ հավելել. «Սակայն ես կասկածում եմ, որ այդ նախագիծն իրականացվի»:
Աբխազիայի էկոնոմիկայի նախարարն այդ մոտեցման հետ ընդհանրապես համաձայն չէ:
«Մենք երաշխավորում ենք, որ բոլոր ներգրավված միջոցներն ուղղվելու են Աբախազիայի տնտեսության զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը: Իսկ դա իր հերթին կբերի մեր երկրի տնտեսական աճին և, բնականաբար, աբխազական կրիպտոարժույթի փոխարժեքի աճին համաշխարհային շուկաներում», — ասում է Ադգուր Արձինբան:
Աբխազ լրագրող Անտոն Կրիվենյուկն ասում է, որ նախարարն անձամբ իրեն չի համոզել.
«Սկզբում պետք է մեծ աշխատանք տարվի, տնտեսությունը զարգանա: Սեփական կրիպտոարժույթ ստեղծելու գաղափարն խաբկանք չէ, իհարկե: Սակայն դա մեծ գումար վաստակելու շատ միամիտ մտադրություն է, քանի դեռ հնարավորություն կա»: