Ի՞նչ է խոստացել Կրեմլը Վրաստանին «ռուսական» օրենքի ընդունման դիմաց․ կարծիք
Կրեմլի խոստումն ու ռուսական օրենքը
Որքան էլ վրացիները քննադատեն իրենց իշխանություններին, իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մենք դեռ պետք է փնտրենք այսպիսի գերռացիոնալ ու պրագմատիկ իշխանություն մեր անհանգիստ ժամանակներում։ Հայտնվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որոնցից յուրաքանչյուրը փորձում է նրան իր կողմը քաշել, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հմտորեն դիմակայեց այդ մարտահրավերին: Վերջին երկու տարիների ընթացքում, այսինքն՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, Վրաստանի կառավարությունը ոչ միայն հմտորեն մանևրում է աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, այլև դրանից բավականին ակնհայտ դիվիդենտներ է քաղում։
Մի կողմից՝ Վրաստանը վերածվել է ռուսական ներկրումների կամրջի, ինչը լրջորեն աշխուժացրել է երկրի տնտեսությունը։ Եվ այդ համագործակցությունն այնպիսի վստահելի ձևեր է ստացել, որ Կրեմլը դեռևս չվերականգնված դիվանագիտական հարաբերությունների (!) պայմաններում Վրաստանը մտցրել է «բարեկամ պետությունների» կատեգորիա։
Մյուս կողմից՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, իհարկե, դժգոհ են պաշտոնական Թբիլիսիի չեզոքությունից, սակայն իրավիճակը հեռու է կրիտիկական լինելուց։ Ամեն դեպքում Վրաստանը ստացավ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ։
Դե, մինչև վերջերս երկրում ներքաղաքական իրավիճակն ընդհանրապես այնքան հարմար էր իշխանություններին, որ աշնանը նշանակված խորհրդարանական ընտրություններն անակնկալներ չէին խոստանում։ Ընդդիմությունը չափազանց մասնատված էր, իսկ «Վրացական երազանքի» ջախջախիչ հաղթանակն ընկալվում էր որպես անխուսափելի փաստ։
Եվ հանկարծ «Վրացական երազանքն» իր ձեռքով հարվածի տակ է դնում այս ամբողջ իդիլիան՝ որոշելով ընդունել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը շատերն ընկալում են որպես «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի վրացական տարբերակ։
Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Թբիլիսիի փողոցներ։ Եվ չկան երաշխիքներ, որ մարդիկ պարզապես չեն աղմկի ու ցրվեն։
- «Չշեղել Վրաստանը եվրոպական ուղուց». Ժոզեպ Բորելի կոչը
- Աբխազիայի նախագահ. «Վրաստանի ղեկավարությունը պետք է ընդունի ստեղծված իրականությունը»
- Տարածքներ խաղաղության դիմաց. Ադրբեջանը կհրաժարվի՞ նոր պատերազմից
Բոլորին, այդ թվում՝ ինձ, տանջում է հետևյալ հարցը՝ ինչո՞ւ «Վրացական երազանքը» դիմեց այդ քայլին։
Փաստարկներն այն մասին, թե քաղաքական գործընթացներում թափանցիկության կարիք ունեն, համոզիչ չեն հնչում։ Եվ եթե նույնիսկ դա այդպես է, ապա տրամաբանական կլիներ նման «պայթունավտանգ» օրինագիծ նախաձեռնել ընտրություններից հետո։
Կուսակցության հիմնադիր և «հոգևոր առաջնորդ», օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին նման ռիսկի չէր դիմի՝ գնալով վա-բանկ առանց հիմնավորումների և դրդապատճառների։ Իսկ նման շարժառիթ, ըստ իս, կարող է լինել միայն Մոսկվայի խոստումը (որն ակտիվորեն առաջ է մղում «օտարերկրյա գործակալների մասին օրենքը» իր հարևան երկրներում)՝ նպաստելու Վրաստանի «տարածքային ամբողջականության վերականգնմանը»։ Բայց ոչ նույն ձևով, ինչպես դա եղել է Խորհրդային Միության օրոք, երբ Աբխազիան և Հարավային Օսիան Վրացական ԽՍՀ-ի կազմում էին՝ որպես լիովին նրան ենթակա ինքնավարություններ, այլ միացյալ դաշնային պետության որոշակի մոդելի ստեղծմամբ։
Վստահ եմ, որ վրացիների ճնշող մեծամասնության կողմից այս մոդելն «ուռա»-ներով կընդունվի։ Իսկ Կրեմլի համար, որն իր շուրջը կառուցում է յուրօրինակ «անվտանգության գոտի», Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Վրաստանի համադաշնության գաղափարը շատ շահավետ նախագիծ է, որը թույլ է տալիս Վրաստանը կապել իրեն։ Բացի այդ, այն դարձնել առնվազն չեզոք տարածք, որտեղից ոչ մի բան չի սպառնա Ռուսաստանին։ Եվ առավելագույնը՝ հետագայում այդ համադաշնությունը մտցնել ինչ-որ միության կազմ։
Ամենայն հավանականությամբ, Մոսկվայի և Թբիլիսիի միջև տեղի են ունենում գաղտնի խորհրդակցություններ առանձնապես վստահելի անձանց միջոցով։ Համենայն դեպս այդ մասին են վկայում անուղղակի փաստերը, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկիի և վրացական ծագումով ռուս գործարար Դավիթ Խիդաշելիի զրույցը, որը լրագրողները գաղտնի ձայնագրել էին։ Այդ զրույցում Խիդաշելին խոսել էր Աբխազիայի հետ որոշակի նախագծերի, այդ թվում՝ համադաշնությունների մասին։
Ես չեմ բացառում, որ Աբխազիան և Հարավային Օսիան իրենք ինչ-որ կերպ ներգրավված են այս գործընթացում։ Ամեն դեպքում 2022 թվականից Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի օգնականների շարքերում է ռուս գործարար Միրիլաշվիլին, ով բացահայտ վրացական ազգանուն ունի։ Եվ ես վստահ եմ, որ դա հենց այնպես չէ։
«Վրացական երազանքի» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համատեքստում իսկապես շատ հարցեր կան, և դրանք, իմ սուբյեկտիվ կարծիքով, չեն սահմանափակվում զուտ ներվրացական քաղաքական պայքարի շրջանակներում: