Կուր գետի աննախադեպ ծանծաղում Ադրբեջանում. բնապահպաններն ահազանգում են
Տեղացի բնապահպաններն ու էկոակտիվիստներն ահազանգում են՝ Ադրբեջանում Կուր գետի ծանծաղումը հասել է աննախադեպ մակարդակի։ Գետաբերանի մոտ գտնվող Սալյանի և Նեֆթչալայի շրջանների բնակիչների խոսքով՝ այժմ Կուրը կարելի է հատել ոտքով։ EcoFront անկախ բնապահպանական կազմակերպության ղեկավար Ջավիդ Գարան հայտարարել է, որ գետը ծանծաղել է միայն Ադրբեջանի տարածքում, և նշել աղետալի իրավիճակի պատճառները։
- Արևային էներգիայի օգտագործման մասին՝ Երևանի բնակիչը, գործարարն ու փորձագետը
- Երկու տեսապատմություն շրջափակված ԼՂ-ում մարդկանց կյանքի մասին
- «Որոշվում է նաև Հայաստանի ապագան»․ հայ քաղաքագետը՝ Վրաստանի զարգացումների մասին
Ադրբեջանի որոշ շրջաններում, որոնք գտնվում են Կուրի գետաբերանին ավելի մոտ, գրանցվել է երկրի գլխավոր ջրային ուղու աննախադեպ ծանծաղում։ Բանը հասել է նրան, որ ծանծաղ վայրերում հայտնաբերվել են արտեֆակտներ, որոնցով զբաղվում են հնագետներն ու պատմաբանները:
Երկրի Սալյանի շրջանի բնակիչ, ակտիվիստ Էմիլ Մամեդովի խոսքով՝ այսօր Կուրը կարելի է հատել նույնիսկ ոտքով, թեև դեռևս անցյալ տարի դա անհավանական էր թվում։
Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը Կուրի ստորին հոսանքների իրավիճակն անվանել է «ողբալի, բայց ոչ անհուսալի»։
Այս իրադարձությունների ֆոնին այսօր ներկայացուցիչները «Ազերսու» պետական կազմակերպության, որը պատասխանատու է Ադրբեջանի բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար, հայտարարեցին բնակչության համար ջրի գնի մոտալուտ թանկացման մասին։ Նրանց խոսքով՝ այժմ ջուրը բնակչությանը վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով։
EcoFront անկախ բնապահպանական կազմակերպության ղեկավար Ջավիդ Գարան հայտարարել է, որ Կուրը ծանծաղել է միայն Ադրբեջանի տարածքում, և նշել աղետալի իրավիճակի պատճառները։
Որտե՞ղ է ձևավորվում գետը և իրավիճակը այդ երկրներում
Ջավիդ Գարայի խոսքով՝ Թուրքիայի դերը Կուրի ձևավորման գործում 5-10 տոկոս է կազմում։ Իսկ հենց գետի ջրային պաշարներում Թուրքիային բաժին է ընկնում 2-3 տոկոսը.
«Եթե այդ տարածքները դիտարկենք որպես ամենաակտիվ վայրեր, որտեղ գետն ամենաակտիվ կերպով վերցնում է իր ջրային պաշարները, միևնույն է՝ 10%-ից բարձր չի ստացվի։ Այլ կերպ ասած՝ եթե նույնիսկ Թուրքիան փակի գետի ողջ հունը, իրավիճակն այսքան աղետալի չի լինի։ Բայց ամեն դեպքում չի փակի:
Այս տարածքը գրեթե ամբողջությամբ բարձր լեռնային է և գյուղատնտեսության համար ոչ պիտանի, այսինքն՝ Թուրքիայում Կուրի ջուրը չի օգտագործվում որպես հողերի ոռոգման աղբյուր։ Չկան նաև սառցադաշտեր։ Դրանք կարելի է համեմատել Ադրբեջանի Գադաբայի և Թովուզի շրջանների լեռների հետ՝ բարձրությունը տատանվում է 1400-2700 մետրի սահմաններում։
Թուրքիայում Կուրի վրա կառուցվել են երկու-երեք փոքր ջրառի հարմարանքներ, որոնք ծառայում են տեղական փոքր էլեկտրակայաններին։ Այսինքն՝ ջուրն այստեղ կանգ չի առնում ու չի նվազում, պարզապես օգտագործում են դրա հոսքի ուժը։
Թուրքիայի դերը Կուր գետում ամենավերջինն է. այս երկիրը հիշատակվում է միայն այն պատճառով, որ մենք կարծում ենք՝ այն սկիզբ է առնում Թուրքիայից։ Այն կարող էր սկիզբ առնել նաև Վրաստանից։ Բայց Կուր գետի ամենահեռավոր վտակը գտնվում է Թուրքիայում, դրա համար էլ մենք կանգ առանք այդ կետի վրա»։
Կուրը Վրաստանում և Հայաստանում
Էկոակտիվիստը նշեց, որ Թուրքիայից Վրաստան անցման կետում Կուրը շատ փոքր գետ է, որը համեմատելի է Ադրբեջանի Թերթերչայի հետ.
«Նույնիսկ Սարսանգի ջրամբարը Ղարաբաղում շատ ավելի մեծ է, քան դրա վրացական անալոգները Կուրի վրա: Վրաստանում և Հայաստանում տասնյակ շատ հզոր գետեր են թափվում Կուր։
Հայաստանում Կուրի ջրային պարիսպները շատ ավելի լայն ու բարձր են, քան Թուրքիայում։ Այս տարածքում գետից լուրջ մելիորացիա չկա, անգամ մեծ էլեկտրակայաններ չկան։ Ադրբեջանի հետ սահմանին՝ Ղազախի շրջանի մոտ, կա մեկ փոքր էլեկտրակայան։ Սա միայն գյուղի մակարդակով կարող է խնդիր լուծել։
Վրաստանում տեսնում ենք Կուրի ջրային բազայի ուժեղ ձևավորում։ 4000 մետր բարձրությամբ լեռներից սկիզբ առնող գետերը անցնում են տարածքներով, որտեղ առատ տեղումներ են։ Վրաստանում՝ Կուրի ափին ոռոգվող հողատարածքներն այնքան էլ շատ չեն։ Այնտեղ հողերի մելիորացիայի այնքան էլ մեծ կարիք չկա, քանի որ բավականաչափ տեղումներ են լինում։ Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող հողատարածքների մեծ մասն օգտագործվում է որպես ձմեռային արոտավայր։
Ամփոփելով կարելի է ասել, որ թվարկված երեք երկրներում Կուրը ոչ ոքի չի հետաքրքրում, և այս գետի հետ կապված խնդիրներ չկան։
Կուրի հետ կապված խնդիրներն Ադրբեջանում
«Կուր գետի այն ծավալը, որը Վրաստանից անցնում է Ադրբեջանի տարածք, բավարար է։ Հարևան երկրներն օգտագործում են այս գետի աննշան ծավալը, մնացածը, այսպես ասած, «նվիրում» են Ադրբեջանին։ Պետական այրերը դա քաջ գիտակցում են։ Այդ իսկ պատճառով ոչ մի պահանջ չեն ներկայացնում հարևան երկրներին։ Ընդամենը փորձում են հորինված թվեր հրապարակել՝ բնակչությանը դրանցով «կշտացնելու» համար։
Եթե ուզում են իրավիճակն այնպես ներկայացնել, որ Կուրի ծանծաղումը, իբր, սկսվում է սահմանից այն կողմ, թող այն Վրաստանի հետ սահմանի «Կարմիր կամրջի» մոտ լուսանկարեն ու ցույց տան։
Ադրբեջանում Կուրը ծանծաղ է դառնում։ Պատճառը պարզ է՝ բոլոր ձմեռային արոտավայրերը վերածվել են վարելահողերի։ Հարյուր հազարավոր հեկտար հողեր, որտեղ նախկինում խոտ գրեթե չէր աճում, սկսեցին ինտենսիվ ոռոգվել։ Հարյուրավոր հովիվների բռնի կերպով վտարեցին այդ վայրերից. պաշտոնյաները գյուղատնտեսական այգիներ են ստեղծում։
Նախկին արոտավայրերի տեղերում ստեղծված այդ բոլոր այգիները պատկանում են բիզնեսմեն-պաշտոնյաների։ Սա նաև անարդար մրցակցային միջավայր է։ Ով փող ունի, նա էլ գնում է հողը։ Արոտավայրերը էժան գնով վարձակալում են, սկսում են այդ հողերը հերկել։ Նման օպերացիաների հասանելիություն ունեն միայն բիզնեսմեն-պաշտոնյաները։ Ջրից էլ առաջին հերթին նրանք են օգտվում։ Եթե ինչ-որ բան մնում է, փոխանցում են բնակչությանը։
Արոտավայրերի բացակայության պատճառով անասնաբույծներն անցում են կատարում պատրաստի անասնակերի, ինչը բարձրացնում է մսի ինքնարժեքը, քանի որ ծախսերն ավելանում են։ Սա ապրանքների թանկացման պատճառներից մեկն է»,- ամփոփել է Ջավիդ Գարան։