Կորցնելով և վերգտնելով հարազատին
“Ալո՞, բարև մամա Լյուսյա”, — լսափողի մեջ Լյուսան լսեց անծանոթ կանացի ձայն։
Մտածեց, թե իր հետ ինչ-որ մեկը կատակ է անում, ու պատասխանեց․ ես քեզ ի՞նչ մամա Լյուսյա։
Բայց պարզվեց, որ դա Կոստյայի մայրն էր։ Հենց այս զանգից սկսվեց թոռնիկի ու տատիկի վերամիավորումը։
Անորոշությունը տիկին Լյուսիայի դեպքում երկու առանցքով էր` որդու ու նրա զավակի: Առանցքներից մեկը քանդվում է տատի և թոռան վերամիավորումով` 17 տարվա ընդմիջումից հետո, սակայն դեռ չկա մյուս անորոշության ավարտը:
81-ամյա Լյուսյա Ավանեսյանի կյանքը երեք բնակավայրերում է անցել: Ծնվել է Ղարաբաղում, մեծացել Բաքվում, արդեն 29 տարի բնակվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում գտնվող Վարդենիս քաղաքում:
Գեղարքունիքի մարզի իր բնակարանում տարեց կինը մենակ է ապրում: Հյուրասենյակի պատին կախված 3 դիմանկարը ցույց տալով ասում է. «Իմ տղամարդիկ են»:
Մեջտեղի շրջանակում ամուսնու նկարն է, որին 40 տարեկանում է կորցրել: Նրանից աջ պատկերված է Բորյան` մեծ տղան: Նա մահացել է 2008-ին` երկարատև հիվանդության հետևանքով: Ձախ կողմում փոքրի` Էդուարդի նկարն է: Վերջինիս ճակատագիրն արդեն 24 տարի անհայտ է:
Էդուարդ Ավանեսյանը ծնվել է 1959 թվին Բաքվում։ Վաղ տարիքում հաստատվել է Ռուսաստանում` ապրելու ու աշխատելու նպատակով: Ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանում մասնակցում է պատերազմին և 1999-ից համարվում է անհայտ կորած:
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով կան ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձիք՝ գրանցված Երևանում և Բաքվում Կարմի խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության կողմից։ Նրանցից ավելի քան 400-ը գրանցված են Հայաստանում, գրեթե նույնքանն էլ Լեռնային Ղարաբաղում: Ի դեպ, ԿԽՄԿ-ն 2014-ից սկսել է հավաքագրել ԴՆԹ տվյալներ:
Հայաստանում ծրագրի մեկնարկելուց ի վեր 344 անհայտ կորածի 1077 արյունակից բարեկամի նմուշ է հավաքագրվել, որոնցից 195 արդեն անցել է ԴՆԹ պրոֆիլ և որակի ստուգում անկախ լաբորատորիայում: Ապագայում` արտաշիրիմում իրականացնելու ժամանակ այդ նմուշները կօգնեն և կմեծացնեն աճյունի ինքնությունը պարզելու հավանականությունը
Տիկին Լյուսյայի խոսքում Ղարաբաղի բարբառը ու ռուսերենը խառնվում են մի նախադասության մեջ: Բացատրում է, որ Բաքվում մեծ մասամբ հենց ռուսերեն էին խոսում:
Պատմում է, որ մինչև Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի սկսվելը Բաքվում իրենց լավ էին վերաբերվում: Ինքն աշխատում էր տրիկոտաժի գործարանում: Բնակարան էր ստացել, տղաները վերանարոգել էին:
Սակայն, ամեն ինչ փոխվում է 80-ականների վերջում.
«Տղաս` Բորյան տաքսի էր վարում: Հաճախ էր Սումգայիթ գնում: Ինձ անընդհատ ասում էր, որ պետք է գնալ այստեղից: Ես էլ ասում էի խուճապի մեջ մի ընկի: Ես հավատում էի, որ ամեն ինչ կնորմանալանա: Չնորմալացավ…», — ասում է Լյուսյա Ավանեսյանը:
Արդյունքում, Բաքվի շատ այլ հայերի նման նա էլ փոխանակում է իր բնակարանը և Վարդենիս տեղափոխվում:
Այս շրջանում նրա երկու տղաներն ապրում և աշխատում էին Ռուսաստանում: Ասում է, ինքն էլ կարող էր միանալ որդիներին, բայց. «Ես էլ ասեցի , ինչ գիտեմ, վաղը նման բան կարող է Ռուսաստանում լինել, գոնե երեխեքիս համար տուն կլինի: Այդ մտքով եմ տները փոխանակել»:
Սակայն դեպքերը զարգանում են այլ կերպ: Մեծ տղան` Բորյան, վերադառնում է 1991-ին: Մեկ տարի անց Հայաստան է գալիս Էդիկը` սիրելիի` Նատաշայի հետ:
«Ասաց ես կլինեմ Երևանում, այնտեղ գործ ունեմ: Զգուշացրեց, որ չփնտրեմ, եթե անհրաժեշտ լինի` ինքն իր մասին իմաց կտա», — պատմում է տիկին Լյուսյան: Բացատրում է, որ անհանգստանալու պատճառ չուներ: Էդիկը ինքնուրույն ու հավասարակշիռ էր, նրա համար միշտ էլ հանգիստ էր:
«Նա ինձ հեռագիրներ էր ուղարկում `ողջ -առողջ եմ: Իմ մտքով չէր էլ անցնում ստուգեմ, տեսնեմ, որ Ղարաբաղից են հեռագրերը գալիս», — ասում է մայրը:
Հիշում է, որ ընտանեկան մի հավաքի ժամանակ հարազատները հետաքրքրվում են որդուց ու իրողությունն այդպես պարզվում է. Էդիկը Նատաշայի հետ Երևանի փոխարեն Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում էր:
Պատերազմի ընթացքում մոր և տղայի կապի միջոցը հեռագրերն էին: Թե ինչ հաճախականությամբ էին ուղարկում ու ստանում` արդեն չի հիշում, բայց դրանք իրեն հանգստացնում էին: Հավատում էր, որ որդու մոտ ամեն ինչ լավ է:
Invalid slider ID or alias.
Այժմ, տիկին Լյուսյայի պայուսակում պահվող հեռագրների կապոցում կգտնես այդ շրջանում նրանց հետ կատարվածի մասին տեղեկություն: Այսպես նա որդուն լուր է տվել, որ մեծ եղբորը ամպուտացրել են, վիրահատման օրը բնակարանը թալանել են: Այսպես է նաև տատն իմացել թոռան ծնվելու մասին:
Կոնստանտին Էդուարդի Կատկովը տիկին Լյուսյայի կորցրած և վերգտած թոռն է, իր անհայտ կորած տղայի միակ ժառանգը:
Ղարաբաղում Նատաշան հղիանում է, ինչից հետո ամուսինը նրան ուղարկում է Վարդենիս, իր մոր մոտ։ Երիտասարդ կինը տիկին Լյուսյայի տանը որոշ ժամանակ մնալուց հետո վերադառնում է ծնողների մոտ` Ուկրաինա` թողնելով իր կոնտակտային տվայլները:
Թոռան ծնվելուց ի վեր նրանք 2 անգամ են տեսնվել: Առաջին հանիպումից տիկին Լյուսյան պահում է մանկահասակ Կոստյայի նկարը: Դա 1996 թիվն էր, երբ 3-ամյա երեխան ապրում էր տատի ու պապի հետ, մայրն աշխատանքի համար տեղափոխվել էր այլ քաղաք:
Փոքրիկի հետ անցկացարած օրերից տատը մի դրվագ լավ է հիշում: Մյուս տատը խորհուրդ էր տվել քնելիս երեխային կողքին պառկեցնի, որ երեխան իր հետ էլ կապվի: Կոստյան էլ թե «ցերեկը քեզ հետ կխոսեմ, իսկ գիշերը Գալյա տատաիկի հետ կքնեմ», — ժպիտով հիշում է կինը:
Վերադարձին տիկին Լյուսյան թողնում է իր կոնտակտային տվյալները: Սակայն որոշ ժամանակ անց ինքն է կորցնում նրանցը և այս անորոշությունը ձգվում է 18 տարի:
Այս ընթացքում հարևանների, մյուս տղայի ընտանիքի օգնությամբ շատ են որոնել Կոստյային և Նատաշային: Փորձել են նրանց սոցիալական ցանցերում գտնել, բայց չեն հաջողել: Իսկ թե ինչպես են նորից գտնում իրար, տիկին Լյուսյան ասում է կարելի է մի գիրք գրել դրա մասին:
Էդիկի կռված վայրում` Ղարաբաղի Տոնաշեն գյուղում 2013 թվին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված արձան են բացում, որին ներկա է լինում նաև տիկին Լյուսյան.
«Հաջորդ օրն առավոտը շուտ զանգ ստացա: Ճանապարհից եկած, մի քիչ հոգնած պատասխանեցի: Ասում է բարև, Լյուսյա մամա: Մտածեցի մեկը կատակ է անում: Ասում եմ ես քեզ ինչ Լյուսյա մամա: Ասում է ես եմ` Նատաշան, Կոստիայի մայրը»:
Այս զանզով սկսվում է նրանց վերամիավորումը: Մեկ տարի չանցած տիկին Լյուսյան գնում է նրանց այցի` Ռուսաստան: Հուզմունքով պատմում է, որ Կոստյան էր եկել իրեն դիմավորելու. «Կանգանած եմ, տեսնեմ ինքն ինձ մոտ վազեց, գրկեց, համբուրեց»:
Ռուսաստանում գտնվելու մոտ մեկ ամսվա ընթացքում նրանք միասին են ապրում: Ասում է, Կոստյան արտաքնապես հորը աչքերով է նման: Բնավորությամբ էլ ընդհանուր գծեր ունեն. Էդուարդի նման նա էլ լուռ, հանգիստ ու հավասարակշռված է: Ի դեպ, Կոստյան ցանկություն է հայտնել գնալ Ղարաբաղ ու տեսնել այն վայրը, որտեղ ծնողներն են ապրել:
Ուրախությամբ հիշում է, որ թոռը հոր մասին շատ բան գիտի` մայրը պատմել էր:
Ինքն էլ Նատաշային շնորհակալություն է հայտնել դրա համար, նաև որ «իմ Էդիկի արյան կրողին ես ծնել»:
Նատաշան մոտ 2 տարի առաջ ամուսնացել է, բայց տղան դեմ է եղել: Տատը կիսակատակ ասում է, «ոնց կլինի, հայկական արյուն է»:
Հիմա նրանք հեռախոսով կապի մեջ են:
Լյուսյան կասկած չունի, որ որդին հետ է գալու, չնայած որ 25 տարի նրանից որևէ լուր չկա:
Պատմում է, որ պատերազմից հետո` 1995-ի սկզբում է եղել Շուշիում: Գնացել էր անձամբ որդուն որոնելու:
«Նկարը ձեռքիս ամեն գյուղ մտել եմ: 4-5 օր փնտրում էի իրեն: Այն ժամանակ հաճախ զինվորևական մեքենաներ էին անցնում: Մեկ րոպե չէի կանգնում, մեքենան կանգնեցնում էի, մինչև գյուղը տանում էին ու իրենց ճանապարհն էին շարունակում», — պատմում է 81-ամյա կինը:
Որոնումների արդյունքում գտել է որդու զինվորական գլխարկը, որն առանց լվանալու պահում է մինչև այսօր: Սա Էդուարդից մնացած քիչ իրերից է:
Հարևանուհիները պատմում են, որ Նոր տարուն կամ այլ առիթների միշտ Էդիկի ողջ կենացն է խմում: Մոմ չի վառում նրա նկարի առաջ: Տղայի ծնունդն էլ միշտ նշում է` հարևանների հետ. «Գան-չգան սեղան եմ դնում, չեմ ասում ճոխ: Կարող եմ մի ամբողջ շաբաթ խնայել, բայց ծնունդն անպայման անում եմ», — ասում է նա: