Կորոնավիրուս, կորուստներ ու կարոտ․ անցած տարին Հայաստանի ծերանոցներում
Երևանի Նորքի տուն-ինտերնատից այս ֆոտոպատմությունը դրա բնակիչների, այդ թվում՝ ամուսնական զույգերի մասին է, նրանց անհանգստությունների ու փոքրիկ ուրախությունների։
Հայաստանում 11 տուն-ինտերնատ՝ ծերանոց կա, դրանցից 5-ը պետական են, մնացածը՝ մասնավոր: Պետականներում այսօր բնակվում է 1210 մարդ։ Ընդ որում, դրանցից 3-ն ընդհանուր տիպի են, մյուս 2-ը՝ մասնագիտացված․ այստեղ պահվում են մտավոր և հոգեկան առողջության խնդիր ունեցող տարեցները։
Ծերանոցների բնակիչներից շատերը զավակներ ունեն, ոմանք՝ 8 երեխա, բայց, որպես կանոն, նրանց համար տուն-ինտերնատը դառնում է իրենց վերջին տունը։ Ծերանոցների բնակիչների 98 տոկոսը երբեք ընտանիք չի վերադառնում: Մասնագիտացված տուն-ինտերնատներում, որտեղ խնամվում են հաշմանդամություն ունեցող տարեցները, այս ցուցանիշը 100 տոկոս է։
- Ավելի լավ է տղա՞, թե՞ աղջիկ ունենալ
- Պատերազմ, թթու և ժենգյալով հաց․ իրենց տները լքած արցախցիների կյանքի մասին
Արդեն մեկ տարի է՝ Նորքի տուն-ինտերնատի բնակիչների համար ամենաերկար ճանապարհը ձգվում է մինչև ընդհանուր բաղնիք: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անցյալ տարվա փետրվարից, Հայաստանի բոլոր պետական ծերատներն անցան փակ ռեժիմի: Հաստատություններում մուտքն ու ելքն արգելված է բոլորի համար:
Յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի, հերթափոխով, տուն-ինտերնատի բնակիչները դուրս են գալիս իրենց սենյակներից ու երկար միջանցքներով շարժվում դեպի բաղնիք: Դեռ երկու ամիս առաջ սա միմյանց հետ շփվելու նրանց միակ հնարավորությունն էր՝ այն էլ սոցիալական հեռավորությունը պահելու պայմանով:
Բաղնիքից հետո, հատուկ սենյակում, ցանկացողներին սպասում է վարսահարդարը: Արդեն մեկ տարի հաստատության աշխատակիցներն ապրում են ծերանոցում և տուն վերադառնում միայն 14-օրյա հերթափոխն աշխատելուց հետո:
Մինչև համավարակը՝ Նորքի տուն-ինտերնատում 210 տարեց էր ապրում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեցները վարակի նկատմամբ առավել խոցելի են, տուն-ինտերնատներում աննախադեպ կարանտինային պայմաններ էին ձեռնարկվել:
Այնուամենայնիվ, չնայած խիստ սահմանափակումներին, հիվանդությունից խուսափել չհաջողվեց: Վարակվեցին աշխատակիցներից 27-ը, իսկ տարեցներից՝ 90-ը, 17-ը հիվանդանոցներից այդպես էլ հետ չվերադարձան։ Մի քանի ամիս տուն-ինտերնատի խոհանոցն էլ չէր աշխատում, վարակից խուսափելու համար սնունդը պատվիրում և բերում էին ռեստորանից։
Այժմ այն կրկին գործում է, բայց ընդհանուր ճաշարանում հավաքվելն արգելվում է: Օրական երեք անգամ սնունդը բաժանվում է տարեցների սենյակներով:
Հաստատության բնակիչները սովոր են ինքնուրույնության՝ սեփական թոշակով խանութ գնալու, անհրաժեշտ կամ սրտի ուզած գնումներ իրականացնելու:
Այսօր նրանց փոխարեն դա կատարում են տուն-ինտերնատի աշխատակիցները՝ փորձելով մեղմել տարեցների մեկուսացումը:
Արդեն մեկ տարի այս տանիքի տակ կարոտն ավելի ծանր է զգացվում։ Զավակների ու հարազատների մուտքն արգելված է: Տարեցներն անհամբեր սպասում են հիվանդության նահանջին՝ սիրելիներին տեսնելու համար:
Իսկ Խորեն Կարախանյանը հազվադեպ է միայնակ լինում։ Կինը՝ Նանուլին, միշտ իր կողքին է․
«Իմ աչքի լույսը, իմ Նանուլին։ Առանց նրա՝ ես ոչ մեկ եմ», — ասում է Խորեն պապը։
Խորեն պապի մենության այս պահերը կարճ են տևում։ Ուղղակի, կինը վարսահարդարման է։ Կոկիկ, խնամված Նանուլին ասում է՝ ինքը միշտ պետք է գեղեցիկ լինի իր ամուսնու համար։
«Հետո՞ ինչ, որ նա ինձ չի տեսնում։ 50 տարվա ամուսնական կյանքը սովորեցրել է մեզ տեսնել իրար՝ անկախ ամեն ինչից», — ասում է նա։
Նանուլին ու Խորենն ամուսնացել են 50 տարի առաջ։ Մեկ օրում։ Տեսել են իրար ու հասկացել՝ մեկը մյուսի կյանքն ու ապագան է։ Չսպասելով ծնողների համաձայնությանը՝ փախել են իրար հետ։
«Մեր երկար համատեղ կյանքը լի է եղել լավ ու վատ օրերով, բայց դրանք բոլորն էլ սիրով ենք ապրել։ Զավակներ ունենալ չենք կարողացել, բայց երբեք իրար չենք մեղադրել դրա համար։ 5 տարի առաջ, երբ Խորենը սկսեց է կուրանալ, իրար հետ որոշել ենք տեղափոխվել ծերանոց։ Հիմա էլ այս փոքրիկ սենյակում ենք կիսում լավ ու վատ օրերը», — պատմում է Նանուլին։
Ռուսերենի ուսուցչուհի Լիգիա Խաչատրյանը ևս ծերանոցում հայտնվել է 5 տարի առաջ՝ թողնելով սեփական տունն ու զավակներին։ Ամուսնու մահից տարիներ անց Լիգիան գտավ իր նոր սերը, որը փոխադարձ էր։ Զավակները տարեց զույգի սիրուն չընդդիմացան, բայց նաև չընդունեցին։ Տարեց նորապսակները որոշեցին, որ իրենց երջանկության ու հանգստության համար առանձնությունն ամենակարևորն է։
«Ծերանոցում մեր սենյակը բաժանված է երկու մասի՝ կոմունիզմն ու աթեիզմը մի կողմում, սրբապատկերն ու ազգային ազատամարտի հերոսների նկարները՝ մյուս։ Ես կոմկուսի անդամ եմ և Աստծուն չեմ հավատում, բայց սիրով կրում եմ ազատամարտիկ ամուսնուս նվիրած կախազարդը՝ վրան Մարիամ Աստվածածինը», — ասում է Լիգիան։
Կյանքը տուն-ինտերնատում շարունակվում է, ամեն մեկն ապրում է իր երազանքներով, իր ներքին ապրումներով։
Յուրաքանչյուրն այստեղ իր համար առավել հաճելի զբաղմունք է գտնում։ Շատերին ընթերցանությունն է փրկում մեկուսացումից։