Աշխարհը կարանտինից դուրս է գալիս․ ով և ինչպես։ Ռոբոտները չափում են մարդկանց ջերմությունն ու այգիներում մոնիթորինգ անում։ Լուսանկարներ/տեսանյութ
Կորոնավիրուսի համավարակը շարունակում է կյանքեր խլել։ Մայիսի 10–ի դրությամբ վարակվածների թիվը 4 մլն 103,539–ի է հասնում։ Ավելի քան 280 հազար մարդ է մահացել։
Եվրոպան շատ ծանր վիճակում է հայտնվել։ Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանն ամենավարակվածների թվում են, եվրոպական երկրների մեծ մասում մահացությունը շատ բարձր է։
Սակայն վերջին երկու շաբաթում իրավիճակը սկսել է բարելավվել, իսկ համաշխարհային կարանտինին հետևած խիստ տնտեսական ճգնաժամն աշխարհի շատ երկրների ստիպում է աստիճանաբար հանել սահմանափակումները։
- «Սահմանափակումները չեղարկել կարելի է, միայն եթե բնակչության մեծ մասը մշտապես թեստավորվում է»․ Բիլ Գեյթսն՝ այն մասին, թե ինչպես համավարակին վերջ տալ
- Ռուսաստան, կորոնավիրուս․ տարօրինակ ցածր մահացություն՝ վարակվածների հսկայական աճի ֆոնին և մահացած բուժաշխատողների շատ մեծ թիվ։ Ինչո՞ւ
- Կորոնավիրուս՝ չինական Ուհանի լաբորատորիայի՞ց, թե՞ տեղեկությունների գաղտնիություն։ Ինչի՞ համար է Արևմուտքը մեղադրում Չինաստանին
- Կարծիք․ ի՞նչ անեն Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան համաշխարհային ճգնաժամի պայմաններում արևմտյան ինտեգրացիան շարունակելու համար
Իսպանիա․ բիզնես դասի տեղեր լողափերում
Եվրոպայի ամենատուժած երկրներից մեկը՝ Իսպանիան, կարանտինից աստիճանաբար դուրս գալու պլան է մշակել։
Մայիսի 10–ի դրությամբ Իսպանիայում վարակվել է գրեթե 262 հազար մարդ, ավելի քան 26 հազարը մահացել է։
Առաջինը՝ մայիսի 11–ից, բացվում են եկեղեցիներն ու մզկիթներն, ինչպես նաև սրճարաններն ու ռեստորանները։ Սակայն վերջիններս կարող են աշխատել միայն բացօթյա տարածքներում և լիարժեք զբաղվածության միայն մինչև 50 տոկոսի չափով։
Դա չի վերաբերում երկու խոշորագույն իսպանական քաղաքներին՝ Մադրիդին և Բարսելոնին, այստեղ ամեն ինչ դեռևս փակ է։
Մայիսի 26–ից կբացվեն թանգարաններն ու թատրոններն, ինչպես նաև հանգստավայրերը, սակայն՝ սոցիալական հեռավորության կանոնների խիստ պահպանմամբ։
«Լողափերում այժմ հարկ կլինի տեղեր ամրագրել, ինչպես բիզնես դասի դեպքում», — ասել է Վալենսիայի մերձակայքում գտնվող հանգստավայրերից մեկի քաղաքապետը։
Մայիսի 26–ից մասնակիորեն կգործեն դպրոցները՝ դասասենյակներ կվերադառնան միայն տարրական դասարանների աշակերտները։
Գերմանիա․ վերականգնվում է Բունդեսլիգան
Եվրոպական ֆուտբոլային լիգաներից առաջինը երկրի առաջնության վերսկսման մասին հայտարարել է գերմանական Բունդեսլիգան։ Դա պետք է տեղի ունենա մայիսի 16–ին։
Առաջին երկու շաբաթում խաղերն առանց հանդիսատեսի են անցկացվելու։ Սակայն մասնագետները կանխատեսում են, որ չվաճառված տոմսերից կրած վնասը մի քանի անգամ ավելի շատ կփոխհատուցվի հեռուստահեռարձակումներից և բուքմեյքերական գրասենյակներից ստացված եկամտով․ երկրպագուները կարոտել են խաղերը։
Մայիսի 10–ի դրությամբ Գերմանիայում վարակված է ավելի քան 171 հազար մարդ, 7 550–ը մահացել է։
Գերմանիայում արդեն բաց է ամեն ինչ, սակայն հեռավորության պահպանման և ախտահանման խիստ սահմանափակումներ են գործում։
Իտալիա․ գնորդներին վերահսկում են ռոբոտները
Իտալիայում՝ Եվրոպայում կորոնավիրուսով վարակման և մահացության առաջատարներից մեկում, թույլատրված է խանութների աշխատանքը, սակայն փակ են խոշոր առևտրի կենտրոնները։
Մայիսի 10–ի դրութամբ Իտալիայում վարակված է ավելի քան 218 հազար մարդ, ավելի քան 30 հազարը մահացել է։
Խանութների տերերն ակտիվորեն օգտագործում են բժշկական ռոբոտներ, որոնք չափում են յուրաքանչյուր գնորդի ջերմությունն ու հետևում են հեռավորության պահպանմանը։
Թույլատրված է թաղումներին մասնակցել նաև հարազատների ամենանեղ շրջանակից դուրս անձանց, բայց 15 հոգուց ոչ ավելին։
Ռեստորաններն ու սրճարանները կբացվեն միայն հունիսի 1–ին։
Բնակիչներին թույլատրել են շփվել հարևանների հետ, բայց միաժամանակ չորս հոգուց ոչ ավելի։ Կարելի է նաև մեկնել սեփական քաղաքից կամ գյուղից, սակայն չի կարելի լքել շրջանի սահմանները։
Ուսումնական հաստատությունները չեն բացվելու մինչև սեպտեմբեր։
Ֆրանսիա․ կարելի է տեղաշարժվել առանց հատուկ թույլտվության
Ֆրանսիայում արդեն թույլատրված է մինչև 100 կմ մեքենայով երթևեկելը։ Ավելի հեռու տեղ մեկնելու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ։
Փարիզում ամենաաշխույժ ժամերին կարելի է տրանսպորտով տեղաշարժվել, եթե հատուկ թույլտվություն կա։
Շրջաններում այցելությունների համար բացվել են այգիները, սակայն Փարիզում արգելված է այգի գնալ 11–18 տարեկան երեխաներին։
Մայիսի 11–ից վերսկսվում է տարրական դասարանների աշակերտների ուսուցումն ու բացվում են մանկապարտեզները։ 15-18 տարեկան երեխաների համար դպրոցները չեն բացվելու մինչև հունիս։
Նաև նոր կանոն է հաստատվել․ դասարանում միաժամանակ 15 երեխայից ավելի չի կարող լինել։
Աշխատում են բոլոր խանութները, վարսավիրանոցները, կարելի է գերեզմանոց գնալ։ Սակայն ռեստորաններն ու սրճարանները փակ են։
Բնակիչները կրկին կարող են շփվել միմյանց հետ, սակայն 10 հոգուց ոչ ավելի և հեռավորության խիստ պահպանմամբ։
Շվեդիա՝ միայն երկու արգելք․ չի կարելի հավաքվել ավելի, քան 50 հոգով և չի կարելի այցելել ծերանոցներ
Համավարակի ողջ ընթացքում Շվեդիայում խիստ սահմանափակումներ չեն եղել։
Շարունակում են աշխատել ռեստորանները, դպրոցներն ու բիզնեսները։ Ուժի մեջ է միայն 50 հոգուց ոչ ավելի հավաքվելու արգելքը։
Այցելությունների համար փակ են նաև ծերանոցները։
Բնակչության մեծ մասն ինքնակամ ինքնամեկուսացվել է հենց ամենասկզբից։ Շատերն աշխատում են տնից և հրաժարվել են լքել իրենց քաղաքները։
Մարդիկ նաև միմյանցից խստորեն երկու մետր հեռավորություն են պահպանում ամենուր։
Շվեդիայում ավելի քան 3 հազար մահ է գրանցվել, դա բակչության մեկ շնչի հաշվարկով ամենաբարձր ցուցանիշն է՝ Հյուսիսային Եվրոպայի մյուս երկրների համեմատ։ Մայիսի 10–ի դրությամբ այստեղ վարակվել է գրեթե 26 հազար մարդ։
Հարավային Կորեա․ ելքի անհաջող փորձ
Հարավային Կորեայում, որը համավարակին դիմակայելու աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկն էր համարվում, վարակման նոր բռնկում է տեղի ունեցել։
Այն բանից հետո, երբ պարզվել է, որ աղբյուրը ռեստորաններն ու գիշերային ակումբներն են, իշխանություններն անմիջապես փակել են դրանք։
Մայիսի 10–ի դրությամբ Հարավային Կորեայում 10,874 վարակված կա, 256–ը մահացել է։