Հայաստանի առողջապական համակարգը պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին։ Այս մասին հուլիսի 29-ի ճեպազրույցի ընթացքում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․
«Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ, երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկական կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։
Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան»։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ կորոնավիրուսի դեպքերի պիկը եղել է հուլիսի 6-ին, այդ օրն են գրանցվել ամենամեծ թվով ակտիվ դեպքերը.
«Այդ օրվանից անց մենք ամեն օր ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել, և վերջին օրերն արձանագրում են նույն տենդենցը: Շարունակելով մեր համաճարակաբանական բոլոր պարզ կաննոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորությունը և ձեռքերի ախտահանումը, մենք ռեալ շանս ունենք տեմպը պահելու և արագացնելու»: