Ադրբեջանում սկսվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքը, սակայն դա գրեթե չի քննարկվում
Վերջին նվազումից հետո Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կրկին սկսել է կտրուկ աճել և արդեն մեկ շաբաթ է, ինչ մեծ է։ Սակայն, դատելով լրատվամիջոցներից և սոցցանցերից, դա առանձնապես չի հուզում պաշտոնյաներին և բնակչությանը։ Երկիրն աստիճանաբար դուրս է գալիս կարանտինից։
- Նավթ և կորոնավիրուս․ ադրբեջանական տնտեսության երկու դժբախտությունները
- Ադրբեջանի փայլուն հաղթանակը կորոնավիրուսի նկատմամբ․ ի՞նչն այն չէ։ Կարծիք
Երկրորդ ալիք լինելու է, սակայն ամեն ինչ վերահսկողության տակ է
Ըստ պաշտոնական տվյալների՝ մայիսի 12–ին Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, մեկ մարդ մահացել է։ Վարակվածների ընդհանուր թիվն այս պահին կազմում է 2693, 33 մարդ մահացել է, 1735–ն՝ ապաքինվել։
Դեռևս մինչև վերջերս բուժվածների թիվը զգալիորեն գերազանցում էր վարակման նոր դեպքերը։ Փորձագետներն ասում էին, որ վարակման գագաթնակետն արդեն հաղթահարված է, իսկ լրատվամիջոցները գրում էին, թե որքան արագ և հմուտ կերպով հաղթահարեց կորոնավիրուսն Ադրբեջանը, նաև նախագահ Իլհամ Ալիևին ուղղված «շնորհակալագրեր» էին հրապարակում երկրի քաղաքացիների կողմից։
Այժմ պատկերն ուղիղ հակառակն է, վարակման ամենօրյա ցուցանիշը գրեթե կրկնակի գերազանցում է ապաքինվածների թիվը, և ամեն ինչ խոսում է այն մասին, որ վարակման երկրորդ ալիքը կամ արդեն սկսվել է, կամ, ուր որ է, սկսվելու է։
Սակայն և իշխանությունները, և լրագրողները նախկինի պես հպարտ են և լավատես։ Միայն թե շնորհակալագրերն են դադարել հրապարակել։
Իսկ երկրի քաղաքացիները կարծես հոգնել են թվերից և կարանտինից և աչք են փակում այդ ամենի վրա։ Հենց դրանով էլ իշխանությունները բացատրում են երկրորդ ալիքը։
Հիմնական թեզերը, որոնք հնչեցնում են նախարարների կաբինետն ու նախագահը․
- Վարակման երկրորդ ալիքն անխուսափելի է կարանտինից դուրս գալիս, սակայն մենք դրան պատրաստ ենք։
- Երկրի բնակիչներն ընդհանուր առմամբ անպատասխանատու են, ոչ գիտակից, դիմակներ չեն կրում, հեռավորություն չեն պահպանում, այդ պատճառով էլ վարակվում են։
- Սարսափելի ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ վերահսկողության տակ է, և Ադրբեջանը շատ լավ է աշխատում վարակի հետ, մնացած շատ երկրներից ավելի լավ։
Կարելի է և շոփինգի, և վարսավիրանոց գնալ, միայն թե՝ sms-թույլտվությամբ
Պաշտոնապես Ադրբեջանում կարանտինի ռեժիմը տևելու է մինչև մայիսի 31–ը։ Սակայն այն ավելի է մեղմացվել․ բացվել են բոլոր խանութները (առևտրի կենտրոններից բացի), գեղեցկության սրահներն ու ֆոտոստուդիաներն, իսկ շրջանների մեծ մասում՝ նաև սրճարաններն ու ռեստորանները, հանվել է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը։
Բաքվում ամբողջությամբ վերականգնվել է հանրային տրանսպորտի երթևեկությունը․ մայիսի 9–ից կրկին սկսել է աշխատել մետրոն, իսկ ավտոբուսներն, առանց այն էլ, աշխատում էին անգամ կարանտինի օրերին։
Ընդ որում, մայրաքաղաքում մինչև հիմա փակ են այգիները, պուրակներն ու հանրային հանգստի նմանատիպ տարածքները, իսկ տնից դուրս գալու համար մարդիկ պետք է աշխատավայրից տեղեկանք ունենան կամ իշխանություններից sms-թույլտվություն։
Այն տրամադրվում է օրական երեք ժամով, սակայն դա բավարար է, որպեսզի փողոցները մարդկանցով լի լինեն, իսկ ավտոբուսները լեփ–լեցուն՝ ինչպես հին ու բարի նախակարանտինային օրերին։
$112 բոլորին՝ գործազուրկներին, հարուստներին, մահացածներին
Հասարակությունում ամենամեծ հուզմունքն առաջացնում է միանվագ փոխհատուցման վճարումը նրանց, ովքեր կարանտինի պատճառով գործազուրկ են դարձել։ Ամսական 190 մանաթ [մոտ $112] նպաստը հաշվարկված էր 600 հազար մարդու համար (թեև գործազուրկների իրական թիվը շատ ավելի մեծ է)։
Այն վճարվում է երկու ամիս՝ ապրիլին և մայիսին։ Եվ առաջին իսկ օրվանից այդ նպաստների մասին վեճերը, վրդովմունքն ու բացահայտումները չեն դադարում։
Սոցցանցերում հաղորդագրություններ են հայտնվում այն մասին, որ այդ գումարները ստացածների շրջանում կան ապահովված մարդիկ, որոնք պարզապես պաշտոնապես ոչ մի տեղ չեն աշխատում։
Ավելին՝ նրանց թվում կան նույնիսկ մահացածներ (դա պարզել են՝ ուսումնասիրելով փողը ստացածների առցանց ցանկը)։
Ընդհանուր առմամբ, նպաստների տրամադրումն ուղեկցվում էր բազում մեքենայություններով։ Իսկ քարտ ստանալու համար, որի վրա փոխանցվում են փողերը, բանկերի մոտ հսկայական ամբոխ է հավաքվում՝ առանց սոցիալական հեռավորության և դիմակների։