Կորոնավիրուսը Վրաստանում․ նոր սահմանափակումներ մինչև 2021 թ-ի հունվարի վերջ
Վրաստանում նոր սահմանափակումներ են կիրառվում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով։ Նոր կանոնները կսկսեն գործել նոյեմբերի 28-ից և, ինչպես սպասվում է, կտևեն երկու ամիս՝ մինչև 2021 թ-ի հունվարի 31-ը։
Նոյեմբերի 26-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 801 նոր դեպք, ևս 39 մարդ է մահացել։ Համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 118 690 մարդ, նրանցից 1 124-ը մահացել է, 98 781-ն ապաքինվել։ Ներկա պահին վարակված է 18 759 մարդ։
Ի՞նչն է արգելված նոյեմբերի 28-ից
● Գլխավոր սահմանափակումը․ կանգնելու է ողջ հանրային տրանսպորտը՝ մետրոն, ավտոբուսները, երթուղայինները, Թբիլիսիում և ևս յոթ խոշոր քաղաքներում՝ Թելավիում, Բաթումում, Քութայիսիում, Ռուսթավիում, Գորիում, Փոթիում և Զուգդիդիում։
Տաքսիները շարունակելու են աշխատել սովորական ռեժիմով․ ուղևորը հետևի նստարանին է նստում և անպայման՝ դիմակով։
● Կանգնեցվում է ողջ միջքաղաքային տրանսպորտը՝ ավտոբուսները, երթուղայիններն ու գնացքները։ Սակայն մեքենաներով տեղաշարժվելու արգելք չկա, այդ թվում՝ տաքսիներով։
● Պարետային ժամը սկսում է գործել ժամը 21:00-ից մինչև 05:00-ն (մինչև հիմա ժամը 22.00-ից 05.00-ն էր)։ Այս սահմանափակումը գործելու է մինչև դեկտեմբերի 31-ը՝ բացառությամբ երկու գիշերվա՝ դեկտեմբերի 31-ի գիշերվա, ինչպես նաև Սուրբ Ծննդյան գիշերվա՝ հունվարի 6-ի։ Գիշերային երթևեկությունն այս երկու օրը չի սահմանափակվի։
● Դադարում են աշխատել բոլոր խոշոր առևտրային օբյեկտները՝ տոնավաճառներն, առևտրի կենտրոնները, շինարարական խանութները և այլն։ Առցանց առևտուրն ու ապրանքի առաքումը թույլատրված է։
● Չեն փակվելու և շարունակելու են նորմալ աշխատել ագրարային շուկաներն ու խանութները, որտեղ մթերք, կենդանիների կեր, կենցաղային քիմիա և հիգիենայի պարագաներ են վաճառվում, դեղատներն ու անասնաբուժական դեղատները։ Շարունակելու են աշխատել նաև թերթի կրպակները։
● Փակվում են լողավազանները, ֆիթնես կենտրոններն ու մարզասրահները։
● Գեղեցկության սրահներն ու սպա սրահները կարող են շարունակել աշխատել։
● Ռեստորանները, սրճարաններն ու բարերը չեն կարող այցելուներ ընդունել և պետք է աշխատեն միայն առաքման եղանակով։
● Արգելված է ցանկացած կոնֆերանս, թրեյնինգ, մշակութային, ժամանցային միջոցառում։ Դրանք պետք է առցանց անցկացվեն։
● Պետք է փակվի ցանկացած մարզական, մշակութային, ստեղծագործական կենտրոն/ստուդիա/խմբակ։
● Կոմունալ ծառայությունները հնարավորինս կանցնեն հեռավար աշխատանքի։ Այս սահմանափակումը գործելու է մինչև հունվարի 3-ը։ Իսկ հունվարի 3-15-ը կոմունալ ծառայությունների գրասենյակներն արձակուրդ կմեկնեն։
● Մասնավոր հաստատությունները հնարավորինս կանցնեն հեռավար ռեժիմի։ Անհրաժեշտության դեպքում գրասենյակները կարող են բաց լինել միայն մինչև 15:00-ն։
● Դասապրոցեսը դպրոցներում, բուհերում և մանկապարտեզներում կշարունակվի միայն հեռավար կերպով։
● Սահմանափակումներ չկան շինարարական հատվածի համար․ շինարարական և ենթակառուցվածքային նախագծերը կշարունակվեն։
Ինչպե՞ս են անցնելու տոնական օրերը
● Սահմանափակումները մասնակի կչեղարկվեն միայն Ամանորին՝ դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ։
● Այդ տասն օրերի ընթացքում բաց կլինեն առևտրի կենտրոնները, բաց և փակ տոնավաճառները, կվերսկսվի քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը։
● Հունվարի 3-15-ը արձակուրդ է հայտարարվում բոլոր պետական և մասնավոր հաստատությունների համար՝ բացառությամբ բանկերի և ռազմավարական նշանակություն ունեցող ծառայությունների։
● Հանգստյան օրերի ավարտից հետո, հունվարի 16-31-ը կչեղարկվեն որոշ սահմանափակումներ, այդ թվում․ մասնակիորեն կվերականգնվի քաղաքային և միջքաղաքային հանրային տրանսպորտի, առևտրային օբյեկտների, փակ և բաց տոնավաճառների աշխատանքը։
Սակայն հանգստյան օրերին տրանսպորտը, խանութներն ու տոնավաճառները չեն աշխատի, այս կանոնը կգործի մինչև հունվարի 31-ը։
Ի՞նչ ռեժիմի մեջ են լինելու ձմեռային հանգստավայրերը
Ձմեռային հանգստյան սեզոնն արդեն կարելի է փաստացի չկայացած համարել։
Առանց բացառության բոլոր ձմեռային հանգստավայրերում արգելված է ճոպանուղիների աշխատանքը, փակ կլինեն լեռնադահուկային ուղիները, հյուրանոցները կաշխատեն միայն կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց մեկուսացման համար։
Ձմեռային հանգստավայրերում ռեստորանները, խանութներն ու սննդի կետերը կանցնեն նույն ռեժիմին, ինչ երկրի տարածքում մնացած օբյեկտները։