Կորոնավիրուսը Հյուսիսային Կովկասում․ զոհերի թվի և իշխանությունների նկատմամբ անվստահության հսկայական աճ
Հյուսիսային Կովկասում համավարակի զանգվածային հերքումը փոխարինվում է վրդովմունքով և հուսահատությամբ։
Հյուսիսային Կովկասում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 428 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ, համաճարակի մեկնարկից ի վեր 11,548 մարդ է հիվանդացել։ Սակայն քչերն են հավատում, որ այդ թվերն իրական են։
Հյուսիսային Օսիա․ «Հիվանդանոցներում տեղերի պակաս կա»
Հյուսիսային Օսիայում արագ աճում է վարակվածների թիվը։ Վերջին մեկ օրում վարակվել է 93 մարդ, ընդհանուր առմամբ՝ 1 253։ Ինը մարդ է մահացել։
Սակայն հանրապետությունում կտրուկ աճում է մեկ այլ վիճակագրություն՝ արտահիվանդանոցային թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդների թիվը։
Մեկ օրում Հանրապետական հիվանդանոցում ավելի քան 200 հետազոտություն է անցկացվում համակարգչային տոմոգրաֆով այն դեպքում, երբ սովորական ժամանակ նորման 30 է։
- Կորոնավիրուս՝ չինական Ուհան քաղաքի լաբորատորիայի՞ց։ Ինչո՞ւմ է Արևմուտքը մեղադրում Չինաստանին
- Թուրքիան պատրաստ է զբոսաշրջային սեզոնը բացել արդեն մայիսի վերջին։ Ինչպե՞ս է դա կազմակերպվելու։ Լուսանկարներ
- Կորոնավիրուս, նորություններ։
Կորոնավիրուսով և երկկողմանի թոքաբորբով հիվանդները հոսպիտալացվում են երկու խոշորագույն հանրապետական հիվանդանոցներում։ Սակայն այնտեղ արդեն տեղերը չեն հերիքում, և այդ ախտորոշմամբ անձնանց արդեն տեղավորում են Արդոնի և Պրիգորոդնի շրջանների հիվանդանոցները։
Սոցցանցերում տարածվող տեսանյութում ներկայացված է հիվանդանոցներից մեկի բակը, որը կորոնավիրուսով և թոքաբորբով հիվանդների է ընդունում։ Այնտեղ շտապօգնության ժամանող մեքենաների կուտակում է։
Տեղեկություններ են ստացվում հոգևորականների վարակման մասին, և ավելի շատ եկեղեցիներ են փակվում այցելության համար, օրինակ՝ Տամիսկ բնակավայրի կանանց մենաստանը։
Սոցցանցերում հաղորդում են, որ Վլադիկավկազի Աստվածածնի տաճարի ավագերեցը կորոնավիրուսով է վարակվել և հոսպիտալացվել է։ Եկեղեցու մյուս քահանաները երկշաբաթյա արձակուրդ են ուղարկվել, եկեղեցին փակ է, տարածքն ախտահանվել է, կարանտինը՝ երկարաձգվել մինչև մայիսի 16–ը։
Իշխանությունները նման կտրուկ աճը կապում են Վլադիկավկազում ապրիլի 20–ին անցկացված չարտոնված հանրահավաքի ժամանակ ինքնամեկուսացման ռեժիմի զանգվածային խախտման հետ։
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման արդեն ավելի քան 150 հազար դեպք։ Միայն վերջին մեկ օրում 10 102 նոր դեպք է գրանցվել։
Ապրիլի 5–ի դրությամբ Ռուսաստանում կա կորոնավիրուսով վարակման ավելի քան 150 հազար դեպք։ Միայն վերջին մեկ օրում գրանցվել է 10 102 նոր դեպք։ 1 451 մարդ է Ռուսաստանում մահացել կորոնավիրուսից՝ ըստ պաշտոնական տեղեկությունների։
Ինգուշեթիա․ դեղորայք կա, սակայն այն «ոմանց» դեղատներում է
Ինշուգեթիայի սոցցանցերում տեսանյութ է տարածվում Նազրանիի Հանրապետական հիվանդանոցում տեղի ունեցած հերթական սկանդալի մասին։
Երիտասարդը, որն, ըստ ալիքի հեղինակների, կորցրել է մորը, ներխուժել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ բուժում են կորոնավիրուսով հիվանդներին։ Նա տեսանկարահանել է հիվանդասենյակներն ու ասել, որ հիվանդանոցում դեղորայքի պակաս կա, ինքն անձամբ է դեղեր գնել կորոնավիրուսի բուժման համար։
Ինգուշեթիայի առողջապահության նախարար Զարեմա Լյանովայի այն հայտարարությունը, թե ոչնչի պակաս չկա, նա սուտ է անվանել։
Մայիսի 5–ի դրությամբ Ինգուշեթիայում, ըստ պաշտոնական տեղեկությունների, վարակման 966 դեպք կա, 26 մահ է գրանցվել։
Սոցցանցերում պնդում են, որ հանրապետությունում դեղորայք կա, սակայն առողջապահության նախարարության ղեկավարները դրանք ուղարկում են իրենց պատկանող դեղատներ։ Իսկ հետո իրենց հարազատներին ուղարկում են այնտեղից դրանք գնելու։ Ինչպես գրում են սոցցանցերում, այս սխեման Ինգուշեթիայում աշխատում է արդեն 25 տարի։
Առողջապահության տեղական համակարգի նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, որ բուժհաստատությունների վրա հարձակումներ են պարբերաբար տեղի ունենում։
Դաղստան․ զանգվածային մահացության սպառնալիք
Դաղստանը շրջանցել է Ռուսաստանի հարավի մյուս շրջաններն ինչպես վարակվածների թվի աճի տեմպերով, այնպես էլ ընդհանուր թվով։
Մայիսի 5–ի դրությամբ Դաղստանում վարակվել է 2 086 մարդ, նրանցից 14–ը մահացել են։
Առանձնապես աղետալի է իրավիճակը շրջկենտրոններում, որտեղ խոսում են մահվան զանգվածային դեպքերի սպառնալիքի մասին։
Ապրիլի 30–ին Instagram–ի tut.dagestan էջում ուղերձ է հրապարակվել, որը գրվել է Գերգեբիլ գյուղի՝ հանրապետության շրջկենտրոններից մեկի բնակիչների անունից։
«Մեր գյուղում վերջին մի քանի օրում արդեն մահացել է 12 մարդ։ Նույնքան մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Գյուղի գրեթե բոլոր բնակիչները հիվանդ են։ Հիվանդանոցները լիքն են, շատերը տանն են պառկած։
Հիվանդանոցներում ախտորոշման միջոցներ, դեղորայք, օգտագործման նյութեր չկան։ Այն ամենն, ինչ կա հիվանդանոցում՝ ներառյալ թթվածնի բալոնները, բնակիչներն են գնել իրենց փողով։ Գյուղի բոլոր բնակիչները գումար են հավաքում, դեղորայք գնում և փոխում թթվածնի բալոնները», — ասված է հաղորդագրությունում։
Նույնպիսի իրավիճակ է Դաղստանի մյուս շրջաններում։
«Նույն վիճակն է Քայթաղի շրջանում։ Հիվանդանոցները լի են թոքաբորբով հիվանդներով։ Մայրս բուժակ է փոքրիկ ավանում, և այնտեղ վարակված այնքան հիվանդ կա, որ բուժաշխատողները չեն հասցնում հիվանդներին այցելել։ Պաշտպանիչ միջոցներ չկան, անգամ ջերմիջեցնողներ չկան։ Բուժաշխատողներին որպես «մսացաղի միս» են օգտագործում», — Ինստագրամում գրում է ramazanova.aikhanum–ը։
Մախաչկալայի բնակիչ Մուսլիմ Մուսաևը JAMnews–ին հաստատել է, որ հանրապետությունում իրավիճակը «շատ տագնապալի է»։
«Այժմ դա հասել է մեր հարևաններին, հարազատներին։ Մարդիկ անսպասելիորեն թոքաբորբ են ընկնում։ Մենք այսքան ժամանակ չենք գիտակցել, որ դա վտանգավոր է, ծով ենք գնացել, հանգստացել բնության գրկում։ Կորոնավիրուսի հիմնական աղբյուրները նրանք են, ովքեր տուն են վերադարձել Ռուսաստանի շրջաններից, հիմնականում՝ Մոսկվայից»։
Մայիսի 3–ից ամբողջությամբ փակ է Խասավյուրտ քաղաքը։
Հասարակական գործիչ, բլոգեր Մախաչ Աբդուլաևն ասում է, որ տեղի իշխանություններն «իրենց Դաղստանն ունեն ինչ–որ զուգահեռ իրականությունում»։ Սակայն կա իրական Դաղստան՝ Գերգեբիլի, Գուբդենի, Իզբերբաշի և Կիզլյարի սարսափով, ասում է նա։
COVID–թերահավատներն արդեն ավելի քիչ են, բայց կան
Մինչ բժիշկները պայքարում են կորոնավիրուսով հիվանդների կյանքի համար, Հյուսիսային Կովկասում նախկինի պես ակտիվ են «COVID-թերահավատները»։ Նրանք շարունակում են իրենց պրոպագանդան սոցցանցերում՝ մարդկանց կոչ անելով չհավատալ համավարակին և տանը չնստել։
Սակայն շատերը հակասում են իրենք իենց։ Օրինակ, հերքելով կորոնավիրուսը, նրանք բջջային կապի կայաններին մեղադրում են վարակի տարածման համար։
Հյուսիսային Օսիայի տարածքում 5G–ի ոչ մի աշտարակ չկա։ Սակայն Նոգիր գյուղի բնակիչներն առցանց քարոզչության ազդեցության տակ այրել են բջջային օպերատորներից մեկի այնտեղ տեղակայված հին ալեհավաքն ու առանց ինտերնետի մնացել։
Ինգուշ հասարակական գործիչ Թամիրլան Ակիևը կարծում է, որ որքան շատ մարդ մահանա կորոնավիրուսից, այնքան ավելի շատ նրանք կհավատան, որ համավարակն իրական է։ Լավ կլիներ կանգնեցնել COVID-թերահավատներին նախքան դա տեղի կունենա, ասում է նա։