Կորոնավիրուսը Հյուսիսային Կովկասում. վարակված են բոլոր երկրամասերը, մահացել է Ինգուշեթիայի հոգևոր առաջնորդը
Ինգուշեթիայում ապրիլի 11-ին կորոնավիրուսից մահացել է գլխավոր մուֆթի Աբդուրահման Մարթազանովը: Նա հանրապետության ամենահայտնի և հարգված աստվածաբանն էր:
Դաղստանում համաճարակի անվերահսկելի փուլ է, Ստավրոպոլի երկրամասում մարդիկ վախենում են բիզնեսի կանգնելու պատճառով աղքատությունից: Եվ ամենուր շատերը հավատում են համաշխարհային դավադրությանը:
Ապրիլի 10-ին մեկ օրում Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 27 նոր դեպք: Ողջ երկրամասում վարակված է 224 մարդ:
Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում ապրիլի 10-ին մեկ օրվա ընթացքում հիվանդացել է 1,667 մարդ: Ապրիլի 11-ի դրությամբ երկրում ընդհանուր վարակվել են 13,584 մարդ, մահացել 102-ը:
Ռուսաստանի կառավարությունը գործարկել է стопкоронавирус.рф կայքը, որտեղ տեղադրվում է վիճակագրությունը ողջ երկրով մեկ:
Ինգուշեթիա. հիվանդների թվի աճ: Պատճառը կարող է լինել Սաուդյան Արաբիայի փոքր ուխտատեղին
Վերջին տվյալներով՝ Ինգուշեթիայում հաստատված է կորոնավիրուսի վարակման 34 դեպք, երկու մարդ մահացել է:
Բայց դեռ 60 մարդ սպասում է COVID-19-ի կրկնակի թեստի պատասխանին, այն դեպքում, երբ առաջին թեստը դրական է եղել:
Մուֆթի Մարթազանովի մահը անակնկալ է եղել, նա մահացել է հոսպիտալացումից անմիջապես հետո:
Մինչ այդ մահացել էր 64-ամյա մի տղամարդ:
Վարակվածների մեջ երեք բժիշկ կա:
Ինգուշեթիան բացարձակ առաջատար է Հյուսիսային Կովկասում տարածման դինամիկայի և դեպքերի քանակի առումով: Տեղացիները ասում են, որ դրա համար երկու պատճառ կա:
Մեկը՝ ղեկավարության թույլ վերահսկողությունն է սահմանափակիչ միջոցառումների նկատմամբ:
Մյուսը՝ տեղացի մուսուլմաններն են, որոնք մոտ տասը օր առաջ վերադարձել էին Սաուդյան Արաբիայի փոքր հաջից (ուխտատեղիից):
«Սրանք տասնյակ մարդիկ են, նրանք կարող էին այնտեղ վարակվել: Եթե այդպես է, առաջիկա օրերին վարակի գագաթնակետը կլինի»,- JAMnews-ին ասել է Նազրանի բնակիչ Թիմուր Եվլոևը:
Ինգուշեթիայի ամենամեծ քաղաքներում՝ Նազրանում և Մագասում, մզկիթները փակվել են ապրիլի 3-ին: Բայց թե ինչ է տեղի ունենում գյուղերում, հայտնի չէ:
Դաղստան. վարակի անվերահսկելի տարածում
Ամենաբարդ իրավիճակը նկատվում է Դաղստանում: Այնտեղ համաճարակը անցել է, այսպես կոչված, չորրորդ փուլ, անվերահսկելի:
Ապրիլի 11-ի դրությամբ այնտեղ հաստատվել է կորոնավիրուսի վարակի 58 դեպք: Երեք մարդ մահացել է: Եվս 2,183-ը գտնվում են կարանտինում և 2,037-ը ինքնամեկուսացման մեջ:
Կաբարդա-Բալկարիա. առաջին վարակվածը վերադարձել է Մեքքայից
Ապրիլի 11-ի դրությամբ Կաբարդա-Բալկարիայում, պաշտոնական տվյալներով, վարակվել է 27 մարդ: Երկուսը ապաքինվել են, մահացածներ չկան: 1,020 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Նալչիկի բնակչուհի Ֆաթիման պատմել է JAMnews-ին, որ և՛ քաղաքում, և՛ ողջ երկրում խուճապ չկա:
Հայտնի է, որ Կաբարդա-Բալկարիայի առաջին կորոնավիրուսով վարակվածը Չեգեմ քաղաքի բնակիչ է, որը վերադարձել էր Սաուդյան Արաբիայից՝ ուխտագնացությունից:
«Այնպիսի իրավիճակ, որ մարդիկ խուճապի մատնվեն կամ գրոհեն հիվանդանոցները, չկա: Ամեն ինչ խաղաղ է: Համացանցի տեղեկություններին շատերը չեն հավատում: Ոչ ոք ցույցերի կոչ չի անում»:
Հյուսիսային Օսիա
Հյուսիսային Օսիայում ապրիլի 11-ի դրությամբ հայտնաբերված է կորոնավիրուս ախտորոշմամբ 27 մարդ: Նրանցից մեկը մահացել է, երեքը ապաքինվել:
Եվս 90 մարդու կորոնավիրուսի առաջին թեստը հաստատվել է, նրանք սպասում են երկրորդ թեստի պատասխանին:
777 մարդ ինքնամեկուսացված է:
Հյուսիսային Օսիայի ղեկավարի աշխատակազմի և կառավարության միանգամից երեք աշխատակից մեկուսացված են և բժիշկների հսկողության տակ են: Նրանց կորոնավիրուսի նախնական թեստերը դրական արդյունք են տվել:
Նրանց ընտանիքի անդամներն ու գործընկերները նույնպես կարանտինում են, վարչական շենքը ախտահանվել է:
Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարար Թամերլան Գոգիչաևը միտումը բնութագրում է որպես «վատ»: Նրա կարծիքով՝ չափազանց կարևոր է պահպանել մեկուսացում: Այլապես, ասում է նա, «պատկերը կարող է ավելի վատանալ, և վարակվածների քանակը «կարող է տասնյակներ կազմել»:
Մինչև ապրիլի 19-ը պահպանվում է ինքնամեկուսացման ռեժիմը: Սակայն հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը ապրիլի 10-ին հայտարարել է, որ մտադիր չէ այն խստացնել, և արդեն թույլ է տվել աշխատանքի գնալ նրանց, ովքեր ունեն իրենց բիզնեսը:
Վլադիկավկազում արդեն կրկին բացվել են վարսավիրանոցները և գեղեցկության սրահները:
Դեռևս ապրիլի 9-ին վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Հյուսիսային Օսիայում հատկապես ակտիվ են այն խմբերը, ովքեր կորոնավիրուսի պանդեմիան համարում են մտացածին: Նրանք կոչ են անում մարդկանց հրաժարվել մեկուսացումից, դուրս գալ փողոց և բողոքի ցույցեր կազմակերպել:
Չեչնիա. խիստ ու դաժան վերահսկողություն կարանտինի նկատմամբ
Չեչնիա՝ հյուսիսկովկասյան միակ հանրապետությունը, որը փակել է իր սահմանները Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնք չունեն տեղի գրանցում: Սակայն բաց է մուտքը բեռնատարների համար:
Ապրիլի 5-ից Գրոզնին սահմանել է լիարժեք ինքնամեկուսացման ռեժիմ, փակել է մուտքերն ու ելքերը, արգելել է տրանսպորտի և հետիոտների շարժը 20:00-ից մինչև առավոտյան 8:00:
Հաստատված է կորոնավիրուսի վարակի 22 դեպք: 15 մարդ ապաքինվել է, մեկը մահացել:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը աջակցել է տեղացի ոստիկաններին, որոնք ծեծել էին ինքնամեկուսացման ռեժիմը խախտած տեղացի բնակչի:
«Ավելի լավ է մեկին հարվածել, քան հազարներին թաղել», — հայտարարել է Կադիրովը:
Ստավրոպոլի երկրամաս. բիզնեսը կորոնավիրուսից կարևոր է
Ստավրոպոլի երկրամասում ապրիլի 11-ի դրությամբ 52 վարակված կա: Մեկ մարդ մահացել է, 9-ը առողջացել:
Երկրամասի բոլոր առողջարանները՝ Ժելեզնովոդսկը և Պյատիգորսկը, փակ են կարանտինի պատճառով:
«Քաղաքում ընդհանրապես զբոսաշրջիկներ չկան, տեղացի բնակիչներին տուգանում են ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար: Ասում են, որ, հնարավոր է, մինչև հունիս ամեն ինչ փակ լինի, այնպես որ հանգստի սեզոն չի լինի»,- JAMnews-ին ասել է Պյատիգորսկի հյուրանոցներից մեկի աշխատակիցը:
Տեղացի քաղաքական ակտիվիստ Վիտալի Զուբենկոն JAMnews-ին ասել է, որ մարդիկ բաժանվել են մոտավորապես երկու նմանատիպ խմբի: Մի մասը պնդում է առավելագույն ինքնամեկուսացման անհրաժեշտությունը, մյուսները ասում են, որ բիզնեսի կանգնելու հետևանքները կորոնավիրուսից սարսափելի են լինելու:
«Ընդհանուր առմամբ չի կարելի ասել, թե Ստավրոպոլի փողոցները ամայի են: Եվ հիմնականում մարդիկ դիմակ չեն կրում, ոչ մի հեռավորություն էլ չեն պահում»,- ասել է Զուբենկոն:
Ադիգեա և Կարաչայ-Չերքեզիա
Ադիգեայում ապրիլի 11-ի դրությամբ հայտնաբերվել է 7 վարակված, Կարաչայ-Չերքեզիայում՝ ինը: Բոլորի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, նրանք ինքնամեկուսացման մեջ են տանը բժիշկների հսկողության տակ և զգուշացված են ռեժիմը խախտելու դեպքում քրեական պատասխանատվության մասին: