«Կոտրում են ջիգիթի կերպարը». Դաղստանում սկանդալը շարունակվում է դպրոցական ցերեկույթի պատճառով
Բալերինաների կերպարանափոխված դպրոցականների կատակը վրդովեցրել է Դաղստանին
«Կովկասյան հանգույցի» նյութերի հիման վրա։
Մախաչկալայի (սա Ռուսաստանի կազմի մեջ մտնող հանրապետության՝ Դաղստանի մայրաքաղաքն է) ճեմարաններից մեկի վերջին զանգին դպրոցականները հանդես եկան զավեշտալի համարով՝ նմանակելով «Կարապի լիճը» բալետին: Տղաները հանդես եկան բալետի պարով: Եվ սա էր սկանդալի պատճառը:
Ներկայացման տեսաձայնագրությունն արագ տարածվեց սոցիալական ցանցերում, և շուտով պատանիները ենթարկվեցին իրական հետապնդման:
«Ամոթ, դրանք պետք է արտաքսվեն Դաղստանից, շտա՛պ»,- գրել են մեկնաբանություններում:
«Խայտառակությո՛ւն ամբողջ Կովկասի, ամբողջ Ռուսաստանի համար»:
«Նրանք կոտրում են մարդու, ռազմիկի, ջիգիթի կերպարը»:
«Իսկ կանայք լացելու փոխարեն ծիծաղում են»:
«Ուֆ, ամոթ, ամոթ ու խայտառակություն: Ո՞ւմ եք վերածում ձեր երեխաներին, ծնողնե՛ր: Դուք մահմեդակա՞ն եք, թե՞ ով»:
Եղան մեկնաբանություններ, որոնք փորձում էին պաշտպանել տղաներին, բայց դրանք զգալիորեն ավելի քիչ էին.
«Այդ ձեզ ամոթ, եթե այդքան լուրջ եք ընդունում կատակերգական պարը»,- գրել է օգտատերերից մեկը:
Տեղի պաշտոնյաները նույնպես ձեռնպահ չմնացին: Դաղստանի հանրային պալատի անդամ Շամիլ Խադուլաևը դպրոցական միջոցառմանը դեռահասների կատարումը բնութագրեց որպես «առաջին քայլը դեպի անառակություն».
«Անգամ զավեշտի տեսքով մենք դա չենք ողջունում: Ավելին, այնտեղ մեկը ցատկում է մյուսի վրա, և նա աջակցում է նրան: Մեզ մոտ ընդունված չէ նույնիսկ շփումը, բացի ձեռքով բարևելուց»,- բացատրել է Խադուլաևը: «Նույնիսկ փոքր տղային վերաբերվում են ինչպես մեծահասակ տղամարդուն: Նրա հետ խոսում են ինչպես մեծահասակի»,- հավելեց նա:
Ելույթ ունեցան նաև հոգևոր առաջնորդները
«Հանրապետության մուֆթիատը որոշեց պարզել այս միջադեպի մանրամասները, որը տեղի է ունեցել Մախաչկալայի ճեմարաններից մեկում: Այդ նպատակով դպրոցի ղեկավարությանը և ծնողներին այցելեցին մուֆթիի օգնական Իդրիս Ասադուլաևը և Մախաչկալայի կրթության վարչության պետ Ալի Սուլթանովը: Նրանք քննարկել են իրավիճակը և փորձել գտնել դրանից դուրս գալու լավագույն ելքը», — մայիսի 25-ին Instagram-ի իր էջում հաղորդել է Դաղստանի մուֆթին:
Ճեմարանի աշխատակցուհին «Կովկասյան հանգույց»-ին ասել է, որ հանդիսատեսը ավագ դպրոցականների կողմից պատրաստված պարը բավականին համարժեք է ընկալել.
«Հանդիսատեսներից բոլորը հասկանում էին, որ դա հումոր էր: Երեխաները պարզապես երաժշտական համար են բեմադրել: Նրանք լավ աշակերտներ են, բարոյապես կայուն, գերազանց աշակերտներ, ակտիվիստներ: Նրանք անընդհատ մասնակցում են մրցումների և օլիմպիադաների: Նրանք ստացել են մրցանակներ: Եվ մենք բոլորս ցնցված ենք, թե ինչ է հիմա նրանց բաժին հասել այս պարի համար»,- ասել է ուսուցիչը:
«Կովկասյան հանգույցը» ստեղծված իրավիճակը քննարկել է հոգեբան, Դաղստանի պետական համալսարանի աշխատակից Սերգեյ Չեպաշվիլիի հետ:
«Միշտ ծիծաղելի է, երբ տղամարդիկ պատկերում են կանանց: Շատ կատակերգական ֆիլմեր, ինչպես ամերիկյան, այնպես էլ սովետական, հիմնված են դրա վրա: Ժամանակները փոխվում են, և ամեն ինչ այլ կերպ է ընկալվում»,- ասել է Չեպաշվիլին:
Բալետի պատմությունը անհատների կողմից իրենց վրա ուշադրություն հրավիրելու փորձ է, ասում է Դաղստանում հայտնի լրագրող և իրավապաշտպան Սվետլանա Անոխինան:
«Մարդիկ կա՛մ չեն հասկանում, կա՛մ չեն ուզում հասկանալ: Միգուցե նրանք պարզապես ուզում են այնպիսի վրդովվեցնող բան, որ կարողանան մասնակցել դրա դեմ պայքարին: Եվ վրդովեցնող ամեն ինչ միշտ վերաբերում է սեքսին և մարմնին: Ուրիշ ոչ մի բան նրանց չի վրդովեցնում»,- ասել է լրագրողը:
Նա նշել է, որ այդ մարդիկ «ուզում են զայրացած արձագանքել, բայց մնացած բոլոր ոլորտներում չեն կարող դա իրենց թույլ տալ»: «Նրանք չեն տնօրինում իրենց կյանքը, վախենում են շատ բաներից: Եվ ահա, վերջապես, հնարավորություն կա միանալու ընդհանուր ցնծությանը, վրդովված ձայնին»: