Կոռուպցիան ազգայնականության և պոպուլիզմի տարածման աճի գլխավոր պատճառներից մեկն է, ասված է Transparency International միջազգային կազմակերպության նոր զեկույցում, որը նվիրված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին:
Հարցման արդյունքների համաձայն, որին մասնակցել է 60 հազար մարդ նշված տարածաշրջանների 42 երկրներից, հարցվածներից յուրաքանչյուր երրորդը կոռուպցիան իր երկրի լրջագույն խնդիրներից է համարում: Մոլդովայում, Կոսովոյում և Իսպանիայում այդ կարծիքին է հարցվածների երկու երրորդը:
Հարցմանը մասնակցածների 53 տոկոսը դժգոհ է նրանից, թե ինչպես են իրենց կառավարությունները պայքարում այդ երևույթի դեմ: Սեփական քաղաքացիներից ամենախիստ գնահատականներն են ստացվել Ուկրաինայի (86% դժգոհ), Մոլդովայի (84% դժգոհ), Բոսնիա և Հերցեգովինայի (80% դժգոհ) և Իսպանիայի (80% դժգոհ) քաղաքացիների կողմից:
Միջինում յուրաքանչյուր երրորդ տնային տնտեսություն ստիպված է կաշառք տալ պետական ծառայությունից օգտվելու համար, սակայն այս տվյալները խիստ տարբերվում են՝ ըստ տարածաշրջանների. որքան այն դեպի արևելք է, այնքան ավելի վատ է վիճակը: ԵՄ անդամ-պետությունների շրջանում կոռումպացվածության ամենաբարձր ցուցանիշները Ռումինիայինն են (38%) և Լիտվայինը (24%): Մնացածներից առաջատարները Տաջիկստանն է (50%), Մոլդովան (42%), Ադրբեջանը, Ղրղզստանն ու Ուկրաինան (38-ական տոկոս):
Հետխորհրդային երկրների կոռումպացվածության ընդհանուր վարկանիշն այսպիսի տեսք ունի.
«…Կոռումպացված էլիտաներին ու օլիգարխներին հեռացնելը բարդ է: Սակայն մենք տեսել ենք, որ դա հնարավոր է, երբ մարդիկ միավորվում են իրենց ղեկավարներից պահանջելու ավելի բարձր չափանիշներին հետևել, իսկ նրանց վերահսկելու կոչված դատական համակարգերից՝ ավելի շատ անկախություն», — պնդում է Transparency International-ի նախագահ Խոսե Յուգազը:
4 գլխավոր խորհուրդ, որն առաջարկում է Transparency International-ը կոռուպցիայի դեմ պայքարի համար.
· լոբբիստների գործունեության թափանցիկ կանոններ,
· դատական համակարգի անկախության ամրապնդում, դրա վրա գործադիր իշխանության ազդեցության կրճատում,
· իրազեկիչների օրենսդրական պաշտպանություն,
· կոռուպցիայի մասին ցանկացած հաղորդման վերաբերյալ հետևողական արձագանք: