Կոնսենսուս չկա, բայց երկխոսությունը կշարունակվի․ Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունը սկսել են բանակցել
Հայաստանում ձգձգվող քաղաքական ճգնաժամի ֆոնին իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսություն են սկսել։ Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հանդիպումը։
Մասնավորապես, քննարկվել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը։ Ինչպես հանդիպումից հետո հաղորդել է ընդդիմադիր գործիչը, կոնսենսուս դեռ չկա, սակայն երկխոսությունը շարունակվելու է։
Մինչ վարչապետը փորձում էր պայմանավորվածության գալ ընդդիմադիր գործիչներից մեկի հետ՝ մյուսի դեմ քրեական գործ է հարուցվել։
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, Հայաստանում իշխանության բռնազավթման հանրային կոչերի համար։ Խոսքն ընդդիմության հանրահավաքի ժամանակ նրա արած հայտարարությունների մասին է։
Վազգեն Մանուկյանն այժմ միավորված ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուն է, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Նա քրեական գործն անվանել է «քաղաքական հետապնդում»։
Բոլոր մանրամասները՝ կառավարությունում կայացած հանդիպման և վարչապետի թեկնածուին առաջադրված մեղադրանքի մասին։
- Դիպուկահարներ, նռնակներ և զինվորականներ․ Հայաստանում ընդդիմության հերթական հանրահավաքն է կայացել
- Պայմանավորվածությո՞ւն, թե՞ ճգնաժամ հարաբերություններում։ Ի՞նչ է կատարվում Հայաստանի նախագահի և վարչապետի միջև
Հանդիպման մանրամասները
Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ հույս ունի խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնության գալ արտահերթ ընտրությունների անցկացման հարցում։ Նրա կարծիքով՝ հենց ընտրությունները կօգնեն հաղթահարել քաղաքական ճգնաժամը երկրում, որը ստեղծվել է Արցախում ռազմական գործողություւների դադարեցումից հետո։
Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ միայն ընդդիմության կողմնակիցների պահանջով, քանի որ այդ պաշտոնը զբաղեցրել է երկրի բոլոր բնակիչների քվեարկության արդյունքում․
«Ընտրություններն այս հարցի լուծման մեխանիզմն են, ժողովրդի համար արտահայտվելու հնարավորություն։ Որպեսզի կարծիք կարողանան արտահայտել ոչ միայն մեր այն քաղաքացիները, որոնք ժամանակ ունեն մասնակցելու կառավարության և ընդդիմության հանրահավաքներին, այլև բոլորը»։
Իշխանությունները պատրաստ են 2021 թ-ին արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե կարողանան, նախևառաջ, պայմանավորվել խորհրդարանական ընդդիմության հետ։
Վարչապետի հետ հանդիպումից հետո Էդմոն Մարուքյանը հաղորդել է, որ այս պահին կոնսենսուս չկա։ Արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ բանակցությունները կշարունակվեն այն բանից հետո, երբ մյուս ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը հանդիպի վարչապետի հետ։
«Քանի որ գործընթացները չեն կարող տեղի ունենալ միայն «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը հաշվի առնելով։ […] Սակայն ըմբռնում կա, որ մենք պետք է խոսենք, ելքեր փնտրենք երկրում ստեղծված իրավիճակից», — հաղորդել է Մարուքյանը։
Նա ընդգծել է, որ կառավարության ղեկավարն արտահերթ ընտրությունների անցկացումը բացարձակապես չի կապում իշխանության և բանակի միջև առկա ճգնաժամի հետ։
Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավարությունը փետրվարի 25-ին հայտարարությամբ էր հանդես եկել և պահանջել է վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը դա գնահատել էր ռազմական հեղաշրջման փորձ և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության ընթացակարգ սկսել։ Ընդդիմությունը դեմ է այդ որոշմանը։
Քրեական գործ՝ ընդդիմության առաջնորդի դեմ
Մարտի 3-ին, հենց հանրահավաքի ժամանակ, ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտե ներկայանալու հրավեր է ստացել։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Հայաստանում սահմանադրական կարգի տապալման և իշխանության բռնազավթման հանրային կոչերի համար։ Դրանք հնչել են փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ։
Ընդդիմադիր գործիչն այն ժամանակ իշխանափոխության գործողությունների պլան էր ներկայացրել։ Խոսքն, այդ թվում, «կայծակնային արագությամբ իշխանությունը վերցնելու» մասին էր։
Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը ցանկացած կարգավիճակով։
Ըստ Քնչական կոմիտեի մամուլի հաղորդագրության՝ նրա նկատմամբ «որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը»։
Քաղաքագետի մեկնաբանությունը
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն ավելի շատ նման է քաղաքական սկանդալի․
«Դեռևս կարելի է միայն պնդել, որ հայկական ընդդիմությանը միացել է էլիտայի ևս մի շերտ․ եկեղեցուն, ակադեմիային, պետական համալսարանին և Հայաստանի նախագահին զուգահեռ՝ այժմ նաև բանակի ղեկավարությունն է պահանջում Փաշինյանի հրաժարականը։ Սակայն Փաշինյանը հակված չէ լսել նրանց կոչերը։
Զինվորականների հայտարարությանը նա պատասխանել է հանրահավաքների փորձառու հռետորին հարիր ձևով՝ իր համախոհներին հավաքելով Երևանի կենտրոնական հրապարակում։ Այնտեղ նա ելույթով է հանդես եկել, որից պարզ է դարձել, որ վարչապետը հեռանալ չի պատրաստվում։ Սակայն ժողովուրդը քիչ էր զանգվածային աջակցության տպավորություն ստեղծելու համար […]։
Միաժամանակ հարևան հրապարակում մեկ այլ՝ ընդդիմադիրների հանրահավաքն էր՝ Փաշինյանի ոչ լեգիտիմության մասին ոչ պակաս արմատական կարգախոսներով։ Թերևս, այդ հանրահավաքին մարդկանց թիվը գրեթե նույնն էր»։
Ըստ քաղաքագետի՝ դա այն բանի ցուցադրումն էր, որ գրեթե երեք տարում երկիրը վերադարձել է Հանրապետական կուսակցության կառավարման փուլի ավարտին, երբ այն հեռացվեց իշխանությունից 2018 թ-ի հեղափոխության հետևանքով․
«Թույլ հետերոգեն իշխանություն, որը սոցիալական լեգիտիմություն չունի, և թույլ հետերոգեն ընդդիմություն, որը միավորված է բացասական վերաբերմունքի շուրջ՝ իշխանության դեմ։ Ներկայիս պառակտված հայ հասարակության երկու բևեռներն են Փաշինյանին աջակցողների միջուկը և արմատապես ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդիկ։
Այս երկու խմբերն էր փոքրամասնություն են, ինչպես ցույց տվեցին անցկացված հանրահավաքները։ Բևեռների միջև ապատիա է, հիասթափություն, նախորդից երեք տարի անց նոր հեղափոխության դուրս գալու ցանկության բացակայություն՝ առաջինի արդյունքները տեսնելով»։