Կոալիցիայի քրոնիկոնը
2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցավ քաղաքական Արմագեդոն՝ ընտրություններ «բոլորը մեկի դեմ» սկզբունքով: Ուժերի նման բևեռացման պարագայում միշտ և ամենուր մեղավոր է հենց այն «մեկը», այլ ոչ թե «բոլորը»: Չնայած այժմ դա արդեն էական նշանակություն չունի: Գլխավորն այն է, որ նման բևեռացումն անհետ չի կորչում:
Հակաիշխանական բևեռն, ըստ էության, ավտոմատ կերպով ենթադրում է բազմազանություն: Նման բան տեղի ունեցավ նաև Վրաստանում:
Սահակաշվիլիի իշխանությունը ձգտում էր ներկայացնել իր ընդդիմադիրներին որպես արդիականացումից դժգոհ, հետադիմական հայացքներ ունեցող գործիչների և Ռուսաստանի գործակալների: Սակայն ճակատագրի հեգնանքով այնպես է ստացվել, որ հենց նման վերաբերմունքի պատճառով երկիրն է դարձել «Ազգային շարժման» ընդդիմադիրը:
Չեմ ասի, թե հետադիմական հայացքներով անձինք չէին դիմակայում Սահակաշվիլիին, չնայած ոչ միայն նրանք էին նախագահի որոշումներին դեմ դուրս գալիս. ոմանք խուսափում էին վրացական ինքնությունը կորցնել, ինչ-որ մեկին դուր չէր գալիս երկրի կառավարման ավտորիտար ոճը, մյուսներին անհանգստացնում էին սոցիալական խնդիրները, սակայն բոլորին միավորում էր իշխանությունների կողմից այլակարծություն չընդունելը, նրա դաժան և անողոք վերաբերմունքը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կուրորեն ենթարկվել հրաժարվում էին:
Իրավիճակը որակապես փոխվեց Արմագեդոնում տարած հաղթանակից հետո, երբ հակաիշխանական բևեռը իշխանության եկավ: Բանն այն է, որ ընդհանուր թշնամու առկայությունը չի կարող իշխանության միասնությանը ծառայել: Իշխանության նորմալ գործունեության համար անհրաժեշտ է ընդհանուր արժեքների և ռազմավարական նպատակների առկայություն: Իշխանությունում լինելը չի նշանակում միայն բյուրոկրատական ամենօրյա աշխատանք, որից գլուխ կհանի ցանկացած լավ մենեջեր:
Գլխավոր որոշիչ պահն այստեղ գաղափարական-քաղաքական միասնությունն է: Եթե իշխանության է գալիս թիմ, որի մի մասն, օրինակ, հիդրոէլեկտրակայանների կառուցման կողմնակից է, ապա երկրորդը՝ ջերմաէլեկտրակայանների կողմնակից է, երրորդը՝ քամու և արևային էլեկտրակայանների, ապա արդյունքում իրադարձությունները կզարգանան այնպես, որ կամ երեք թիմերից մեկն իր ձեռքը կվերցնի կառավարումը, կամ էլ համատեղ ուժերով չի կառուցվի ոչ՛ հիդրոէլեկտրակայան, ո՛չ ջերմաէլեկտրակայան, ո՛չ քամու, ո՛չ էլ արևային էլէկտրակայան:
Այլ կերպ ասած, գաղափարական-քաղաքական միասնականությունը իշխանության արդյունավետ գործունեության եթե ոչ բավարար, ապա պարտադիր պայման է: Իսկ միասնական իշխանություն Արմագեդոնից հետո սկզբունքորեն հնարավոր չէ: Այս պայմաններում հնարավոր չէ էկլեկտիզմ, և 2012-ի հոկտեմբերի ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը չկարողացավ խուսափել այդ հետարմագեդոնյան իրողությունից:
Կոալիցիայի նախընտրական բազմազանությունը կարելի է բացատրել Իվանիշվիլիի շուրջ ազգովի համախմբվելու հասարակության պատվերով, սակայն այսօր, ընտրություններից հետո, այդ բազմազանությունը խնդիր է և դա անվիճելի փաստ է:
Առավել արդյունավետության հասնելու համար իշխանությունները կարիք ունեին քաղաքական-գաղափարական զգալիորեն մեծ բազմազանության: Հակառակ դեպքում կատարվում է այն, ինչի մասին ես խոսեցի արդեն. կամ այդ միասնական թիմից առանձնանում է մեկ քաղաքական-գաղափարական և արժեքային դոմինանտ, կամ տեղի է ունենում կառավարման համակարգերի լճացում, որը ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում անպայման հանգեցնում է մասնատման ու ճգնաժամի:
Փաստ է, որ քաղաքական կյանքի այս օրինաչափությունը ժամանակին հաշվի չի առնվել, չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ պատճառով և ինչպես է դա տեղի ունեցել: Արդյունքում ստացվել է այնպես, որ այսօր էկլեկտիկ միության մի մասը մյուսին հաղթել է:
Ճակատգրի ևս մեկ հեգնանք է (այս անգամ արդեն կոալիցիայի հանդեպ) այն, որ կոալիցիայի ներսում գերակշռել է հենց այն ուժը, որի իմիջը հարյուր տոկոսով համապատասխանում է այն կերպարին, որը ժամանակին «Ազգային շարժումը» վերագրում էր իր ընդդիմախոսներին:
Այսինքն, կոալիցիայի ներսում ուժեղացել է որակավորում չունեցող ծայրահեղ զանգվածը, որն ամբողջությամբ հիմնվում է հետխորհրդային (նաև խորհրդային) կարծրատիպերի վրա:
Դա այն մարդիկ են, որ խուսափում են ժամանակակից աշխարհի բազմազանությունից, բաց լինելուց, վախենում են այլ մշակույթներից: Նրանք աչքի են ընկնում ոչ կոմպետենտությամբ և գաղափարների բացակայությամբ. ամբողջությամբ զբաղված են սեփական բարեկեցությունը դասավորելով և հակաարևմտյան գաղափարախոսությունն որդեգրել են այն պատճառով, որ չեն տեսնում սեփական անձի իրացման հեռանկարը արդիականացված և եվրոպական Վրաստանում:
Նրանց համար որպես քաղաքական հարթակ կարող է ծառայել թշնամու հետ պայքարը միայն, դրանք կլինեն ոչ վրացիներ, համասեռականներ, մասոններ, Եհովայի վկաներ կամ ազգայնականներ: Բացառապես թշնամու կերպարի համար հաշվարկված քաղաքականության համար կարևոր է հակառակորդի առկայությունը, իսկ թե ով է համընկնում այդ կերպարին, սկբունքային նշանակություն չունի:
Այնպես ստացվեց, որ հասարակության այս սեգմենտը, որն էկլեկտիկ նախընտրական միությունում առաջատար ուժ չէր, ընտրություններից հետո լրջորեն մտել է իշխանական դաշտ, հետզհետե ընդլայնել և ամրապնդել իր դիրքերը, ուղղահայաց իշխանության բոլոր սեգմենտներում աստիճանաբար ավելացրել իր ներկայությունը և գրեթե հասել է կրիտիկական սահմանագծին:
Իսկ թե ինչու և ինչ պատճառներով է դա տեղի ունեցել, առանձին զրույցի թեմա է: Ասեմ միայն, որ նման զարգացման պատասխանատվության մի հատվածը (և շատ կարևոր հատվածը) դրված է կոալիցիայի մաս կազմող արևմտամետ ուժերի վրա՝ անկախ նրանից, թե ինչ կուսակցության անդամ են նրանք կամ, թե նույնիսկ անկուսակցական են:
Մյուս կողմից, իշխանության գլուխ անցած տվյալ սեգմենտն իշխանությունն իր ձեռքերում կենտրոնացնելու այդքան ունակություն չի ունեցել: Դա բնական է, քանի որ նրանք ոչ որոշակի առաջնորդ ունեն, ոչ էլ որևէ կուսակցության անդամ են: Նրանք հիմնականում ցուցադրում են Բիձինա Իվանիշվիլիի հանդեպ իրենց հավատարմությունը և հույսը դնում նրա բարյացակամ վերաբերմունքի վրա: Չնայած, Իվանիշվիլիի ոճը մեկ քաղաքական խմբի առաջնորդ լինելը չէ, առավել ևս նա չի ղեկավարի գաղափարներ չունեցող, փողի վրա հիմնված և հակաարևմտյան կողմնորոշում ունեցող անձանց (չնայած որ «Ազգային շարժումը» քաղաքականությունում իր գոյություն ունենալու առաջին իսկ օրվանից նրա հանդեպ հենց այս մեղադրանքներն էր հնչեցնում): Իսկ առանց ուժեղ առաջնորդի այս զանգվածը, որքան էլ բազմամարդ լինի, չի կարող իշխանությունն իր ձեռքն առնել և երկիրը կառավարել: Նրանք անհրաժեշտ որակավորում չունեն դրա համար:
Այս իրավիճակում կոալիցիան երկընտրանքի առջև է կանգնած: Կամ, արևմտամետ ուժերի համախմբում ժողովրդավարական արդիականացման հայացքի հիման վրա, կամ հակաարևմտյան հայացքներ ունեցող գործիչների հետ փոխզիջումներ, որոնց որոշ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ անհիմն կերպով համարում են ազգի ձգտումներն արտահայտողներ:
Այդ տեսանկյունից նոր վարչապետի առաջին քայլերը ակնհայտ չեն համապատասխանում հակաարևմտյան հայացքներ ունեցողների հույսերին: Սակայն ռացիոնալ ուժերի գործերը նույնպես լավ չեն, հատկապես եթե հաշվի առնենք, որ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնում, իսկ ամենակազմակերպված ու բարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիրը շարունակում է մնալ «Ազգային շարժումը», որն ընդհանրապես չի փոխվել, և իշխանության վերադառնալուն պես անպայման մեզ Արմագեդոնին նախորդած դարաշրջան կվերադարձնի, ընդ որում՝ ռեվանշի հասնելու մղումով:
Հաշվի առնելով այն, որ Վրաստանում դեռևս կա «Ազգային շարժում» կուսակցության՝ իշխանության գալու հետ կապված վախը, իսկ իշխանության շարքերում ծլարձակող հակաարևմտյան սեգմենտը բավականին կազմալույծ վիճակում է, իրավիճակի կտրուկ փոփոխությունը քիչ հավանական է: Չնայած, որ իշխանության և երկրի հետագա զարգացման հիմնական տենդենցներն անպայման որոշվում են մինչ ընտրությունները:
Եվ այդ ընտրությունները ոչ մի դեպքում քաղաքական Արմագեդոն չեն կարող դառնալ: Հույս կա, որ ոչ միայն այս ընտրությունները:
• 2012թ. Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին միլիարդեր Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» կոալիցիան հաղթանակ տարավ Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության նկատմամբ, որը իշխանության գլուխ էր անցել 2003թ.-ին:
• «Վրացական երազանքը» քաղաքական միավորում է Վրաստանում: 2012թ.-ից երկիրը ղեկավարող քաղաքական ուժն է: «Վրացական երազանք» կոալիցիայի կազմում 4 քաղաքական կուսակցություններ են՝ «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան», որի հիմնադիրը Բիձինա Իվանիշվիլին է, Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, Դավիթ Ուսուպաշվիլիի «Վրաստանի հանրապետական կուսակցությունը» և Կախա Շարթավայի «Ազգային ֆորումը»: Հետագայում կոալիցիային են միացել նաև «Վրաստանի պահպանողական կուսակցությունը» և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունը: 2014թ. Նոյեմբերի 5-ին «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից:
• Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2016թ. աշնանը: