Կյանք կյանքի դիմաց. երեխա ունենալու հնարավորություն պատերազմում որդի կորցրած հայ ծնողներին
Հայաստանում անվճար բուժօգնություն կտրամադրվի կրկին երեխա ունենալու ցանկություն հայտնած այն ընտանիքներին, որոնց զավակները զոհվել են 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ։ Այս ուղղությամբ բժիշկները սկսել են մտածել, երբ որդեկորույս ծնողներն իրենք են սկսել դիմել այս հարցով։
Պտղաբերության կենտրոնը մեկն է այն հինգ բուժհաստատություններից, որտեղ 44–օրյա պատերազմի հետևանքով զոհված զինվորների ծնողներն այսուհետև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ կրկին երեխա ունենալու հնարավորություն կստանան՝ պետպատվերի շրջանակներում, անվճար։
- Երկար սպասված երեխա՝ ուրիշի համար։ Փոխնակ մայրությունը Հայաստանում
- Միայնակ մայրեր․ պատմություններ կանանց մասին, որոնք համարձակվել են այդ քայլին
- Նա այն երեխան չէ, ում մասին երազել են․ Հայաստանում ծնողները հրաժարվում են հաշմանդամություն ունեցող երեխաներից
Մի ընտանիքի պատմություն
Մարդու պտղաբերության կենտրոնում, սենյակներից մեկի փակ դռան առաջ շարված աթոռներին նստած կանայք սպասում են իրենց հերթին։ Գունավոր հագուստով, երիտասարդ, շատախոս կանանց մեջ առանձնանում է մեկը՝ լուռ, գլուխը կախ, սևազգեստ։
Սիրանուշը հազիվ 45 տարեկան լինի, ժամանակ առ ժամանակ լուռ բարձրացնում է գլուխն ու հետևում նեղ միջանցքով անհանգիստ հետ ու առաջ քայլող ոչ ծեր, բայց ծերացած արտաքինով տղամարդուն։ Կինը պատմում է․ ամուսինը միանգամից ծերացավ, երբ իմացավ որդուն կորցնելու լուրը։
25–ամյա որդին՝ Հայկը, զոհվել է 44–օրյա պատերազմի ընթացքում։ Փոքր քույրն ամուսնացած է, շուտով նա էլ երեխա կունենա։ Բայց ծնողները որոշել են ևս մեկ զավակ ունենալ՝ ինչ գնով էլ լինի։
«Հայկիս ոչ ոք չի վերադարձնի։ Հայկիս ոչ ոք չի փոխարինի։ Բայց մեզ ապրելու համար ուժ է պետք։ Ես վստահ եմ, որ Հայկս կուզենար եղբայր ունենալ։ Հայկս կուզենար, որ մենք ապրեինք», — ասում է Սիրանուշը։
Քիչ անց նրանց է մոտենում բժշկական արտահագուստով կինն ու հրավիրում բժշկի սենյակ։ Աղմկոտ կանայք մի պահ լռում են․ «Աստված հասնի», — լսվում է ցածր։
Այն մասին, թե 44–օրյա պատերազմի հետևանքով քանի զոհ ունի հայկական կողմը, հստակ, ամփոփ տվյալներ չկան։ Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված վերջին ցուցակում 2442 անուն-ազգանուն է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչ օրս 3684 դատագենետիկական փորձաքննություն է իրականացվել, արդյունքում նույնականացվել է 1972 մարմին։ Զոհվածների մասունքների և անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ինչպես սկսվեց այս գործը
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն ասում է՝ զոհված տղաների ծնողների համար այս հնարավորության ստեղծման մասին բժիշկները սկսել են մտածել պատերազմի ավարտից հետո, երբ որդեկորույս ծնողներն իրենք են դիմել օգնության համար․
«Պատերազմից երկու ամիս անց առաջին զույգը դիմեց մեզ։ Նրանք ասացին․ «Մեր տան ճրագը մարել է։ Մեզ պետք է այն նորից վառել»։ Երբ պարզ դարձավ, որ սա միակ զույգը չէ, որ դիմում է մեզ, հասկացանք, որ հարցին համակարգային լուծում պետք է տրվի։
Այսպիսի բան երբևէ չի եղել, որ պատերազմից հետո զոհված զինվորների ծնողները դիմեն վերարտադրողական բժշկության աջակցությանը՝ նորից երեխա ունենալու համար։ Դրա համար գերմարդկային ուժ պետք է ունենալ, և այս ծնողների ուժը մեզ էլ օգնում է՝ անել հնարավոր և անհնար ամեն բան՝ իրենց օգնելու համար»։
Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանն ասում է, որ աջակցության համար դիմած առաջին մի քանի ընտանիքների դեպքում առողջապահության նախարարի անհատական հրամաններով է հարցին լուծում տրվել։ Իսկ արդեն փետրվարին համապատասխան փոփոխությունները կատարվեցին «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում։
Մինչ այդ՝ օրենքը անվճար բուժօգնություն էր սահմանում մի քանի խմբերի համար․
- սահմանամերձ համայնքների բնակիչների,
- զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց,
- հաշմանդամություն ունեցողների և
- ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիների։
Սակայն պատերազմը և դրանից հետո ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ սահմանեցին։
«Մինչ այս՝ օրենքը սահմանում էր, որ դիմողները պետք է անժառանգ լինեն, այսինքն՝ չունենան երեխաներ։ Կանանց համար տարիքային առավելագույն շեմ էր սահմանված՝ 35 տարեկանը՝ դիմելու պահին։ Բացի այդ, պարտադիր պայման էր նաև ՔԳԱԿ մարմիններում գրանցված լինելը՝ օրինական ամուսնության առկայությունը։
Օրենքում, իհարկե, նախկինում էլ սահմանված էր զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության հետ պատճառական կապ ունեցող մահվան դեպքում զինվորի ծնողների աջակցության կետը, սակայն դա չէր վերաբերում պատերազմում զոհված կամավորներին կամ ՄՕԲ–ով զորակոչված տղաներին։ Վերջին փոփոխությունների արդյունքում պատերազմում կամ դրանից հետո զոհված տղաների ծնողների համար վերացվել են բոլոր տեսակի սահմանափակումները՝ այդ թվում տարիքային», — ասում է Նունե Փաշայանը։
Նրա խոսքով՝ օրենքի փոփոխությունից կարճ ժամանակ է անցել թվային տվյալներ կամ վիճակագրություն ներկայացնելու համար, սակայն այսօր արդեն պարզ է՝ պահանջարկը մեծ է․
«Այս պահին արդեն ունենք զույգեր, որոնք անցել են անհրաժեշտ ստուգումներն ու նախապատրաստական շրջանը։ Արդեն սկսել ենք զույգերին ուղղորդել համապատասխան բուժհիմնարկներ»։
Նունե Փաշայանն ասում է, որ 2020 թ․-ին ծրագրի շրջանակներում իրականցվել էր 49 սաղմերի տեղադրում, իսկ 2021 թ․–ի առաջին եռամսյակում արդեն 44 տեղադրում է իրականացվել: Ավելին, այս տարի 917 մլն դրամ է նախատեսված այս ծրագրի համար՝ 3 անգամ ավելի, քան նախորդ տարի:
Հայաստանում վերարտադրության գործակիցն այսօր 1.6 է, իսկ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ ցուցանիշն առնվազն 2.1 լինի։ Անպտղության խնդրին բախվում են կանանց 14.9, տղամարդկանց` 9.5 %-ը։ Այս իրավիճակի պահպանման դեպքում 70 տարի անց Հայաստանի բնակչությունը կիսով չափ կպակասի։
Մարդու պտղաբերության կենտրոնում, իրար կողքի շարված աթոռների մոտ մի պահ կրկին լռություն է տիրում․ զոհված զինվորի ծնողներն են դուրս գալիս բժշկի սենյակից։ Գունավոր հագուստով կանայք հայացքով ուղեկցում են սևազգեստ զույգին՝ կիսաձայն նորից մաղթելով․ «Աստված հասնի»:
«Մեր տանը Հայկից հետո ոչինչ չի փոխվել. նրա սենյակը, իրերը: Ամեն ինչ կարծես կանգ է առել: Մեզ ապրել կօգնի միայն երեխան։ Աղջիկ, թե տղա՝ էական չէ, բայց, եթե որդի ունենանք, անունը կրկին Հայկ ենք դնելու», — ասում է Սիրանուշը։