Կկարողանա՞ արդյոք Կիևը հաղթահարել կոռուպցիան
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ուկրաինայի բնակիչներն իմացան իրենց ղեկավարների եկամուտների մասին մանրամասներ, որոնց սովոր են կոռումպացված համարել:
Դա տեղի ունեցավ շնորհիվ այն բանի, որ Ուկրաինայում ե-հայտարարագրերի համակարգը գործարկվեց: Այն քաղաքացիներին թույլ է տալիս իմանալ, թե ով որքան է կուտակել անօրինականության և կոռուպցիայի բարգավաճման տասնամյակների ընթացքում:
Պատգամավորների և նախարարների ունեցվածքի վերաբերյալ էլեկտրոնային տեսքով լրացրած հայտարարագրերը ուժեղ, երբեմն էլ ծիծաղաշարժ տպավորություն են թողնում: Հայտարարագրված գույքի թվում ամենատարբեր անշարժ գույք, արտասովոր ժամացույցներ, գինիների և հնաոչ իրերի հավաքածուներ կան: Դնեպր քաղաքի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտարարագրել է նույնիսկ տիեզերք թռչելու 175 հազար դոլար արժողությամբ տոմսը:
Մարդը պետական ծառայողի կարիերա բնականաբար կարող է սկսել այն բանի հետո, երբ բիզնեսում հաջողության է հասել, ինչպես Ֆիլատովը: Սակայն մի երկրում, որտեղ միջին աշխատավարձը չի գերազանցում 200 դոլարը, իսկ առաջին գծի զինվորները դրանից շատ քիչ գումար են ավել ստանում, նման բացատրությունը ոչ բոլորին կբավարարարի: Ե-հայտարարագրերի հայտնվելուց հետո ի հայտ եկած մանրամասները մամուլում և սոցցանցերում բուռն արձագանք են առաջացրել:
Հայտարարագրերի միասնական պետական գրանցապատյանի հայտնվելն անհնար կլիներ առանց քաղաքացիական հասարակության կողմից հզոր ճնշման: Կիևում ավելի թափանցիկ, եվրոպական չափանիշներին մոտ պետական կառավարման համակարգի ստեղծման առաջնորդները դարձան այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Հակակոռուպցիոն գործողությունների կենտրոնն ու «Վերադարձ դեպի բարեփոխումներ» շարժումը:
Արևմտյան գործընկերների ճնշումը նույնպես առանցքային նշանակություն ունի: Ուկրաինական տնտեսությունը, որը բարդ իրավիճակում է հայտնվել հեղափոխության և Ղրիմ ռուսական ներխուժման արդյունքում, Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ է ստացել այն պայմանով, որ Կիևը պայքար կսկսի կոռուպցիայի և տարածված բյուրոկրատիայի դեմ:
Ե-հայտարարագրերի համակարգի ներմուծման կարևոր խթաններից մեկը ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի ձգտումն է, որը նախորդ շաբաթ նախնական հաստատվել է:
Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը ողջունել է էլեկտրոնային հայտարարագրերի հայտնվելն ու հայտարարել, որ դա «ընդմիշտ կփոխի իրավիճակը»: Այն պաշտոնյայի խոսքերը, որը կնոջ հետ միասին հայտարարագրել է գրեթե 2 մլն դոլար կանխիկ և տասնյակ թանկարժեք ժամացույցներ, կարող են կասկած առաջացնել, սակայն նա միանշանակ մի բանում իրավացի է. քաղաքական գործիչների ունեցվածքի հրապարակումը «բնավ վերջին քայլը չէ»:
Տասնյակ հազար հայտարարագրերը ստուգելու են հակակոռուպցիոն գերատեսչությունները, որոնց խնդիրը ապօրինի հարստացման և եկամուտները թաքցնելու փորձերը վեր հանելն է: Լրագրողներն (առաջին հերթին, այնպիսի պարբերականներից, ինչպիսիք են «Ուկրաինսկայա պրավդան» ու «Նովոյե վրեմյան») և քաղաքացիական ակտիվիստները բնականաբար մասնակից կլինեն այդ գործընթացին, սակայն հիմնական ծանրությունը կընկնի երկու գերատեսչությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության և Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոյի վրա:
Այդ աշխատանքը չի խոստանում թեթև լինել:
Այս տարի ավելի վաղ օրենսդիրները փորձել են ապաքրեականացնել իրականությանը չհամապատասխանող արտոնագրերի հանձնումը: Իսկ հոկտեմբերին մի օրինագիծ ներկայացվեց, որը քաղաքացիական ակտիվիստներին պարտավորեցնում է սեփական ունեցվածքի մասին հաշվետվություն ներկայացնել, ինչը Freedom House կազմակեպրությունը գնահատել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի սկիզբ:
Նոր համակարգի ներմուծման կողմնակիցները զգուշացնում են, որ հասարակության սպասումները կարող են ուռճացված լինել: Հակակոռուպցիոն գործողությունների կոնտրոնի ներկայացուցիչ Վիտալի Շաբունինի խոսքով, հիասթափության աղբյուրներից մեկը կարող են լինել ուկրաինական քրեական օրենսգրքում առկա բացթողումները, որոնք պատասխանատվությունից ազատում են այն անձանց, որոնք մասնակից են ապօրինի հարստացմանը, եթե դա տեղի է ունեցել մինչև 2015թ-ը:
Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոն իր գործունեությունում նույնպես կարող է խոչընդոտների հանդիպել, որոնցից գլխավորն, ըստ ակտիվիստների, կոռումպացված դատական համակարգն է… Նույնիսկ ամենամանրակրկիտ հետազոտություն անցկացնելիս գերատեսչությունն ապահովագրված չի լինի, օրինակ, այդ գործը քննող դատարանի շենքում հանկարծակի հրդեհից: Կամ դատարանը կարող է բարձրաստիճան կաշառակերի գործով ծիծաղաշարժ գրավ նշանակել կամ նրան ազատ արձակել, ինչպես դա տեղի ունեցավ պետական «Նաֆտոգազի» ղեկավարի տեղակալ Սերգեյ Պերեկոմայի դեպքում:
Բյուրոյի կողմից դատարան ուղարկված 12 գործերով դեռևս դատապարտվածներ չկան: Վեցի դեպքում, սակայն, հաշտ համաձայնագիր է կնքվել:
Ուկրաինայում դատական համակարգի բարեփոխումը հասունանում է: Սպասվում է, որ համապատասխան օրինագիծը խորհրդարանին կներկայացվի մինչև տարվա վերջ:
Եվ մեկ գործոն, որը խոչընդոտում է կոռուպցիայի դեմ պայքարին, բնակչության մտածողությունն է, որն արմատավորվել է խորհրդային իշխանության 70 տարվա և անկախ Ուկրաինայի գոյության 25 տարիների ընթացքում: Այն բնորոշվում է սեփական ագահ բյուրոկրատիայի պահվածքի հանդեպ ֆատալիստական վերաբերմունքով: Կոռուպցիայի հանդեպ նման պասիվ վերաբերմունքը հաճախակի երևույթ է հետխորհրդային հասարակություններում:
Ուկրաինան բարեփխումների հանդեպ արդեն մեկ հիասթափություն ապրել է 2004թ-ից հետո: Այն ժամանակ հասարակությունը չկարողացավ հարկ եղած ճնշումը գործադրել իշխանության վրա, որը ձևավորվել էր Նարնջագույն հեղափոխությունից հետո, և նրանից զգալի փոփոխություններ պահանջել:
2014թ-ի դեպքերն անկասկած մարդկանց ավելի մեծ թիվ են ներգրավել հասարակական կյանք: Սակայն բարեփոխումների տեմպի և ինտենսիվության վերաբերյալ վախերը պահպանվում են: Պաշտոնյաների շրջապատից օրինախախտների հանդեպ արդյունավետ իրավական հետապնդում անհրաժեշտ կլինի հասարակությանը համոզելու համար, որ կոռուպցիայի դեմ պայքարը երկարաժամկետ տենդենց է, այլ ոչ թե վայրկենական արշավ, որը միայն ծիսական զոհեր է պահանջում:
Բարեփոխումների հանդեպ հավատը հասարակությունում բարձր չէ: Վերջերս Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալներով, քաղաքացիների 72 տոկոսը համարում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում: Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ արգելակել բարեփոխումների ճանապարհին:
Հրապարակվել է 01.12.2016