Կլոր ճակատով իսպանուհի, Femme fatale՝ Սեն Ժերմենից և այլոք
Միշտ սիրել եմ մարդկանց զննել, դեռ մանկուց: Պատուհաններից ներս էի նայում, «գողանում էի» նրանց կյանքից ինչ-որ հատված, իսկ հետո ավելացնում իմ հորինած պատմությունները:
Որտեղ էլ գտնվեմ, սիրում եմ լսել անծանոթ մարդկանց զրույցները, հետևել նրանց ինքնաարտահայտմանը, դիմախաղին, մարմնի լեզվին, իսկ հետո ամբողջացնել դա «անհատականությամբ»: Ավելացնում եմ մի փոքր ֆանտազիա և ծնվում է օրվա իմ հերոսը: Նախկինում ես միայն գրանցում էի լսածս, տեսածս: Երբ սկսեցի լուսանկարներ անել, պատմություններն ավելի ամբողջական սկսեցին դառնալ: Ընդամենը երեք տարի առաջ ես ձեռքս վերցրի ֆոտոխցիկը և սկսեցի մարդկանց լուսանկարել: Արդեն մոտ 20 հազար լուսանկար եմ հավաքել:
Փողոցային լուսանկարիչն ամենաբարդ ժանրն է: Պետք է շատ բան հասցնել. տեսնել կադրը, ընտրել ռակուրսը, լուսանկարել: Եվ մտածել այն մասին, որ քեզ չնկատեն: Եվ դա ամենակարևորն է. կադրը պետք է պլանավորված չլինի, որպեսզի պահպանի բնական հմայքը:
[pullquote align=”right”]Շատ անմիջական կին էր: Կնճիռները հայտնվել էին մանկական ծալքերի տեղը, և նա կարծես ծերացած փոքր աղջնակ լիներ: Նստած էր փարիզյան սրճարանի պատշգամբում, կարմիր գինի էր խմում և անդադար խոսում:[/pullquote]
Փողոցային լուսանկարը ռիսկ է: Կարող են պատասխանատվության ենթարկել: Ես հիմնականում լուսանկարներ եմ անում Ֆրանսիայում, որտեղ հաճախ եմ լինում: Եվ ոչ մի տեղ «օրվա հերոսների» այդպիսի բազմազանություն չկա, ինչպես Ֆրանսիայում, ոչ մի տեղ այնպիսի «պատմություններ» չկան, ինչպես այստեղ:
Եվ ես լուսանկարում եմ այն ամենն, ինչ հետաքրքիր է թվում: Սակայն կա մի քանի թեմա, որոնք ինձ առանձնահատուկ կերպով են հետաքրքրում: Սիրում եմ նկարել դետալներ, քանի որ հաճախ հենց դետալներն են մարդու մասին ավելի շատ տեղեկատվություն տալիս, քան ողջ կերպարը: Դրանք կարող են լինել ոտքեր և կոշիկներ, որոնք կրկնում են մարդու ոտնաթաթի ձևը և փոխում այն՝ կախված քայլվածքից: Դա կարող է լինել ձեռքի շարժում կամ դեմքին արտահայտվող հույզի մի «կտոր»:
Այս կնոջը ես լուսանկարել եմ Փարիզում՝ Լիոնի կայարանում: Նրա դեմքին ես դիտավորյալ չէի նայում: Ես ինքս պատկերացրի, որ նա խիստ դեմք ունի, առաջ եկած քիթ ու վերին ծնոտ, մեծ կլոր ճակատ և ետ սանրած մազեր: Իսպանուհի: Իսպանուհի՝ իր ողջ անցյալով, որի Historia de un Amor-ը գրված է դեմքին, յուրաքանչյուր խորը կնճիռում, շուրթերի անկյունում, շրթներկի գույնի մեջ, և «սոլերով» խեղված մատներում: Նա ֆլամենկոյի նախկին պարուհի է, որի յուրաքանչյուր պան պատմում է նրա կյանքի մասին:
Տիպիկ ֆրանսուհի՝ 50 տարեկանից մի փոքր բարձր տարիքի: Վանեսա Բրունո պայուսակով (ֆրանսուհիների մոտ վերջին տարիներին դա ամենատարածված պայուսակն է) նա թեթև է քայլում, ժպտում է: Իր գինը գիտի: Երկար հետևում էի նրան: Սեն Միշելի և Սեն Ժերմենի անկյունում կնոջը սպասում էր նա, ում մոտ կինը գնում էր թեթև քայլվածքով, ժպտալով: Գրկեց տղամարդուն և սկսվեց «պատմությունը»:
Սովորական ֆրանսիական օր: Սուրճ, ծխախոտ, գործերից, առօրյայից ոչ երկար ազատություն, պարզ ժամանց: Խաղաղություն, և դու՝ որպես դրա մաս, էպիզոդ:
Երկրորդ թեման, որը շատ եմ սիրում, մեջքից արված դիմանկարներն են: Կարելի է պատկերացնել, թե ինչ տեսք ունի մարդը, որին լուսանկարել են հետևից, թե ինչ է զգում այդ մարդը, որի դեմքը չի երևում:
Լուսանկարեցի Petit Palais-ում, երկար ոտքով քայլում էր: Նա երկար և ուշադիր զննում էր ցուցահանդեսի նմուշները: Սկզբում ակնոցով էր, հետո հանեց այն և առանց դրա մոտենում էր ցուցանմուշներին և զննում: Նրբագեղություն և կոկետություն: Ճիշտ է, բոլորովին ճերմակ է, սակայն մատնում է ականջի փոքր կարմիր դետալը. դեռ չի ծերացել:
Այս լուսանկարն էլ եմ Փարիզում արել: Գույները գրավեցին, ականջօղի ձևը և մի փոքր ձգված ականջը: Ընկղմվում եմ ինձ բացարձակ անծանոթ աշխարհ և զգացողությունների գիրկ:
Երրորդ թեման, որն ինձ մյուսներից շատ է հետաքրքրում, տարեցներն են: Մարդիկ, որոնց դեմքին երևում են ապրած կյանքի հետքերը, դիմախաղի ծալքերը, բազմանշանակ աչքերը: Նման դեպքերում գլխումս շատ պատմություններ են ծագում:
Քայլում է փողոցով, նայում ես, շուրջն արդեն ոչ ոք չկա: Շուրթերի ծայրերի հազիվ նկատելի ժպիտը խոսում է այն մասին, որ քո առջև նախկին Femme fatale է, և նրա թիկունքում շատ «մեղքեր» կան:
Շատ անմիջական կին էր: Կնճիռները հայտնվել էին մանկական ծալքերի տեղը, և նա կարծես ծերացած փոքր աղջնակ լիներ: Նստած էր փարիզյան սրճարանի պատշգամբում, կարմիր գինի էր խմում և անդադար խոսում ու հուզական արձագանք տալիս այն ամենին, ինչ տեղի էր ունենում շուրջը:
Այս կնոջը երբեք չեմ մոռանա: Նա մտավ Մոնպառնասի «Ռոտոնդա» սրճարան և այնքան էներգիա էր սփռում, որ միայն ուզում էիր լսել նրան: Ես ուզում էի իմանալ նրա ողջ կյանքի պատմությունը՝ մանկությունից մինչև հիմա: Նրա կյանքը թերևս ներառել էր ամեն ինչ՝ գայթակղությունների փոթորիկ, հիասթափություններ, ինքն իր հետ պատերազմ, ամենօրյա ճաշեր և յուրաքանչյուր կեսօր՝ «Ռոտոնդա» սրճարանում՝ վիսկիով և սիգարով:
Չորրորդ թեման սերն է: Ես այն փնտրում եմ միշտ և գտնում: Ուրախանում եմ, երբ երջանկությամբ լի դեմքեր եմ տեսնում: Այս երկու լուսանկարները կընտրեմ առանց մեկնաբանությունների: