Կիսատ մնացած կյանքեր
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ: 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ—ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը: 1991-94 թ. տեղի ունեցավ ղարաբաղյան պատերազմը, և երկու կողմից հազարավոր զոհեր եղան:
Հրադադարի համաձայնագիրը կնքվել է 1994 թ.-ին, սակայն կոնֆլիկտը մինչ օրս էլ շարունակում է մարդկային կյանքեր խլել:
1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսված պատերազմը մինչ օրս շարունակում է լինել Հարավային Կովկասի զարգացումը խոչընդոտող և չլուծված հակամարտություններից մեկը։
Ըստ հետազոտող—լրագրող Թաթուլ Հակոբյանի տվյալների, Ղարաբաղյան պատերազմի տարիներին, ինչպես նաև 1994-2017 թթ․ ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 9000-ից ավելի զոհ։
Այս ամենը նախապատրաստել էր Գրիգորի Առստամյանի հարսանիքի համար նրա մայրը` Գալյա Առստամյանը։ Որդին զոհվեց ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ 1992թ. Մարտակերտի շրջանի Կիչան—Չլդրան հատվածում: Գալյան, ով մի քանի տարի է ինչ մահացել է, իր համար այդ սուրբ դարձած իրերը որոշեց հավաքել, պահել ու ցուցադրել։ Դրանց սկսեցին աստիճանաբար ավելանալ այլ զոհերի հիշատակի մասին պատմող իրեր։
Invalid slider ID or alias.
Invalid slider ID or alias.
Ղարաբաղի Զոհված ազատամարտիկների թանգարանը հիմնադրվել է 2002թ. մայիսի 9-ին, «Զոհված ազատամարտիկների մայրերի միության» կողմից, որն էլ ղեկավարում էր Գալյան: 1992-ից սկսած այդ օրը հայերը նշում են, որպես Շուշիի ազատագրման օր։
1995թ.—ից Գալյան Ղարաբաղի գյուղերից ու քաղաքներից հավաքագրեց զոհված տղաների լուսանկարներ, անձնական իրեր և պատմություններ, որոնք հիմա ցուցադրվում են թանգարանի 3 սրահներում:
6000-ից ավելի ցուցանմուշներ կան թանգարանում՝ լուսանկարներ, անձնական իրեր, ինքնաշեն զենքեր, կիսանդրիներ և այլն:
Թանգարանը Ստեփանակերտի կենտրոնական մասերում է՝ քաղաքապետարանին մոտ, սակայն այնքան էլ տեսանելի վայրում չէ: Թանգարանը, որ հասարակական կազմակերպությանն է պատկանում, աջակցություն է ստանում Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից։
Թանգարանում կա ապրիլյան Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անկյուն: Այստեղ միայն Ղարաբաղում ապրած, ղարաբաղցի հանդիսացող զոհերի նկարներն են․ 26 հոգի: Զոհերից ամենաերիտասարդները Ղարաբաղի Մարտունի քաղաքից ընկերներ Յուրի Փարամազյանն ու Վլադիմիր Նարինյանն են՝ 20 տարեկան, ամենատարեցը` վարորդ Հրանտ Ղարիբյանը ՝ 69 տարեկան:
Թանգարանի այցելուների թիվը տատանվում է: 2015թ ունեցել են 18 հազար այցելու, 2016թ. թիվը կտրուկ նվազել է, հասնելով 4000-ի:
Գալյա Առստամյանի մահվանից հետո թանգարանը ղեկավարում է որդին՝ Արթուր Առստամյանը:
Թանգարանը համալրվում է գրեթե ամեն օր։
«Եթե նայենք, ապա պատերազմի տարիների նկարների հիմնական մասը սև ու սպիտակ են։ Նրանց կողքին ավելանում են գունավոր նկարները։ Ամեն նկար կախելիս ասում եմ՝ վերջինը լինի», — ասում է թանգարանի տնօրեն Արթուր Առստամյանը:
Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ: