Կինո՝ ճամփորդող արվեստի տեսակ
Հայաստանը առաջատար կինոարտադրող երկների շարքում չէ, դժվար է անգամ ասել, թե կինոինդուստրիան զարգացման միտում ունի: Խնդիրն այն է, որ Հայաստանը չունի կինոյի մասին օրենք ու պետական կինոստուդիա, և հիմնականում շեշտը դնում է մասնավոր փոքր ստուդիաների ներուժի ու միջազգային համաարտադրության վրա:
Զարգացման լուրջ խոչընդոտ է նաև լայն կինոցանցի բացակայությունը: Ֆիլմերը հիմնականում ցուցադրվում են մայրաքաղաքի միակ կինոթատրոնում և երկու հսկա խանութներում գործող մուլտիպլեքսային կինոդահլիճներում: Մեկ կինոթատրոն էլ կա Գյումրիում:
Այսչափ փոքր կինոցանցը թույլ չի տալիս սեփական արտադրության ֆիլմերի ցուցադրմամբ գումար վաստակել: Եվ շատ դեպքերում Հայաստանում կինոֆիլմերը արտադրվում են ոչ թե որպես բիզնես նախագծեր, այլ որոշակի հեղինակային դրոշմ կրող արվեստի գործեր, որոնց հմայքը երբեմն կասկածելի է:
Հայաստանում տարեկան արտադրվում է միջինը 2-3 գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ ու մի քանի տասնյակ կարճամետրաժ ու վավերագրական կինոժապավեններ: Կինոյի առանձնահատուկ ճյուղ են կազմում նաև թեթև կատակերգությունները, որոնք հիմնականում արտադրվում են հեռուստաընկերությունների ուժերով ու իրենց փոքր բյուջեի շնորհիվ կարողանում են դրամարկղային հաջողություններ ունենալ և հետ բերել ներդրված գումարները:
Հայաստանի կինոարտադրության (և ընդհանրապես բոլոր ոլորտների) զարգացմանը մեծապես նպաստում է աշխարհասփյուռ հայությունը: Հայկական սփյուռքը շատ ֆիլմերում մասնակցություն ունի: Ինչպես սփյուռքահայերի ֆինանսավորման, այնպես էլ մարդկային ներուժի ու կապերի շնորհիվ հայկական ֆիլմերը արտադրվում են ու իրենց հանդիսատեսին գտնում աշխարհի տարբեր երկրներում:
2015 թվականը հայկական կինեմատոգրաֆի համար նշանակալի էր առաջին հերթին իր սիմվոլիկ էությամբ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը այն թեման էր, որը արտացոլվեց հայաստանյան արտադրության գրեթե բոլոր ֆիլմերում: Եվ բնականաբար հենց այդ թեման էլ կարևոր էր սփյուռքի համար, որի առաջացումը ցեղասպանության ու գաղթի արդյունք է:
Պետական մակարդակով վերաիմաստավորվող ցեղասպանության մեկդարյա ոճրագործությունը ներկայացվեց տարբեր ժանրի ու որակի ֆիլմերում: Դեռ մի քանի տարի առաջ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը, որը կինոարտադրության պետական հիմնադրամ է, հայտարարել էր ցեղասպանության թեմայի հետ առնչվող ֆիլմերի նախագծերի մրցույթ, որը պետք է ընտրեր լավագույն նախագծերն ու ֆինանսապես աջակցեր դրանց:
Վերջին երկու տարիներին ստեղծվեցին կամ դեռ պատրաստման փուլում եմ գտնվում այն ֆիլերը, որոնք այսպես թե այնպես առնչվում են Օսմանյան կայրությունում տեղի ունեցած ցեղասպանությանը կամ անդրադառնում են հայ-ադրբեջանական խնդիրներին ու Արցախի պատերազմին:
Առանձնացնենք մի քանի ֆիլմեր, որոնք 2015 թվականի արտադրություն են ու հասցրել են ցուցադրվել ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր փառատոններում ու միջազգային ծրագրերում:
«Վարդապետի լռությունը» (ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան) ֆիլմը Կոմիտասի կյանքի վերջին տարիների մասին է, երբ եղեռնի ականատես մեծ երգահանը այլևս լռության ուխտ էր պահել:
«Վերջին բնակիչը» (ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան) պատմություն է ղարաբաղյան պատերազմի արդյունքում տեղահանված գյուղացիների ու մարդկային ողբերգությունների մասին:
«Երկար վերադարձ» (ռեժիսոր՝ Շավարշ Վարդանյան) ֆիլմը ֆրանսիացի բժշկի ու արցախցի աղջկա սիրային պատմություն է՝ ղարաբաղյան պատերազմի ֆոնին:
2015 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատուկ՝ «Ալևս երբեք» ծրագիր էր պատրաստել, որտեղ հավաքագրված էին ցեղասպանության վերքերին ու սպիերին նվիրված ֆիլմերը: Հատկապես հետաքրքիր էին գերմանական ու լեհական ֆիլմերը, որոնք վերաիմաստավորում են Հոլոքոստը:
Փառատոնի օրերին ցուցադրվեց ֆրանսիահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմը, որը ցեղասպանության ենթարկված հայերի թոռների ցավերի, խոհերի ու մեծ հաշվով՝ ժառանգած խնդիրների մասին է: Ուժին՝ ուժով, սրին՝ սրով, արյանը՝ արյունով պատասխանելու կամ շրջանցելու հավերժ երկընտրանքը դարձավ ֆիլմի մեխը: Եվրոպայում ապրող հայերի նոր սերունդը փորձում է հիշել ու շարունակել հայոց ցեղասպանության մեղավորների սպանությունը իրագործած Սողոմոն Թեյլերյանի քայլը:
Ընդհանրապես, երբ կինոն անդրադառնում է զանգվածային աղետներին, միշտ կարևորվում է անհատի, սովորական մարդու պատմությունը և նրա ճակատագրի արժևորումը: Մարդու կյանքը թերևս միակ արժեքն է, որը ցնցումային իրավիաճկներում (պատերազմներում, տեղահանություններում և այլն) ունակ է արվեստի նյութ դառնալ և դրանով հակադրվել անմարդկային որոշումներին:
Նման հումանիստական ուղերձ ունի Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» խաղարկային փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է Թուրքիայում աշխատող հինգ միսիոներ կանանց մասին: Հայկական ջարդերի օրերին այդ եվրոպացի կանայք կարողացան ոչ միայն բազմաթիվ հայ մանուկների կյանքեր փրկել, այլև պատմել աշխարհին տեղի ունեցող ոճրագործության մասին: Այս ֆիլմը հիմնված է բացառապես փաստերի ու իրական մարդկանց նամակների ու օրագրերի վրա:
Այսօր կինոյում փաստն ու փաստի մեկնաբանությունը անբաժանելի են: Մաքուր ժանրերի ու ֆորմաների ֆիլմերը արդեն սակավ հանդիպող են, և հաճախ՝ ժամանակավրեպ: Եվ անգամ գեղարվեստական կինոն, որը փաստերը չի կեղծում, այլ ընդամենը ներկայացնում է (ավելացնելով հնարված, ընդհանրացված հերոսների) դառնում է ժամանակի փաստաթուղթ:
Հայոց եղեռնը պատկերող առաջին ֆիլմը ստեղծվել է 1918 թվականին, արյունոտ դեպքերից ընդամենը երեք տարի անց: ԱՄՆ-ում նկարահանված «Հոշոտված Հայաստան» (ռեժիսոր՝ Օսկար Ափֆել) գեղարվեստական կինոնկարում տեղ են գտել նաև վավերագրական կադրեր: Ֆիլմի գլխավոր հերոսուհին և միաժամանակ դերակատարուհին եղեռնից մազապուրծ եղած Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանն է, որը հասել է Ամերիկա, դարձել կինոաստղ՝ իր հետ բերելով միլիոնավոր մարդկանց ողբերգությունը: Նա ինքն իրեն է խաղում ֆիլմում:
Եվ հիմա Հայաստանում «Ավրորա» միջազգային մրցանակ է հիմնադրվել, որը շնորհվելու է մարդկային կյանքներ փրկող անհատներին:
Սա այն դեպքն է, երբ կինոն ակտիվորեն ներխուժում է իրականություն ու ինքը թելադրում շեշտադրումները:
Ի վերջո, կինոն աշխարհով մեկ հեշտությամբ ճամփորդող արվեստի տեսակ է, որը հարցեր է ձևակերպում: Իսկ հարցերին արձագանքելն արդեն հանդիսատեսի գործն է: