«Առանց երաշխիքների ԵՄ դիտորդների դուրսբերումը սահմանից մարտահրավեր է». կարծիք Երևանից
Կերկարաձգվի՞ ՀՀ-ում ԵՄ առաքելության ժամկետը
2025 թվականի փետրվարին լրանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման երկու տարին: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հենց երկու տարի ժամկետով են անզեն դիտորդները տեղակայվել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում: Ներկա պահին ավելի քան 200 քաղաքացիական դիտորդներ են պարեկություն անում սահմանին: Պաշտոնական Երևանը պարբերաբար հայտարարում է՝ նրանց ներկայությունը խաղաղության և կայունության երաշխիք է:
Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք Հայաստանն ու Եվրամիությունը նախատեսում են երկարաձգել դիտորդների ներկայության ժամկետը: ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը լրագրողների հետ զրույցում չի հստակեցրել՝ Երևանը դիմե՞լ է առաքելության գործունեության ժամկետը երկարաձգելու խնդրանքով, թե՞՝ ոչ:
«Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է»,- հայտարարել է դեսպանը:
Թեև տևական ժամանակ է, ինչ թեման քննարկվում է, սակայն Հայաստանի իշխանությունները չեն շտապում պարզաբանմամբ հանդես գալ:
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հիշեցնում է՝ ադրբեջանական կողմի գաղտնազերծումների համաձայն՝ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի շարքում է նաև սահմանին երրորդ երկրների ներկայության բացառումը: Շեշտում է՝ այդ կետի տակ Բաքուն դիտարկում է նաև սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդներին:
Ասում է՝ եթե Եվրամիության դիտորդների դուրսբերում տեղի ունենա երաշխիքների բացակայության պայմաններում, Հայաստանը կարող է բախվել մարտահրավերների․ «Ադրբեջանը կարող է ցանկացած պահի նորից սադրանքներ իրականացնել»:
2023 թ.-ի փետրվարին Հայաստան ժամանեցին 100 քաղաքացիական դիտորդներ, ամիսներ անց նրանց թիվը կրկնապատկվեց։ ԵՄ դիտորդական առաքելությունն այս ընթացքում ձևավորել է մի քանի գրասենյակներ՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում և Իջևանում: Գրասենյակային աշխատանքներից բացի դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում սահմանամերձ շրջաններում:
Տեղակայումից ի վեր պաշտոնական Բաքուն քննադատում է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, նշում, որ այն սահմանին է տեղակայվել առանց իր համաձայնության: Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հանդես է գալիս նոր մեղադրանքներով և հայտարարում, որ դիտորդները «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի նախապատրաստման համար»:
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է՝ Եվրամիության դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ որոշման կայացումը ձգձգվում է՝ կապված հայ-ադրբեջանական բանակցությունների հետ: Մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի, որտեղ Բաքվի գաղտնազերծած տեղեկությունների համաձայն՝ կա չհամաձայնեցված կետ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայության բացառման վերաբերյալ.
«Երրորդ երկրների զինվա՞ծ ուժեր չպետք է լինեն, թե՞ նաև քաղաքացիական ուժեր: Ենթադրում եմ, որ սրա վերաբերյալ դեռևս քննարկումներ են ընթանում»:
Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ մինչև 2025 թ.-ի փետրվար դժվար թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրեն, ուստի մեծ հավանականությամբ՝ առաջիկայում քաղաքացիական առաքելության ժամկետը կերկարաձգվի:
Քաղաքագետի գնահատմամբ՝ հավանական է, որ Երևանը քննարկում է այլ ձևաչափով ԵՄ առաքելությունը Հայաստանում պահելու տարբերակներ:
Ասում է՝ կարող են սահմանից շատ ավելի հետ կանգնել, գործունեությունը շարունակել միայն կենտրոններում, ոչ թե պարեկությամբ: Չի բացառում, որ կարող է տեղի ունենալ նաև առաքելության գործառույթների փոփոխություն:
«Առաքելությունը կարող է վերաձևակերպվել, օրինակ՝ իրականացնել հայ-ադրբեջանական պայմանագրի կետերի պահպանման հետ կապված որոշակի գործունեություն»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա։
Ենթադրում է, որ գործառույթների հնարավոր փոփոխման հարցը կախված կլինի նրանից, թե ինչի անհրաժեշտություն կլինի և ինչ համաձայնություն ձեռք կբերեն Հայաստանն ու Եվրամիությունը:
Ղևոնդյանը շեշտում է՝ սահմանից դիտորդների դուրսբերումը տրամաբանական կլինի միայն այն դեպքում, եթե ներդրվեն այլ երաշխիքներ:
Մասնավորապես՝
- ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային խաղաղապահներ,
- ՄԱԿ-ի հովանու ներքո դիտորդներ,
- հայ-ադրբեջանական պայմանավորվածություն սահմանից 5 կամ 10 կմ հեռավորության վրա որևէ ռազմական ներկայություն չունենալու մասին:
«Եթե համաձայնություն է ձեռք բերվում առանց այդ երաշխիքները կոնկրետ նշելու և դրանց իրականացման ուղիները բացահայտելու, այդ դեպքում ԵՄ դիտորդների դուրսբերումն ակնհայտորեն կարող է մարտահրավեր լինել՝ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի նորից սադրանքներ իրականացնել»,- ընդգծել է նա:
JAMnews-ը քաղաքագետից հետաքրքրվել է՝ որքանո՞վ է հավանական, որ երկու տարի անց Բաքուն կհամաձայնի համագործակցել առաքելության հետ: Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պետեր Ստանոն «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել էր, որ նախորդ ամիս ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին ասել է՝ առաքելությունը պատրաստ է համագործակցության նաև Բաքվի հետ:
«Չեմ կարծում, թե դա հավանական է: Ադրբեջանը ՌԴ դրդմամբ ամեն ինչ անում է, որ ԵՄ դիտորդները դուրս գան սահմանից: Այս իրավիճակում պատկերացնել, որ Ադրբեջանը կարող է համաձայնել մի բան էլ համագործակցել այդ դիտորդների հետ, կարծում եմ՝ իրատեսական չէ»,- ամփոփել է Ղևոնդյանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կերկարաձգվի՞ ՀՀ-ում ԵՄ առաքելության ժամկետը