Կեմերովոյից հետո Հայաստանում կրկնակի զգոնություն է հայտարարվել
Կեմերովոյում մարտի 25-ին տեղի ունեցած ողբերգությունը Հայաստանում քննարկվում էր ամեն քայլափոխի, ոչ մեկին անտարբեր չէր թողել՝ ուրիշի երեխաներ չեն լինում: Հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա տեղի ունեցածն այստեղ զգոնության կոչ դարձավ. հաշված օրերի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարությունը նպատակային ուսումնասիրություններ իրականացրեց մարդկանց զանգվածային ներկայության ավելի քան 50 օբյեկտներում՝ սրճարաններում, խոշոր առևտրի կենտրոններում, ժամանցի սրահներում:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը բացատրում է. սրանք ոչ թե տեսչական ստուգումներ են, այլ նպատակային ուսումնասիրություններ, նախարարն անձամբ է հանձնարարել արտակարգ ուշադրությամբ իրականացնել հետազոտությունները: Խուճապի պատճառ չկա, բայց աչքը տեսածից է վախենում:
«Մարզամշակութային օբյեկտներում, խոշոր առևտրի կենտրոններում, հյուրանոցներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինտենսիվ ուսումնասիրություններ ենք իրականացնում, որոնք այսօր էլ ընթացքի մեջ են: Կարող եմ մեկ բան հստակ ասել՝ կրիտիկական վիճակ որևէ տեղ չենք արձանագրել: Իհարկե, թերությունները շատ են, հրդեհատեխնիկական անվտանգության կանոնների մանր խախտումներ կան գրեթե բոլոր օբյեկտներում, սակայն դրանք մարդկային կյանքեր չեն արժենա: Դրանք, հիմնականում, ռեժիմային բացթողումներ են»,— ասում է Հայրապետյանը:
Հայաստանում անվտանգության կանոնների վերահսկման առումով հիմնական խնդիրն այն է, որ 2015 թվականից հետո որևէ կառույցում տեսչական ստուգումներ չեն իրականացվել: Այդ ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և բիզնեսը անհարկի տեսչական միջամտություններից զերծ պահելու համար արգելեց ստուգումներ իրականացնել: Այս որոշումը երկարաձգվում էր ամեն տարի: 2018 թ.-ին, սակայն, այժմ գործող վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն այս որոշումը չի երկարաձգել, և ստուգումները վերջապես հնարավոր են դարձել:
ԱԻՆ կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվտանգության իմաստով իրավիճակը տարբեր է: Համեմատաբար նոր կառուցված շենքերում հաշվի են առնված անվտանգության գրեթե բոլոր կանոնները:
«Եթե փորձենք օրինակներով ասել, գրեթե անթերի վիճակ է «Դալմա», «Ռիո» և «Երևան մոլ» առևտրի կենտրոններում, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ են կառուցվել: Ավելի վատ վիճակ էր, օրինակ, «Տաշիր» առևտրի կենտրոնում: Մաշտոցի պողոտայում գտնվող «Պրոսպեկտ մոլ» առևտրի կենտրոնի մանկական ժամանցի վայրում՝ «Մադագասկարում», ևս լուրջ թերություններ ենք գտել, որոնք, ըստ կարգի, արձանագրել ենք»,- պատմում է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետը:
Սերգեյ Հայրապետյանը մանրամասնում է. օբյեկտները պետք է ապահովված լինեն տարհանման համապատասխան ելքերով, հակահրդեհային պաշտպանության համակարգերով՝ հրդեհի ազդանշանային, ծխահեռացման, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերով, ջրամատակարարման ներքին մեխանիզմներով, կրակմարիչներով, տարհանման պլաններով:
ԱԻՆ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի քանի ժամկետնանց կրակմարիչներ, տարհանման պլանների ոչ բավարար քանակ և նման՝ ոչ կապիտալ թերացումներ: Դրանց հիման վրա կարգադրագրեր են պատրաստել՝ արձանագրված բոլոր թերությունները վերացնելու վերաբերյալ: Օբյեկտների սեփականատերերը պարտավոր են խելամիտ ժամկետներում վերացնել դրանք, հակառակ դեպքում, ԱԻՆ-ը կդիմի ավելի կտրուկ մեթոդների՝ վարչական պատասխանատվությունից մինչև օբյեկտի գործունեության կասեցում:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետը նման ռադիկալ միջոցների դիմելու դեպքեր վերջին տարիներին չի հիշում. Բացառություն են եղել գազալցակայանները, որոնցում վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք պայթյունները ստիպել են առավելագույն խստություն դրսևորել:
«Երևան մոլ» առևտրի կենտրոնում անվտանգությանը լուրջ են մոտենում: Կեմերովոյի դեպքերից հետո՝ առավել ևս: Այստեղ անվտանգության համակարգերը միացված են համակարգիչներին, որոնց առջև 24-ժամյա հերթապահություն է իրականացվում:
Առաստաղներին ամրացված հրդեհաշիջման 6000-ից ավելի սպինկլեռային գլխիկներից յուրաքանչյուրը 9 քառակուսի մետր տարածք է ծածկում: Կրակմարիչները և տարհանման պլանները փակցված են տեսանելի վայրերում, անհրաժեշտության դեպքում մարդկանց տարհանում կարող է իրականացվել միանգամից 7 ելքերի միջոցով:
«Երևան մոլը» անվտանգության 30 աշխատակից ունի, ովքեր արտոնագրված պահնորդներ են և անցել են համապատասխան պարտադիր հրահանգավորում, իսկ հակահրդեհային անվտանգության համակարգի աշխատունակության հերթական ստուգումն իրականացվել է մարտի 22-ին:
Չնայած ընդհանուր դրական պատկերին Երևանի մարդաշատ օբյեկտներում՝ հայտնաբերվել են նաև լուրջ խնդիրներ: Օրինակ, Պրոսպեկտ մոլի 3-րդ հարկում գտնվող «Մադագասկար» մանկական ժամանցի սրահում չի եղել տարհանման երկրորդ ելք, իսկ «Տաշիր» առևտրի կենտրոնում կրակմարիչները «թաքցված» են եղել մասնավոր բուտիկների տարածքներում, հրդեհի ազդանշանային և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր ուղղակի չեն եղել:
|
Դպրոցների և մանկապարտեզների դեպքում ուսումնասիրությունների ընթացակարգային տարբերություններ չկան. դրանք ևս դիտարկվում են որպես հերթական օբյեկտ: Բայց Հայրապետյանի խոսքով, այստեղ կրկնակի ուշադիր ու սրտացավ են աշխատում՝ չէ՞ որ երեխաների կյանքի հարց է կանգնած: Այս հաստատություններում ուսումնասիրությունները, սովորաբար, իրականացվում են ուսումնական տարվա մեկնարկից առաջ: Եթե հարկ է լինում, նաև տարվա ընթացքում: Տարեկան առնվազն մեկ անգամ:
Այստեղ խնդիրն ավելի շատ փոքր բյուջեով է պայմանվորված: Պետության հոգացության տակ գտնվող հաստատություններում անգամ վարդակի վերանորոգումը ծախս է համարվում, իսկ թանկարժեք համակարգերի ձեռքբերումը արդեն լուրջ խնդիր է: Պետությունը ժամանակ առ ժամանակ հաստատություններին համապատասխան սարքավորումներ տրամադրում է, սակայն դրանով բոլոր խնդիրները չեն լուծվում:
[youtube youtubeurl=”tMYZLoe-nXg” ][/youtube]
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետը խոստովանում է՝ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո իրենց հեղեղել են տարբեր կառույցներից ստացվող զանգ-խնդրանքներով՝ արտահերթ ստուգումներ իրականացնելու մասին: Իր խոսքով, ոչ մեկին չեն մերժել, պատրաստ են օր ու գիշեր ուսումնասիրել ու կրթել մարդկանց, միայն թե դժբախտ պատահարների մասին զանգեր չստանան:
«Չի կարելի խնայել ոչ մի դրամ ինչպես անվտանգության ապահովման մեխանիզմների, այնպես էլ անձնակազմի պատրաստվածության վրա: Չնայած, որ երկուսն էլ, ըստ օրենքի, օբյեկտի սեփականատիրոջ պարտականությունն է, ԱԻՆ-ը պատրաստ է անել ամեն բան՝ աշխատակիցների համապատասխան պատրաստվածությունն ապահովելու համար», — գտնում է Հայրապետյանը: